«Ժողովուրդ». Հայաստանն ամենացածր թոշակն է տալիս տարածաշրջանում. թվեր
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովը քվեարկելու է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագիծը, և ինչպես արդեն իշխող ՔՊ-ն հայտարարել է, իրենք դեմ են:
«Նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաեւ սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, դրանում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը»։
Հայաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի աշխատանքային ստաժից և կենսաթոշակի տեսակից։
Աշխատանքային կենսաթոշակ. եթե անձը ունի աշխատանքային ստաժ, ապա կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի հիման վրա, որը 2023 թվականից կազմում է 24,000 դրամ։
Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36,000 դրամ (≈ 92 դոլար)։
Ըստ 2023 թվականի տվյալների՝ աշխատանքային կենսաթոշակ ստացող թոշակառուների միջին ամսական կենսաթոշակը կազմում էր մոտ 49,132 դրամ (≈ 125 դոլար)։
Վրաստանում ծերության կենսաթոշակների չափը կախված է թոշակառուի տարիքից և բնակության վայրից։ Մասնավորապես, մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կազմում է 350 լարի (≈ 124 դոլար)։ 70 և բարձր տարիք ունեցող թոշակառուների համար՝ 450 լարի (մոտ 159 դոլար)։
2025 թվականին Ադրբեջանում միջին ծերության կենսաթոշակը կկազմի 569 մանաթ (≈ 335 դոլար), իսկ աշխատանքային միջին նպաստը կկազմի 494 մանաթ (≈ 291 դոլար):
Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմում է մոտավորապես 24 000 ռուբլի (≈ 234 դոլար):
Այս դեպքում կենսաթոշակի չափը պետք է կազմի կորցրած եկամտի առնվազն 40%-ը։ Այսինքն, եթե 2025 թվականին 80 000 հազար ռուբլի է միջին աշխատավարձը, կենսաթոշակի չափը մոտավորապես հավասար է 32 000 ռուբլու (≈ 312 դոլար):
Նշված ցուցանիշները համադրելով՝ հարկ է նշել, որ Հայաստանում ծերության միջին թոշակը ամենացածրն է. Վրաստանի հետ գրեթե նույն մակարդակում ենք, սակայն տարածաշրջանում ամենավերջին տեղն ենք զբաղեցնում։ Առկա թվերը ապացույց են՝ որքան էլ կենսաթոշակը բարձրացնելու մասին գլուխ գովելու թվեր է հնչեցնում իշխանությունը, այնուամենայնիվ, ՀՀ-ն վերջին տեղում է տարածաշրջանում։
Օրեցօր թանկացող ապրանքները, հարկերը, կոմունալները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ ամսական միջին կենսաթոշակը բավարար չէ անգամ գոյատևելու համար, իսկ իշխանությունը սրանք հաշվի չի առնում»: