Նիկոլի ռեժիմի «օպերացիան» տապալվեց, թե՞ իրականացավ
Վերլուծություն
Հանրապետության հրապարակում ադրբեջանական «Գարաբաղ» երգ երգող անձանց տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը դատարանը մերժեց. նա ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից: 70-ամյա գիտնական Բաբայանի դեմ ընտրվել է վարչական հսկողություն եւ սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։
Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջում տարածվել էր տեսանյութ, որում, ըստ տեսագրությունը տարածած Ղարիբ Բաբայանի, մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել էր, որ դա խայտառակություն է, հարց էր բարձրացրել, թե որտեղ է ոստիկանությունը, եւ ինչու են Հայաստանում շարունակում հանդուրժել դավաճանական իշխանությանը:
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձինք Իրանի քաղաքացիներ են: Բայց, արի ու տես, որ իրավապահ մարմինները ոչ թե շտապել էին հայտնաբերել, թե ովքեր են Իրանից Հայաստան եկած պրոադրբեջանական պրոպագանդիստները, այլ ԱԱԾ-ն հաղորդում էր ներկայացրել քննչական կոմիտե ո՛չ ավել, ո՛չ պակաս Բաբայանի դեմ՝ իշխանության եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար: Հարուցվել էր քրեական վարույթ, այնուհետեւ Բաբայանը ձերբակալվել էր:
Արդյունքում հանրային ճնշման շնորհիվ Ղարիբ Բաբայանը չկալանավորվեց, բայց արդյոք Նիկոլի ռեժիմը հրաժարվեց իր ծրագրերից... Այո՛, չի բացառվում, որ սա նախապես պլանավորված ծրագիր էր, եւ անունն ինչպես ուզում եք դրեք՝ հատուկ օպերացիա կամ լայնամասշտաբ սադրանք՝ հե՛նց Երեւանի սրտում: Իսկ թե ի՞նչ նպատակ էր հետապնդում սա, առնվազն մի քանի վարկած իրավունք ունի գոյություն ունենալ:
ԻՆՉ ՆՊԱՏԱԿ ԷՐ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԳՈՒՊԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ասել, թե պատահական էին Իրանից հայտնվել մարդիկ, որոնք որոշել էին Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգել, իհարկե, եփած հավի ծիծաղը կգա: Պնդել, թե երգողներն էլ հասարակ իրանցիներ էին՝ եւս իրատեսական չէ: Հետեւապես, կարելի է ենթադրել, որ սա կարող էր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կազմակերպված հատուկ մարմինների կողմից օպերացիա լինել: Օրինակ, հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ հասնել հանրային էսկալացիայի, ընդհուպ հրահրել քաղաքացիական պատերազմ: Իսկ ստեղծված քաոսն ավելի քան նպաստավոր կլիներ Ադրբեջանի համար՝ նոր տարածքներ գրավելու համար՝ այս անգամ ՀՀ ինքնիշխան տարածքից:
Գուցե նպատակը նա էր, որ հենց տեղում ինչ-որ բախում հրահրվի: Ուրիշ ի՞նչ կերպ հասկանալ, որ հրապարակում ոչ մի ոստիկան կարգի չի հրավիրել «համերգի» մասնակիցներին: Եվ քանի որ հայ հանրությունն էլ անտրամաբանական հանդուրժող է՝ ազգային թեմաներում, երգուպարին խոչընդոտողներ չեն եղել: Մնում էր անցնել պլան Բ-ի, թիրախավորել նրան, ով առաջինը կհրապարակեր այդ տեսանյութն ու իր վրդովմունքը կարտահայտեր: Եվ ահա այս դեպքում նրանք չսխալվեցին: Իհարկե, չհաջողեցին Ղարիբ Բաբայանին կալանավորելու հարցում: Այս հարցում վճռական էին եւ միասնական նույնիսկ այնպիսի արտախորհրդարանական քաղաքական ուժեր, որոնք ընդամենը մեկ ընդհանրություն ունեն, որ բոլորն էլ գոյություն են Երկիր մոլորակում: Սակայն, ասել, թե «օպերացիան» տապալվեց, նույնպես պետք չէ շտապել:
Առնվազն մի խնդիր կարողացավ լուծել Նիկոլ Փաշինյանի ռեժիմը՝ Ադրբեջանին ոգեւորել եւ կոտրել հասարակության հայրենասիրական, մարտական ոգին: Այլեւս փաստ է, որ Հանրապետության հրապարակում կարող է հնչել ադրբեջանական երգ՝ այն էլ ընդդեմ հայկական Արցախի, իսկ ովքեր անհանդուրժող կլինեն դրա հանդեպ, կընկնեն Ղարիբ Բաբայանի օրը:
ԻՍԿ ԱՐՏԱՀԵՐԹ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹԵՎԱԾԵԼ
ՔՊ-ի ականջը խուլ՝ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ իր հրաժարականը րոպե առաջ դառնա ավելի իրատեսական ու բնական: Այս մասին է հուշում ոչ միայն տրանսպորտի թանկացումը, հարկերի բարձրացումն ու մարդկանց համատարած հայտարարագրումը, ինչպես եղել է 1915 թվականին՝ Ցեղասպանությունից առաջ, թուրքական կառավարության կողմից, այլ նաեւ իր հրավիրած վերջին ասուլիսը:
Փաշինյանն այլեւս նախկին հիստերիկը չէ, ջան-ջիգյարով պատասխանում է լրագրողների ամենակոշտ հարցերին: Իսկ ինչի՞ն էր պետք այդքան թուքումուր ուտելը, սա թերեւս պետք է առաջին հերթին անհանգստացնի հենց ՔՊ-ականներին: Ու սա այն դեպքում, երբ դեռ չէր մարսել Սփյուռքի մինչ այս պահը չդադարող արձագանքները՝ կապված Հայոց ցեղասպանության եղելությունը կասկածի տակ դնող Ցյուրիխում հնչեցրած իր արտահայտությունների հետ: Իսկ չկանխատեսել, թե ինչպիսի հարցեր են լինելու, հեքիաթների ժանրից է: Ի դեպ, «Իրավունք»-ը եւս հրավիրված էր այդ ասուլիսին։ Սակայն թերթի խմբագրակազմը հստակ որոշում կայացրեց չմասնակցել դրան, քանի որ մենք չենք սպասարկում Նիկոլ Փաշինյանի օրակարգին, որեւէ հարց չունենք տալու դավաճանություն թույլ տված կառավարությանն ու նրա ղեկավարին։
Առաջին հայացքից գուցե անիրատեսական է թվում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, երբ «Գելափ»-ի հարցումները ցույց են տալիս, որ իշխանությունն ունի ընդամենը 11 տոկոս վարկանիշ: Սակայն սրան Փաշինյանը տալիս է այլաբանական պատասխան. «Քաղաքականությունն այսպիսի բան է, վարկանիշը նվազում է, աճում է, երբեմն նվազում է ու էլ երբեք չի աճում, բայց չի լինում, որ աճում է ու երբեք չի նվազում»:
Այո՛, Փաշինյանը պատրաստ է վարկանիշի անկմանը, բայց չի լարվում, քանի դեռ իր վարկանիշին չի գերազանցում եւ ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժի վարկանիշ: Եվ եթե Երեւանն ունի այսօր 9 տոկոսի կողմից ձայներ ստացած Երեւանի քաղաքապետ՝ Տիգրան Ավինյանի դեմքով, ապա արտահերթը հիմա էլ բարենպաստ է Փաշինյան Նիկոլի համար: Այլ հարց է՝ նա կգնա՞ դրան, թե՞ ուղղակի կնախապատրաստի իր հրաժարականն ու աթոռը կփոխանցի թիմակիցներից որեւէ մեկին: Ինչ խոսք, այստեղ էլ ամեն ինչ պարզ չէ: Չէ որ, ինչպես ժողովուրդն է ասում, երբ «եզն ընկնում է, դանակավորները շատանում են», ոչ ոք չի կարող ասել, թե քանի ՔՊ-ական կմնա հավատարիմ՝ իր հրաժարականի դեպքում: Մյուս կողմից էլ ամեն մեկի վերաբերյալ այնքան կոմպրոմատ կա դիզած, որ բոլորն էլ հլու-հնազանդ կանեն այնպես, ինչպես պետք է: Իսկ Փաշինյանի ամենահավատարիմների շարքում առաջին տեղում շարունակում է մնալ կողակիցը՝ Աննա Հակոբյանը, ում հնարավոր վարչապետական թեկնածության մասին արդեն ամիսներ է, ինչ լեգենդներ են պտտվում:
Այդուհանդերձ, արտահերթ ընտրությունների օր առաջ կայացմանը, կողմ է նաեւ ընդդիմությունը: Ինչպես իր ասուլիսի ժամանակ ընդգծեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը. «Մեր օրակարգում է այս ազգակործան, պատուհաս, կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը։ Եվ խորհուրդ եմ տալիս, որ բոլոր ընդդիմադիր ուժերի օրակարգում լինի այդ հարցը։ Եթե մենք սկսենք մտածել 2026-ի ընտրությունների, 2026-ից հետո 2030-ի ընտրությունների մասին, կարող է հետո Էրդողանի ու Ալիեւի ընտրություններին մասնակցենք։ Դա լավ չէ, դրա համար պետք է բոլորս համախմբվենք եւ անենք ամեն ինչ, որպեսզի այս գրեթե զրոյական վարկանիշ ունեցող հակահայկական ու հակապետական իշխանությունը հեռացվի»:
Կանսա՞ն այս խորհրդին ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերը, ցույց կտա ժամանակը: Բայց նախ դրա համար պետք է, որ որոշները դուրս գան իրենց կոնֆորտ զոնայից: Օրինակ, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես են որոշ ընդդիմադիրներ օրվա առաջին կեսը դեմ այս իշխանությանը, իսկ երկրորդ կեսին լավ էլ հետները տալիս-առնում են: Ի վերջո, քաղաքականությունը նախեւառաջ սկզբունքներ ու գաղափարական պայքար է, ոչ թե բիզնես հարաբերություններ՝ «բոլորի հետ լավ լինենք, ումից էլ ինչ քերենք, էլի քյար ա» տրամաբանությամբ: Եվ որքան էլ դժվար է, պետք է ընդունել այն պարզ ճշմարտությունը, որը բարձրաձայնում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր մարմնի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը. «Հայերն ու նիկոլազգիներն անհամատեղելի ազգեր են»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=304606&l=am/