Երուսաղեմի Հայոց Պատրիարքը բողոք է հայտնել Իսրայելի ԱԳՆ
Արխիվ 16-20
Երուսաղեմում ապրիլի 7-ին ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների ու հոգևորականների միջև տեղի ունեցել միջադեպ, որի կապակցությամբ Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարում Տիրոջ Հարությունը խորհրդանշող արարողությունից հետո:
Միջադեպի հետ կապված Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետի ֆեյսբուքյան գրառումը` արևմտահայերերով, մեջբերում ենք ստորև.«Ապրիլի 7-ին, Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը` հիւր հոգևորականների, բազմաթիւ ուխտաւորների և սաղիմահայերի հետ միասին Սուրբ Յարութեան Տաճարում նշեց Տիրոջ Յարութիւնը խորհրդանշող Լուսաւորեայի արարողութիւնը:
Սուրբ Յարութեան Տաճարի դուռը, ինչպէս սահմանուած է Status Quo-ով, բացեց Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի Աւագ Թարգմանը: Միաբանութիւնը Սուրբ Յարութեան Տաճար Մուտք գործեց երկու հանդիսաւոր թափօրներով:
Գերեզմանից Տիրոջ հրաշափառ Յարութիւնը խորհրդանշող լոյսը հանեց Հոգշ. Տ. Ասպետ Վրդ. Պալեանը, ով Ս. Գերեզման մտաւ Երուսաղէմի Յունաց պատրիարքի հետ: Ս. Յարութեան տաճարում արարողութիւնը աւարտուեց Ս. Գերեզմանի շուրջ եռադարձ թափօրով: Վանք վերադարձին, թափօրը շարունակուեց շուկայից մինչև Սրց. Յակոբեանց տաճար:
Երուսաղէմում, Լուսաւորայի արարողութիւնը կատարուեց ըստ Status Quo-ով սահմանուած կարգի, առանց որևէ խախտման:
Ցաւօք, պէտք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցաւ միջադէպ` ոստիկանութեան և համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների միջև: Անհամաձայնութիւնը հարթուեց անմիջապէս, սակայն ձերբակալուեց մեր հայրենակիցներից մէկը, ով մի ժամ յետոյ ազատ արձակուեց:
Դէպքի վերաբերեալ Երուսաղէմի Հայ Պատրիարքը իր բանաւոր բողոքն է յայտնել Իսրայէլի Արտաքին Գործոց Նախարարութեան ներկայացուցիչներին»:
https://iravunk.com/sim/?p=54444&l=am/