ՓՈԽԵ՞Լ, ԹԵ ՉՓՈԽԵԼ ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ. ՍԱ Է ԽՆԴԻՐԸ
Արխիվ 12-16
ՍԱ Է ԽՆԴԻՐԸ
Տարիներ առաջ Հայաստանի պետական օրհներգը փոխելու համար ծավալվեց բուռն քննարկում` ոմանք կողմ արտահայտվեցին, նույնիսկ առաջարկեցին իրենց ստեղծագործությունները որոշ չափով փոփոխել եւ դարձնել օրհներգ: Նույնիսկ ռաբիսի արքա, երջանկահիշատակ Արամ Ասատրյանն էլ առաջարկում էր իր "Անկախ Հայաստան" երգը դարձնել ՀՀ օրհներգ: Այնուամենայնիվ, այդ ընթացքում հայտարարվեց մրցույթ եւ նույնիսկ մրցույթին մասնակցող 85 ստեղծագործություններից կրկին նախապատվությունը տրվեց Ա. Խաչատրյանի "Սովետական Հայաստան"-ին, բայց մինչեւ այսօր ՀՀ պետական օրհներգը մնաց նույնը` "Մեր հայրենիքը", (տեքստը` Միքայել Նալբանդյանի, երաժշտությունը` Բարսեղ Կանաչյանի): Օրհներգը փոխելու թեման օրերս կրկին երաժշտագետների քննարկման կիզակետում էր: Բայց, ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ օրհներգի փոփոխությանը շատերը դրական, մի մասն էլ բացասական արտահայտվեցին: Ի վերջո, թեայս անգամ բարձրացրած հարցը ինչ հանգուցալուծում կստանա, "Իրավունքը" փորձեց պարզել մի շարք կոմպոզիտորներից:
"ՄԻՆՉԵՎ ՉՍՏԵՂԾՎԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ` ՈՉԻՆՉ
ՊԱՐԶ ՉԻ ԴԱՌՆԱ"
Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ.
-Կփոխվի մեր հիմնը, թե` ոչ, չեմ կարող ասել: Մինչեւ չստեղծվի հատուկ հանձնաժողով, ոչինչ պարզ չի դառնա:
"ՄԵՐ ՀԻՄՆԻ ՀԱՐՑՈՒՄ ՃԻՇՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ"
"Տաղարան" հնագույն երաժշտական համույթի ղեկավար, կոմպոզիտոր ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆ.
-Արդեն 25 տարի է` խոսում են ՀՀ հիմնը փոխելու մասին, որովհետեւ մեր հիմնի հարցում ճիշտ ընտրություն չի կատարվել: Այսօրվա պաշտոնական հիմնը ժամանակին երգվել է` որպես հեղափոխական շարժման, վերելքի, հայրենիք ունենալու մտասեւեռմանը նպատակաուղղված, քաջալերող երգ: Մենք 70 տարի հետո, որպես Հայաստանի հիմն երգեցինք Արամ Խաչատրյանի մեղեդին` "Սովետական Հայաստանը" (երաժշտությունը` Արամ Խաչատրյանի, տեքստը` Արմենակ Սարգսյանի), որը շատ հայեցի էր: Այս երգում, որտեղ կա Սովետական Հայաստան բառը, շատ հեշտությամբ կարելի է փոխել ազատ, անկախ Հայաստանով: Այս հիմնը արմատներով կառչած է հեթանոսական, քրիստոնեական, նախաքրիստոնեական շրջանին, ուստի այս հանգամանքը գիտակցելով` պետք է պահպանվեր այդ մեղեդին: Պետք չէ 20-30 տարի եւս ապրել սխալով: Մեծն Կոմիտասն իմ Աստվածն է, բայց ես նույնիսկ կողմ չեմ, որ հիմն դառնա Կոմիտասի "Հայաստանը": Այն առաջարկողները մոռանում են, որ ստեղծագործությունն իր ներքին ռիթմիկայով չի կարող ենթարկվել քայլերգայինի ռիթմիկային: Ի վերջո, օրհներգերն ինչ-որ տեղ նաեւ քայլերգեր են:
"ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱՎԵԼԻ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ Է, ՔԱՆ "ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ""
Կոմպոզիտոր ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆ.
-Մեր ներկայիս հիմնը արտահայտում է ամբողջ հայ ժողովրդի ազատագրական պայքարը` 19-20-րդ դարերի սկզբներին: Հիմնը մեզ համար դարձել է մի տեսակ սիմվոլ: Նախկինում նոր հիմն ստեղծելու փորձեր արվել են եւ նույնիսկ մի քանի ստեղծագործություններ ներկայացվել, սակայն դրանցից ոչ մեկը դեռեւս հաջողություն չի ունեցել: Շատ է խոսվում Արամ Խաչատրյանի հիմնի մասին, որի բառերը պետք է փոխեն, իսկ երաժշտությունը թողնեն նույնը: Բայց ես չեմ կարծում, որ Ա. Խաչատրյանի երաժշտությունը ավելի լավատեսական է, քան "Մեր հայրենիքինը":
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ https://iravunk.com/sim/?p=156353&l=am/