Հավանաբար, հենց սեպտեմբերի 22-ին էլ սրբազանը կներկայացնի իր գլխավոր ասելիքը. Արամ Սարգսյան
Ներքաղաքական
Օրերս տեղի ունեցավ «Սրբազան պայքար» շարժումը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկմանը մասնակցում էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ներկայացնելով, թե ինչպես է ձեւավորվել շարժումը, եւ ինչն է այժմ իրենց նպատակը՝ Բագրատ սրբազանը նշել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը մեկն է։ Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին՝ նա շեշտել է՝ կա՛մ Փաշինյանը պետք է հեռանա, կա՛մ հեռացվի։ Քննարկումը շարունակվել է փակ դռների հետեւում: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով եւս ներկա է եղել հանդիպմանը:
— Ի վերջո, քաղաքական խորհուրդ ձեւավորվե՞ց այս հանդիպման ժամանակ, թե՝ ոչ:
— Նման ընդհանուր որոշում, որպես այդպիսին, դեռեւս չկա, բայց խոսքն այն մասին է, որ քաղաքական կողմերի ներկայացուցիչների հետ Բագրատ սրբազանն ուղղակի խորհուրդ արեց: Այդքան բան կարելի է ասել այս ամենի մասին: Որպես ձևավորված նման խորհուրդ, իհարկե, դեռ չկա:
— Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ սրբազանի ունեցած հանդիպումն ինչպիսի՞ արդյունքներ գրանցեց:
— Բանն այն է, որ դա փակ նիստ էր, եւ ես ինքս այնքան էլ իրավասու չեմ մանրամասնել, բայց գլխավոր հարցը, որը բոլորը գիտեն, դա սեպտեմբերի 22-ին կայանալիք մեծ հավաքն է, որը կլինի Մարզահամերգային համալիրում: Այնպես որ, դա է հիմնականում հարցը: Մնացած մանրամասներն արդեն ինքը՝ սրբազանը կասի, ինչը որ պետք է ասի: Հավանաբար, հենց սեպտեմբերի 22-ին էլ նա կներկայացնի իր գլխավոր ասելիքը:
— Պարոն Սարգսյան, իհարկե, հասկանալի է, որ այս պահին փակագծեր պետք չէ բացել, բայց, այնուամենայնիվ, քաղաքական կոնսենսուսի գալ հաջողվե՞լ է:
— Դե կոնսենսուսն այն է, որ բոլորը պատրաստ են մասնակցելու այդ հավաքին: Ովքեր, որ այնտեղ էին, բոլորն էլ ասացին, որ պատրաստ են, եւ որեւէ մեկն անգամ չի առարկել դրա դեմ:
— Իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ այս հանդիպումները, կարծես թե, համակարգվում են «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանի կողմից:
— Կարծում եմ, որ դա իմ գնահատելու խնդիրը չէ (ժպտում է, - հեղինակ): Դա սրբազանն է իր փոքր խորհրդով, ինքն է իր որոշումները կայացնողը, թե՝ ով, ինչպես պետք է անի: Կարծում եմ, որ այնքան էլ տարբերություն չկա, քանի որ Կարեն Բեքարյանը եթե չլինի, ապա մեկ ուրիշը կլինի: Դա կարող ենք ասել, որ որեւէ սկզբունքային նշանակություն չունի: Ես ինքս դա չեմ գնահատում, քանի որ դա ինձ համար իրենց ներքին խնդիրն է:
— Տպավորություն էր, որ համեմատաբար առավել քիչ քաղաքական ուժեր էին ներկա սրբազանի հետ այս անգամվա հանդիպմանը: Արդյո՞ք որեւէ պատճառ կար դրան:
— Դրա համար եւս չեմ կարող պատասխան տալ՝ քիչ էին, թե շատ էին: Կարող եմ նշել, որ բավական մարդիկ կային: Հիմա մեր դաշտն այնպիսին է, որ շատերն անգամ ծանոթ էլ չեն: Դրա համար կարծում եմ, որ դժվար է ասել: Այնպես որ, ովքեր որոշել էին գալ, երեւի թե, եկել էին: Ես այդպես եմ հասկանում կամ ովքեր, որ հրավեր էին ստացել՝ նրանք եկել էին: Չգիտեմ, ես այդպիսի մանրամասներին չեմ տիրապետում:
— Փաստորեն, հաջորդիվ նույն կազմով կհանդիպեք Մարզահամերգային համալիրո՞ւմ:
— Այս հանդիպմանը, ովքեր մասնակցել են՝ որեւէ մեկը չի առարկել, որ հաջորդ հանդիպումը, որը, ի դեպ, կայանալու է սեպտեմբերի 22-ին, եւս ներկա են գտնվելու: Պետք է այդ օրը հավաքվել, քանի որ կներկայացվի ընդհանուր ծրագիր, եւ այլն, եւ այլն, ինչն ինքը կորոշի եւ կասի: Դա այն շարժումն է, որին մենք մասնակցում ենք: «Միասին» շարժումը աջակցում է «Սրբազան» շարժմանն այնքան ժամանակ՝ մինչեւ մենք կտեսնենք՝ ունի՞ այն արդյունավետություն, թե՝ ոչ:
Եթե կա, ապա մենք կշարունակենք ձեռք մեկնել: Գլխավոր նպատակը շատ հստակ է: Մենք ուրիշ որեւէ այլ նպատակ այստեղ չենք հետապնդում: Դա այս իշխանություններին օր առաջ թատերաբեմից հեռացնելն է: Ահա սա է գլխավոր նպատակը, այլ որեւէ մոտեցում մենք չունենք: Մնացած մոտեցումները հետո կորոշվեն:
— Բայց ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ քննարկման ժամանակ որեւէ հնարավոր լուծումներ առաջարկվե՞լ են:
— Սրբազանը պատրաստ է այդ բոլոր լուծումների եւ առաջարկների մասին սեպտեմբերի 22-ին ներկայացնել: Իսկ հանդիպման ժամանակ այդպիսի քննարկումներ չեն եղել:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=292626&l=am/