Հայաստանի համար շրջափակումից դուրս գալու իրական հնարավորություն է ստեղծվում
Արխիվ 16-20
Օրերս Երեւանում կայացավ Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովը, որի ընթացքում հնչեցին ելույթներ` ամենաբարձր մակարդակով, ինչպես հատուկ հրավիրված հյուրերի, այնպես էլ հայրենի տնտեսության զարգացմամբ մտահոգ գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից: ԵՏՄ անդամ երկրների տնտեսական հնարավոր առաջընթացի, հայաստանյան իրականության եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերություների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Կովկասագետների գիտական միավորման նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՐԻԼՈՎԻ հետ, որը նույնպես մասնակցում էր վերոնշյալ համաժողովին:
«ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ Է ՏՈՒԺՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻՑ»
–Պարոն Կրիլով, ըստ Ձեզ, պետք է խոսե՞լ եվրասիական գործընկերության մասին, թե՞ կոնկրետ քայլեր անել տնտեսության զարգացման համար:
– Տնտեսության մեջ լուռ ինչ-որ բան անել հնարավոր չէ, հետեւաբար պետք է այդ ամենը քննարկել, ընդ որում` քննարկել փորձագիտական մակարդակով նման մասշտաբային միջոցառումների ժամանակ: Այնպես որ, այսպիսի համաժողովների անցկացումը միայն կարելի է ողջունել: Մայիս ամսին ես մասնակցել եմ նաեւ ռուս-բելառուսական տարածաշրջանային երրորդ համաժողովին եւ կարող եմ համեմատել: Ընդանուր առմամբ` ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ այս ամենը բերում է որոշակի առաջխաղացման, համագործակցման տնտեսության զարգացման մեջ: Ըստ իս, այսպիսի համաժողովների կարեւոր խնդիրն այն է, որ կարողանան ստեղծել զուգահեռ կապեր եւ կարգավորել դրանք: Մեր հետխորհրդային հանրությունը շատ է տուժում տարբեր տեսակի մենաշնորհներից` կապված իշխանությունների, օլիգարխների հետ եւ այլն: Եվ եթե այսպիսի համաժողովների շնորհիվ ստեղծվեն համագործակցային կապեր տարածաշրջանային հարթությունում` առանձին շրջաններում եւ քաղաքներում, ապա այն կարող է մեծ օգուտ բերել հենց օրինակ այդ մենաշնորհների վերացման ուղղությամբ, որոնք խեղդում են մեր տնտեսությունը, ինչպես նաեւ խեղդում են համագործակցությունը Եվրասիական միությունում:
– Վերջերս շատ է խոսվում չինական տնտեսական Մետաքսի ճանապարհի մասին: Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այն կյանքի կկոչվի:
– Իհարկե, իրատեսական է, որովհետեւ Չինաստանը հիմա ակտիվ զարգանում է: Ճիշտ է, շատերը տալիս են հակասական կանխատեսումներ Չինաստանի տնտեսական ապագայի մասին, բայց այդպիսի կանխատեսումներ հնչում են նաեւ Եվրամիության, ԱՄՆ-ի եւ այն պետությունների հասցեին, որոնք հիմա համարվում են առաջատար ու առավել հաջողակ: Այնպես որ, միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե այդպիսի նախագծերից որոնք կլինեն հաջողված, իսկ որոնք` ոչ: Կարծում եմ` մեզ համար համագործակցությունը Չինաստանի եւ, ընդհանրապես, Հարավ-արեւելյան Ասիայի, Հարավային Ասիայի հետ կարող է ունենալ շատ մեծ նշանակություն Եվրասիական միության զարգացման համար: Չմոռանանք, որ չինացիներն այս նախագծով ոչ թե ուղղակի ճանապարհ են սարքում, այլ այդ նախագիծը ներառում է նաեւ հարակից տարածքների զարգացում, որի նշանակալի մասն անցնում է Եվասիական տնտեսական միության անդամ երկրներով: Բացի դրանից, սա նաեւ տրանսպորտային կապ է ստեղծում Ասիայի եւ Եվրոպայի միջեւ: Հետեւաբար, իմ կարծիքով, այստեղ հնարավորությունները մեծ են, եւ ընդհանրապես պատճառ չկա բացասական վերաբերմունքի արժանացնել այս նախագիծը:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ, ՈՐԻՑ ԿՕԳՏՎԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
–Այս նախագծում տեսնո՞ւմ եք Վրաստանին, որովհետեւ եթե չեմ սխալվում, Դուք սկսել եք նախագիծ մշակել Վրաստան-Դաղստան ուղղության վերաբերյալ:
– Սա բոլորովին այլ բան է եւ ոչ մի կապ չունի Չինաստանի հետ, թեեւ կային հայտարարություններ այն մասին, որ չինացիները ցանկանում են մասնակցել Հյուսիսային Կովկասից դեպի Աբխազիա ճանապարհի կառուցմանը: Չգիտեմ, թե որքանով այն կարող է իրականություն դառնալ: Իսկ ահա Վրաստանի հետ կապված կան երկարաժամկետ սցենարներ, որոնց վրա մենք, իսկապես, աշխատում ենք: Խնդիրն այն է, որ այն ներուժը, որն առաջացել է Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո, մեծ հաշվով գործարկվել է: Ինչպե՞ս առաջ գնալ, այդքան էլ պարզ չէ, քանի որ ռուսական խանութները լի են վրացական ապրանքներով, հատկապես գինիներով, որոնք ուղղակի աչք են ծակում, նույնը կարելի է ասել հայկական գիների մասին: Եվ Վրաստանում սպասում են` կլինի՞ հետագա առեւտրային առաջընթաց, թե՞ մենք կանգ կառնենք: Հնարավոր է որոշակի քաղաքական գործընթացներ կբերեն այնպիսի երեւույթի, որը կլինի հետադարձում` «ատկատ»: Ուստի` մենք պետք է ինչ-որ հետաքրքիր բան առաջարկենք Վրաստանին: Իսկ երկրորդ գործոնը կապված է նրա հետ, որ Հայաստանի սահմանների բացման հարցը լուծված չէ: Եվ այստեղ սպասել երկաթգծի ճանապարհի բացմանը Ադրբեջանի կամ Աբխազիայի միջով, այն եւս անհնարինի դաշտից է, որովհետեւ Վրաստանը շատ կախված է Թուրքիայից ու Ադրբեջանից, որպեսզի կարողանա թույլ տալ իրեն այս հարցում ինքնուրույն քաղաքականություն վարել: Բայց մենք այլընտրանք ունենք. բացել ճանապարհներ Դաղստանի եւ Կախեթիայի միջով: Այնտեղ ժամանակին եղել են գրունտային ճանապարհներ, եւ կարելի է երկաթգիծ անցկացնել: Ի դեպ, Դաղստանի կառավարությունը ակտիվորեն պաշտպանում է այդ գաղափարը, քանի որ նրանց համար էլ սա իրական հնարավորություն կտա զարգացնել խուլ շրջանները եւ դառնալ քաշող ուժ Հյուսիսային Կովկասի զարգացման համար: Հայաստանի համար եւս սա կարող է լինել իրական հնարավորություն` շրջափակումից դուրս գալու, իհարկե` ոչ լիովին: Եթե բացվեին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ճանապարհները, սրա անհրաժեշտությունը նույնիսկ չէր էլ լինի, քանի որ այնտեղ արդեն երկաթուղային ճանապարհ կա: Բայց այս իրավիճակում, երբ մոտակա ժամանակներում կոնֆլիկտային հարցերը չեն լուծվում, պետք է մտածել այլընտրանքի մասին: Եվ սա կլինի հետաքրքիր այլընտրանք, որովհետեւ Վերին Լարսի ճանապարհը շատ խոցելի է` ե՛ւ բնության, ե՛ւ քաղաքականության տեսանկյունից: Որքան շատ լինեն ուղիները, այնքան անվտանգ կլինեն ճանապարհները: Հենց օրերս մի ավտոբուս էր վթարվել, որ գալիս էր Մոսկվայից Հայաստան, սա եւս խոսում է այն մասին, որ այդ ճանապարհները ծայրահեղ վտանգավոր են բոլոր առումներով: Դրա համար մեր ինստիտուտի անունից պատրաստում ենք հիմնավորում, որպեսզի այս ուղղությամբ առաջարկենք իրական նախագծեր: Այս հարցում ոչ միայն մենք ենք շահագրգռված, այլ նաեւ Դաղստանը, հետեւաբար մտածելու կարիք կա:
«ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է»
–Անդրադառնանք նաեւ հայաստանյան իրականությանը, մասնավորապես` ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ձեւավորած կառավարությանը: Հետաքրքիր է` Ձեր տեսակետն այս ամենի շուրջ:
– Կարեն Կարապետյանի ղեկավարմամբ դեռ ամեն ինչ նոր է սկսվում: Որքան գիտեմ, առաջին քայլերը բավական դրական արձագանք են գտել Հայաստանում, որովհետեւ անպիսի դեմքեր, որոնք աներեր էին թվում, եւ որոնք հոգնեցրել էին հայ հասարակությանը, նա կարողացավ հեռացնել բարձր պաշտոններից, որոնք նրանք զբաղեցնում էին: Թե որքանով նրան կհաջողվի շարունակել առողջացման գործընթացը իշխանության մեջ, կտեսնենք: Բայց նորանշանակ վարչապետն ունի ժամանակային սահմանափակում` մինչեւ ապրիլի սկիզբ, երբ կսկսվեն խորհրդարանական ընտրությունները, եւ կլինի խորհրդարանական նոր կազմ: Իսկ այդ ժամանակ Հայաստանը շատ խոցելի իրավիճակում կհայտնվի, որովհետեւ նմանատիպ ընտրությունների ժամանակ միշտ գտնվում են ներքին եւ արտաքին այնպիսի ուժեր, որոնք փորձում են տարբեր սցենարների միջոցով ապակայունացնել երկրի ներքաղաքական վիճակը: Հետեւաբար, այդ ժամանակն այդքան էլ նպաստավոր չէ ռեֆորմների անցկացումը` կադրային կտրուկ փոփոխությունների առումով: Այնպես որ, իրավիճակն այստեղ բավականին բարդ է, բայց սկիզբը խոստումնալից է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=13268&l=am/