Թուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին

Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ, ներառյալ բանակցությունների կազմակերպումը, Ուկրաինայում հրադադարի և կայուն խաղաղության ապահովման համար. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վերջինս այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ստամբուլում Կիևի հետ ուղիղ բանակացություններ կազմակերպելու առաջարկը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին, Ստամբուլում առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին:
«Մենք առաջարկում ենք առանց հետաձգման սկսել հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլից, որտեղ դրանք (բանակցությունները) անցկացվել են ավելի վաղ և որտեղ ընդհատվել են», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով, վաղը ծրագրված է զրույց իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նա կհարցնի բանակցություններ վարելու հնարավորության մասին։ Պուտինը չի բացառել նոր, «իրական զինադադարի» շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների։ «Մենք պատրաստ ենք Ուկրաինայի հետ լուրջ բանակցությունների», - վստահեցրել է Պուտինը։ Երկրի ղեկավարը դրանց իմաստը որակել է որպես «հակամարտության արմատական պատճառների վերացում» և «պատմական հեռանկարում երկարաժամկետ, տևական խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր»։
«Մենք չենք բացառում, որ այս բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվել ինչ-որ նոր և իրական զինադադարի շուրջ»,- ասել է Պուտինը։
https://iravunk.com/sim/?p=312767&l=am/