Հայաստանը ԵՄ-ից 23 մլն եվրոյի աջակցություն կստանա. Հայտնի է՝ ինչ նպատակներով է այն ծախսվելու
ՏնտեսությունԿառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 23 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։
- Մասնավոր հատվածի բարձր մրցունակություն՝ սոցիալ-տնտեսական ավելի մեծ ազդեցություն ունենալու և ներդրումներ ներգրավելու համար:
Այս համատեքստում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ինկուբացիային և արագ զարգացմանը, բիզնեսների վերականգնմանը, տեղական համայնքներում զարգացման նախաձեռնություններին և ներդրումներին, քաղաքային և սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում իրականացվող միջոցառումներին, երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի ներգրավմանը և կարողությունների հզորացմանը, Սփյուռքի ներգրավմամբ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի և ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրմանը:
- Ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում:
Նպատակի ներքո աջակցություն կտրամադրվի սոցիալական պաշտպանության համակարգի ծառայությունների, մեխանիզմների ու մարդկային ռեսուրսների կարողությունների հզորացմանը, Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ռազմավարության և Միասնական սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարության մշակմանը և իրականացմանը, միջազգային չափորոշիչներին համապատասխան Հայաստանում հաշմանդամության գնահատման և համապատասխանության որոշման համակարգի ներդրմանը: Օժանդակություն կտրամադրվի ոլորտային վարչական համակարգերի կարողությունների և ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի և ծառայությունների ընդլայնմանը:
Աջակցություն կցուցաբերվի նաև փորձնական թիրախային ծրագրերին և նախաձեռնություններին՝ Սյունիքում, ինչպես նաև սահմանամերձ այլ շրջաններում բարդ ու բազմակողմ ռիսկերը վերացնելու և ցնցումների ենթարկված խմբերի կարիքներին առավել լավ արձագանքելու նպատակով: