Ջիվանու տուն-թանգարանում ցուցանմուշների համալրում չի եղել (տեսանյութ)
Արխիվ 16-20
Ամեն տարի հուլիսի առաջին շաբաթ օրը Վրաստանի Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում մեծ շուքով նշվում է արդեն ավանդույթ դարձած մեծն աշուղի` Ջիվանու օրը: Այս տարին էլ բացառություն չէր, տոնակատարությանը ներկա լինելու համար բազմաթիվ ջիվանասերներ Կարզախ էին եկել Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից: «Իրավունքն» էլ հայաստանյան պատվիրակության կազմում էր` ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ: Ջիվանյան տոնական օրը Կարզախում սկիզբ առավ Սուրբ Պատարագի մատուցմամբ Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում` ձեռամբ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի եւ Արժանապատիվ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանի: Պատարագին հաջորդեց հարգանքի տուրք եւ ծաղիկների խոնարհում Ջիվանու կիսանդրու մոտ, որից հետո էլ տոնակատարության մասնակիցները շարժվեցին դեպի Աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որի բակում հյուրերին դիմավորեցին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները` ազգային նվագարանների կատարմամբ: Այդ ընթացքում ներկաները շրջեցին տուն-թանգարանում, ծանոթացան մեծանուն Աշուղի թողած ժառանգությանը, ինչպես նաեւ հնարավորություն ունեցան համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը:
Ջիվանու տուն-թանգարանի գիդհամակարգող, ի ՀԱՍՄԻԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց, որ Ջիվանու օրերին տուն-թանգարանում մասսայական է այցելուների քանակը, սակայն կան այլ օրեր, երբ գալիս են խմբերով` էքսկուրսիաներով կամ պարզապես այցելություններով. «Այս մեկ տարվա ընթացքում տուն-թանգարան եկել են տարբեր վայրերից, հիմնականում Հայաստանից, նույնիսկ` Ռուսաստանից ենք ունեցել այցելուներ, որոնք պատահական տեղեկանալով տուն-թանգարանի մասին, եկել են ու տպավորված հեռացել: Եթե հաշվենք այս մեկ տարվա կտրվածքով, Ջիվանու օրերից առաջ եւ հետո, տարեկան կտրվածքով այցելել է մոտ 750 հոգի` անցյալ տարվա օգոստոսի վերջից մինչեւ հիմա: Իհարկե, Ջիվանու օրերին ավելի շատ է հյուրերի քանակը»,- տեղեկացրեց թանգարանի գիտհամակարգողն ու հավելեց, որ տուն-թանգարանում ցուցանմուշների համալրում դեռ չի եղել. «Քանի որ մեր թանգարանը դեռ նոր է բացվել` մեկ տարի է, ինչ կա հուշային հատվածը, իսկ ցուցասրահը հագեցված է, ապա մեկ տարվա ընթացքում հավելումներ չեն եղել: Սակայն, տուն-թանգարանում կա առանձին հատված, որտեղ շինարարական պրոցեսներ է նախատեսվում»:
Հ.Գ. Ջիվանու օրվա տոնակատարության մասին առավել մանրամասն կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» վաղվա համարում:
Տոնակատարության լուսանկարներն ամբողջությամբ ` հետեւյալ հղումով.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ջավախք-Երեւան
https://iravunk.com/sim/?p=61987&l=am/