Ինչ ցույց տվեց Վարդանիկին ասֆալտին ծեփելու «օպերացիան»
Վերլուծություն
Գյումրիում ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ արդեն իսկ փորձեր են արվում` իրավիճակը թեժացնելու: Ո՞ւմ է սա պետք, միանշանակ է, առաջին հերթին՝ ցայտնոտի մեջ ընկած իշխանությանը, որի վարկանիշը շարունակում է սրընթաց ընկնել՝ երկրում մինուսն անցած ջերմաստիճանին զուգահեռ:
Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին ասֆալտին ծեփելու «օպերացիան» ցույց տվեց այն սցենարը, որը նախագծվել է հայրաքաղաքի համար: Ինչու հանկարծ իրավապահները որոշեցին զբաղվել Ղուկասյանով՝ այն էլ մասկի շոու իրականացնելով, չկա այլ վարկած, քան այն, որ արհեստականորեն փորձ է արվում նրա վարկանիշը բարձրացնել՝ իբրեւ ներկայացնելով օրվա իշխանության քաղհալածյալ:
Նույն Վարդան Ղուկասյանի դեմ մինչ այդ արդեն հարուցված էին քրեական գործեր, սակայն նրան բերման ենթարկեցին հենց ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Եթե նպատակն իրականում Վարդանիկին կալանավորելն էր, ապա դա հանգիստ կարող էին անել արդեն իսկ հարուցված գործերից որեւէ մեկով։ Բայց, արի ու տես, որ այլ հեռահար նպատակներ կան՝ նրա հետ կապված:
Իսկ այն, որ այս հարցում իշխանությունն ուներ ընդդիմադիր դաշտում «դամ» պահողներ, ակներեւ դարձավ դեպքից հետո՝ հենց ժամերի ընթացքում: Վարդան Ղուկասյանին պաշտպանող դիրք անմիջապես գրավեցին քոչարյանականները, կուլմինացիան էլ ՀՅԴ-ի հայտարարությունն էր: Սա ցույց է տալիս, որ ՀՀ երկրորդ նախագահն առնվազն երկու թեկնածու ունի Գյումրիում՝ մեկն իրեն միշտ հավատարիմ մնացած Վարդան Ղուկասյանն ու Անդրանիկ Թեւանյանի առաջադրած թեկնածու գործարար Կարեն Սիմոնյանը: Իսկ նպատակը Երեւանի ավագանու ընտրությունների սցենարը կրկնելն է: Սա ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, ձեռնտու է նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Թերեւս սրանով է պայմանավորված, որ ՔՊ-ում Վարդանիկի դեպքի վերաբերյալ անգամ մի ծպտուն չեն հանել՝ ո՛չ լավ, ո՛չ վատ:
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԿՐԿՆԵ՞Ն ԵՐԵՎԱՆԻ ՍՑԵՆԱՐԸ
Բացատրենք, թե ինչ կարող է տեղի ունենալ. ժամանակը ցույց տվեց, որ Երեւանի ավագանիում երկրորդ խմբակցությունը դարձավ Ռոբերտ Քոչարյանի կողմից աջակցություն ստացած Անդրանիկ Թեւանյանը, իսկ իշխանություն՝ ՔՊ-ն, որի արդյունքում Երեւանում քաղաքապետ կարգվեց երեւանցիների ձայների ընդամենն 9 տոկոսը ստացած Տիգրան Ավինյանը: Ինչ խոսք, փայլուն է մտածված: Ահա, թե ինչու է իշխանությունն ամեն գնով փորձում բարձրացնել Գյումրու նախկին քաղաքապետի վարկանիշը, որն այնքան է ոգեւորվել ստեղծված իրավիճակից, որ սպառնում է դառնալ նաեւ վարչապետի թեկնածու:
Իսկ ընդդիմության միավորման մասին խոսք անգամ չկա, ինչպես արտահերթ կամ հերթական խորհրդարական ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահը չի պատրաստվում մեկտեղել ուժերը մյուս ընդդիմադիր ուժերի հետ, այնպես էլ Գյումրիում է: Դրանից էլ օգտվում է բացառապես Փաշինյան Նիկոլի ՔՊ-ն: Հետո էլ, երբ ասում են, որ այսպիսի ընդդիմությունն է մեղավոր, որ ունենք վարչապետի աթոռին նստած Նիկոլ, քոչարյանականները նեղսրտում են:
Պարզ է չէ՞, որ երկրորդ տեղը գրավելով՝ Գյումրիի նախկին քաղաքապետը չի գնալու ՔՊ-ի սրտի թեկնածու Սարիկ Մինասյանի մոտ ավագանի աշխատի, իսկ նրա գլխավորած ցուցակը կանի այնպես, ինչպես կթելադրի իրավիճակը: Արդյունքում՝ Վարդան Ղուկասյանն իր խոսքի տերը կլինի, որ չի համագործակցի ՔՊ-ի հետ, դե իսկ թիմում էլ, ով ինչպես կվարվի` Աստված գիտի: Վերջնարդյունքում մի 9 տոկոս ձայներով էլ քաղաքապետ կդառնա Սարիկ Մինասյանը: Ֆեյք ընդդիմությունը մի քիչ կաղմկի, հետո կվերցնի մանդատներն ու կմոռանան, կգնան:
Եթե Գյումրիի նախկին քաղաքապետը երդում-պատարագ էր ուտում, թե Նիկոլի մարդը չէ, ու ոչ ոք դրան չէր հավատում, այս «օպերացիան» փակեց բոլորի բերանը, մրցակից թեկնածուներն էլ ստիպված եղան շառից-փորձանքից հեռու իրենք էլ դատապարտել տեղի ունեցածը: Ահա եւ մի մազալու պատմություն:
ՋԵԲԿԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Ընդհանրապես, Գյումրիում նախընտրական մթնոլորտն ամենեւին ձանձրալի չէ: Հատկապես, որ ՔՊ-ական գյումրեցիներն ավելի շատ զբաղված են ՔՊ-ի հակափիառով: Թեմի առաջնորդ Միքայել սրբազանին «պարոն Աջապահյան» դիմող իշխանական պատգամավոր Էմմա Պալյանն է փորձում ՔՊ-ի համար ձայներ հայթայթել, բայց ավելի վատ վիճակում է դնում ամբողջ թիմին:
«Գյումրիում հայտնված ջեբկիրին մեկդ ասեք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի է ունենալու համայնքապետի ընտրություններ, ոչ թե` ծաղրածուի...թե չէ տպավորություն է, որ սույն անձը ինչ-որ տեղ ծաղրածուի թափուր տեղի համար հայտարարություն է կարդացել, որոշել է դիմել, ու հետո, ինչպես գյումրեցիներն են ասում, ալիքները խառնել է», - խրոխտ հայտարարում է Էմմա Պալյանը՝ իբր անդրադառնալով «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին:
Վերոնշյալի մասին չուշացավ նաեւ Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի ուշագրավ արձագանքը;
«Աշոտյանի ջեբը «մտնող» ու մարտիության շնորհավորանքը «գողացողը» ուրիշներին է ջեբկիր անվանում... Խելքի աշեցեք... Ազգականի արցախատյաց եւ ֆաշիստական մեկնաբանությունը «ջրելու» անհաջող փորձից հետո՝ ամբողջ համացանցի ծաղրուծանակին արժանացածը այսօր ուրիշին է ծաղրածու անվանում... Խելքի աշեցեք... Գյումրեցի Փահլեւանյանների թոռ հանդիսացողին սույնը «գյումրեցիներն ասում են»-ով է ինչ-որ բան ասում եւ Գյումրիում հայտնված է անվանում... Աղջի՛կ, ինչպես կասեր այս պարագայում գյումրեցի պապս գյումրեցի ներկայացողներին` «Դուք ո՞ր գեղից եք էկել քաղաք ու քաղկցի կխաղաք»: Աղջի՛կ, խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես...», - փակագծեր է բացում քաղաքագետը:
ՀԱՍԿԱՑԵ՛Ք, ԱՅՍ ԱՄԵՆՆ ԱՐՎՈՒՄ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԲԹԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Ինչ վերաբերում է Էմմա Պալյանի եղբոր, Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ արցախատյաց եւ ֆաշիստական մեկնաբանությանը, սա էլ մի ուրիշ անհարմար վիճակի մեջ է դրել ՔՊ-ին:
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը իրավապահ մարմինների ուշադրություն էր հրավիրել պատգամավորի եղբոր՝ Հայկ Պալյանի ֆեյսբուքյան մեկնաբանությունների վրա, ով բացահայտ կերպով խտրականություն է դրսեւորել օգտատերերից մեկին հարցնելով՝ «ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ»։ Ընդ որում՝ Հայկ Պալյանը ոչ միայն պատգամավորի եղբայրն է, այլեւ աշխատում է Ազգային ժողովում, մի ժամանակ էլ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն էր։ Թվում էր, որ այսքանից հետո՝ առնվազն իրավապահները պետք է զբաղվեն Հայկ Պալյանով, բայց քույրը հասավ օգնության՝ մի անհաջող «կռուտիտով»։
«Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» եւ «ղարաբաղցի» բառերը», - վստահորեն պնդել է Էմմա Պալյանը՝ այն դեպքում, երբ արդեն իսկ եղբոր նամակագրությունը տարածվել է համացանցում, որտեղ ասել է, որ իր սխալը հասկացել է ու ջնջել մեկնաբանությունը: Բայց պատմությունն այսքանով չի ավարտվում. ֆեյսբուքյան օգտատերերը հայտնաբերում են նաեւ Պալյանների հոր՝ Նորո Պալյանի էջում կիսված մի գրառում, որտեղ ասված է. «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը կուտի ղարաբաղցին»: Արցախատյացությունը, փաստորեն, ցեղակա՞ն է Պալյանների ընտանիքում, թերեւս մնում է օդում կախված, բայց որ այս թեման էլ ՔՊ-ն գցեց ոտքին ու մնաց դրա տակ, փաստ է: Դե հո 70-ամյա արցախցի գիտնական չեն Պալյանները, որոնց մեղադրեն ատելության քարոզի մեջ, ինչպես եղավ Ղարիբ Բաբայանի դեպքում, ով ընդամենը հրապարակել էր տեսանյութ, որտեղ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգում էին. «Ղարաբաղ, Ղարաբաղ» եւ իր վրդովմունքն արտահայտել:
Այն, ինչ կատարվում է այս օրերին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ամփոփում է հատկանշական մի դիտարկմամբ, ինչի հետ դժվար է չհամաձայնել:
«Փետրվարին ազգիս երկու օր զբաղեցրին «Փրկել շարքային Ղարիբին» օպերացիայով, հիմա էլ երրորդ օրն է, քննում ու վերլուծում են ինչ-որ մեկի ինչ- որ եղբոր գրառումը: Կատարյալ անմեղսունակություն: Հասկացե´ք, այս ամենն արվում է հանրության բթացման ու տխմարացման աստիճանը ստուգելու համար: Արվում է, որ չհիշեք, որ Արցախում հիմա հայ չկա, ու չհարցնեք, թե այդ ո՞նց եղավ, ու ո՞վ դա կազմակերպեց: Այդպիսի անհաշվետու ու անմեղսունակ վարքով լավագույնս օգնում եք նրանց, ովքեր Սյունիքը փուռը տալու ծրագրով են զբաղված այս պահին:Դա նաեւ արվում է, որ չհասկանաք ու խորամուխ չլինեք, թե ինչ իշխանություն է ձեզ կառավարում, ու ովքեր են իրականում նրանց միջոցով որոշում ձեր ու ձեր երեխաների լինել- չլինելու հարցը», - գրում է Դեմոյանը: Մինչդեռ այս մասին խորհելու փոխարեն՝ մի շարք քաղաքական ուժեր, թեւերները քշտած, Գյումրիի ՏԻՄ ընտրություններ են խաղացնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=306339&l=am/