ԵԹԵ ԴԵՄ ԵՔ, ԻՆՉՊԵՍ ԵՔ ԴՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ ՏԵԽԶՆՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ. ՔՆՆԱՐԿՈՒՄ` ԱԺ-ՈՒՄ
Արխիվ 12-16
ԵԹԵ ԴԵՄ ԵՔ, ԻՆՉՊԵՍ ԵՔ ԴՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ
ՏԵԽԶՆՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ. ՔՆՆԱՐԿՈՒՄ`ԱԺ-ՈՒՄ
Այսօր պաշտպանության հարցերի եւ մշտական հարցերի հանձնաժողովում քննարկվում է պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի` Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց նախագծի բովանդակությունը` մեքենաների տեխզննում անցկացնել հանրային տրանսպորտի համար երեք տարին մեկ, բայց խստացնել չափանիշները: Անկախ պատգամավոր, հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանն ու Հովհաննես Մարգարյանը վստահ են` տեխզննումը ձեւական բնույթ է կրում: «Թուղթ է վաճառվում մեր բնակչին»,- ասաց պրն Մարուքյանը, ապա առաջարկեց` դրական եզրակացություն տալ այս նախագծին:
Անկախ պատգամավորը, սակայն, իրականում դեմ է տեխզննման գործընթացին, ավելին` իր անձնական կարծիքով պետք է վերացնել տեխզննումը:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց` եթե Մարուքյանը դեմ է տեխզննման գործընթացին, ինչպես է դրական արտահայտվում վերոնշյալ նախագծի մասին:
Մարուքյանը պարզաբանեց`չի բացառվում` նախագծի մեծ օրակարգ ընդունվելու դեպքում նա առաջարկի նախագծի համահեղինակներին ընդհանրապես հանել տեխզննման պարտադիր պայմանը եւ տեխզննման կտրոնը դիմապակուն փակցնելուն: «Ես դեմ եմ քաղաքացիներին թուղթ վաճառելուն, կեղծ զննմանը: Բայց ասեմ`խոսքը չի վերաբերում հանրային տրանսպորտին, տաքսիներին, քանի որ դրանց կանոնակարգումներն այլ են: Խոսքը մասնավոր եւ ֆիզիկական անձանց է վերաբերում: Նրանց համար պետք է վերացնել տեխզննումը, որովհետեւ մեր ճանապարհային երթեւեկության կանոնները բավական խիստ են»,- ասաց Մարուքյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162121&l=am/