Մեզ միշտ հրամցնում են դրսի արժեքներ՝ եվրոպական, թե մեկ այլ, դրանք մեր հագով չե՛ն, մերը չե՛ն. Թոփալյան
ՏեսանյութերԱրմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմն ամիսներ շարունակ պայքարում էր, որպեսզի մեր մշակութային կյանքում իր պատմությունը կերտած հարազատ թատրոնը չփակվի՝ ԿԳՄՍ նախարարության գրչի մի հարվածով: Արդյոք կարգավորվել է խնդիրը, ինչ իրավիճակում են հիմա «Գոյ»-ականները, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզել ենք դերասան ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆԻՑ:
«ԻՆՁ ՀԵՌԱՑՐԵԼ ԷԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ 2 ԱՄԻՍ ԱՌԱՋ, ԻՍԿ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ԵԿԵԼ ԷՐ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՎԵՐՋԵՐՍ»
— Դուք վերջերս սոցցանցում գրառում էիք արել եւ տեղեկացրել, որ Ձեզ ազատել են աշխատանքից: Ի՞նչ է կատարվում «Գոյ»-ում:
— Նախ ասեմ, որ ինձ հեռացրել էին աշխատանքից երկու ամիս առաջ, եւ այդ ծանուցումը եկել էր բոլորովին վերջերս, որտեղ գրված էր, որ՝ առաջին կարգի դերասան Սամվել Թոփալյանը հեռացված է աշխատանքից: Ես անգամ չգիտեի, որ կարգեր կան: Մենք «Գոյ»-ում մեր գլուխը կախ, աշխատել ենք՝ առանց իմանալու, որ «կարգավորվում» ենք: Զավեշտ էր ինձ համար այս ամենը, հատկապես, երբ այդ մասին իմացա՝ աշխատանքից հեռացվելուց հետո: Նամակը եկել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունից, քանի որ «Գոյ»-ը, որպես ՊՈԱԿ, էլ չկար, իրավահաջորդը՝ Սունդուկյանի թատրոնն էր: Սա օրենքի սահմաններում է եղել, քանի որ մեզ ծանուցրել են, որ գնանք երկարացնենք մեր աշխատանքային պայմանագիրը, այս դեպքում արդեն Սունդուկյան թատրոնի հետ, մենք բոլորս՝ «Գոյի» դերասաններս, չենք գնացել, ու օրենքի սահմաններում մեզ հեռացրել են աշխատանքից: Այս պահին բանակցությունների մեջ ենք նախարարության հետ, որտեղ քննարկվում է այն հարցը, որ որտեղ «Գոյ»-ը հիմնվել եւ 35 տարի աշխատել է, մնանք նույն տարածքում, պարզապես այս դեպքում ՝ մասնավոր, ոչ պետական եւ ոչ որպես ՊՈԱԿ:
— Շատերը «Գոյ»-ի դերասաններին մեղադրում էին լռության մեջ, թե ժամանակին ակտիվ պայքարում էին, հիմա կրկին լուռ են, որովհետեւ փորձում են իշխանության հետ ընդհանուր լեզու գտնել: Այդպե՞ս է:
— Գիտեք, մարդիկ չփորձելով ճշտել հանգամանքները, չֆիքսելով իրականությունն ու իրավիճակը՝ ինչ ասես կարող են խոսել: Բայց սա նորմալ գործընթաց է: Այսինքն՝ ինչի՞ց պիտի վախենանք: Բացարձակ վախ չկա: Եթե հիշում եք, նստացույց էր արվում, եւ պայմանավորվածություն ձեռքբերվեց նախարարության հետ, որ դադարեցվի այն, եւ անցնենք բանակցային շրջան ու հասկանանք՝ ինչ է կատարվում, ինչ է պետք անել: Ու այդպես էլ եղավ: Հիմա այն իրավիճակն է, որ «Գոյ» թատրոնը, արդեն որպես ՍՊ, շատ առողջ բանակցում է նախարարության հետ, որպեսզի նույն տարածքում շարունակենք մեր գործունեությունը: Աստված առաջ, կարծում եմ՝ այնպես կլինի, որ «Գոյ»-ը կշարունակի իր բնականոն աշխատանքը, ինչպես եղել է նախկինում:
«ՇԱՏ ՀԱՃԱԽ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԹԱՏՐՈՆ ՉԿԱ, ԼԱՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ, ԲԱՅՑ ԵԿԵ՞Լ ԵՔ, ՏԵՍԵ՞Լ ԵՔ»
— Սամվել, իսկ մինչ «Գոյ»-ում խնդիրները կկարգավորվեն, այժմ ինչո՞վ եք զբաղվում:
— Ես ոչ միայն «Գոյ»-ում եմ աշխատում, այլ՝ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում, կատարում եմ ձայնագրություններ տարբեր հեռուստատեսություններում, ունեմ նկարահանումներ, նաեւ դասավանդում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, կազմակերպում պոեզիայի երեկոներ: Մի խոսքով՝ շատ բուռն, շատ ակտիվ աշխատանքային կյանքով եմ ապրում:
— Ի՞նչ կատարվում մեր կինոարտադրությունում, ինչո՞ւ հասանք նրան, որ այսպիսի ցածր մակարդակի պետք է լինեն մեր նկարվող եւ հեռարձակվող սերիալները:
— Ցանկացած երկրում էլ նկարահանվում են սերիալներ: Սերիալը ստեղծվել է ԱՄՆ-ում այն հասարակ շերտի համար, որ մարդը հոգնած գործից գա ու մի քիչ կտրվի առօրյա հոգսերից: Այսինքն՝ սյուժեն պետք է լինի թեթեւ՝ սիրային, արկածային եւ այլն: Հայաստանում տարիներ առաջ սկսեց սերիալային արտադրությունը, բայց նախ հիմքը սխալ դրվեց՝ այն առումով, որ թեմաները, որոնք արծարծվում էին, մեր իրականությունից կտրված էին, բացարձակ կապ չունեցող էին: Խնդիրը նաեւ այն էր, որ պետք էր ինչ-որ պրոցես անցնելուց հետո՝ որակական եւ թեմատիկ առումով այն դառնար գոնե կիրթ, ճաշակով: Ցավոք, այդպես չեղավ, քանի որ ընկան «ռեյտինգ» ասվածի հետեւից ու մեր հասարակությանը կերակրեցին ցածրորակ արժեքներով, ու էլ ավելի ցավալի է, որ դրան ալտերնատիվ տարբերակ չստեղծվեց: Չեղավ ընտրության հնարավորություն՝ սա է, լավ, թե՝ սա: Ամենամեծ խնդիրը նյութականությունն է: Դա մեզ խժռել է, ու մենք դա ենք տեսնում որպես նպատակ, որին ձգտում ենք հասնել: Ի վերջո, մենք շատ հաճախ բողոքում ենք հասարակությունից, որ չարացած է կամ մեկ այլ բացասական բան, բայց դա գալիս է հենց այս ամենինչից, ինչի մասին խոսում ենք: Ցավոք, արվեստի, մշակույթի դերն ու նշանակությունը երկրի զարգացման, հասարակության կայացման գործում այդպես էլ չարժեւորվեց, ու դա նոր չէ, 30-35 տարի շարունակ պետական մակարդակով չարժեւորվեց: Երբ չկա հոգու, սրտի եւ մտքի համագործակցությունը, այսինքն՝ չես տվել այն իսկականն ու կարեւորը, արմատային հիմք ունեցողը, չենք կարող ունենալ առողջ ու լավ միջավայր: Պիտի կարողանանք վերակագնել մտքի եւ հոգու կապը: Տեսեք, շատ հաճախ ասում են՝ թատրոն չկա, լավ ներկայացումներ չկան: Բայց եկե՞լ եք, տեսե՞լ եք: Չեմ ասում, որ բոլոր ներկայացումները «շեդեւրներ» են, բայց, իսկապես, կան ներկայացումներ, որոնք պիտի դիտի հանդիսատեսը: Ցավոք սրտի, շատ արժեքավոր եւ իրենցից մի բան ներկայացնող ներկայացումները, որոնք պետք է ներկայացվի նոր սերնդին, մնում է ստվերում:
«ԱՅՆՊԵՍ ԱՐԵՑԻՆ, ՈՐ ՈԳԵՂԵՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ, ԱՐՎԵՍՏԸ ԴՈՒՐՍ ԳԱՆ ՄԵՐ ՄԻՋԻՑ»
— Մի հրաշք լիներ, եւ լսեինք մեծն Մհեր Մկրտչյանի խոսքը՝ ներկա իրավիճակի վերաբերյալ…
— Ես իր հարցազրույցների ժամանակ երբեք չեմ լսել, որ այդ թեմաների շուրջ խոսեր: Ինքը միշտ խոսել է իր կատարած աշխատանքների մասին: Այսինքն՝ այդ մեծությունները, գլուխները կախ, կատարել են իրենց աշխատանքը: Մենք, ցավոք, ավելի շատ խոսում ենք, քննարկում ենք, ինչ-որ տեղ արդարացում փնտրելով մեր չարածների համար, քան գլուխներս կախ աշխատում ենք: Տեսեք, Դուք գնահատել եք իմ կատարած աշխատանքը եւ հրավիրել ինձ Ձեր տաղավար: Այսինքն, ես իմ գործով զբաղվում եմ եւ պարտավորվածություն եմ զգում սերունդների առաջ: Այսինքն՝ միայն ասել, քննադատելը շատ քիչ է: Պետք է կատարես աշխատանք, որ բալանս պահպանվի: Ես մշտապես խոսել եմ թերությունների մասին ու, չգիտեմ ինչու, ստեղծվել է սխալ կարծիք, որ մենք միշտ լռում ենք, ու շատ հաճախ այդ լռությունը կապում են անտարբերության հետ: Ո՛չ, հաճախ լռելը այդ ստեղծված իրավիճակում ավելի օգտակար է եւ ավելի լավ տեղ կտանի, քան դա դարձնել ինչ-որ թեմա ու ավելի զարգացնել: Դրա համար ավելի շատ պետք է աշխատել, դա վերաբերում է ցանկացած մասնագիտությանը: Ու ոչ թե դա դարձնել առաջնային նպատակ՝ փող վաստակելու ու ապրելու, այլ նաեւ ընդհանուր գաղափարի համար: Արդյո՞ք մեր մտածողության մեջ չկա ընդհանուրի համար ինչ-որ բան անելը: Այսօր կան մարդիկ, ովքեր իսկապես մտածում եւ անում են համընդհանուրի համար, բայց դրանք առանձին-առանձին դրսեւորումներ են: Դա էլ է ժամանակ պահանջում: Պիտի համընդհանուր գիտակցություն ունենանք: Շատ հաճախ նաեւ պառակտման թեմա է դառնում այն, որ եթե ես չեմ կիսում կարծիք, ուրեմն՝ թշնամի եմ, վատն եմ: Այ, այս մթնոլորտը կա, ցավոք: Դրա համար որպեսզի թշնամանքի չվերածվի ամեն բան, եւ իրավիճակը հանդարտվի, ճիշտ կլինի այդ պահին լռելը, որովհետեւ նույն քաղաքում ենք ապրում, իսկ մնացածը ցույց տաս գործողությամբ, քո աշխատանքով:
— Ինչու՞ մեր ազգը չարացավ: Այսպիսի՞ն էինք, թե այսպիսին դարձանք:
— Չէ, այսպիսին չէինք, ուղղակի այնպես արեցին, որ ոգեղենությունը, մշակույթը, արվեստը դուրս գան մեր միջից: Ի վերջո, մարդը աստվածային, ոգեղեն էակ է եւ երբ իր համար աստվածային է դարձնում նյութականը, այստեղ փլվում եւ քանդվում է ամեն բան: Թումանյանը հանճարեղ տողեր ունի. «Եթե մարդկային հարաբերությունների մեջ կամ մարդու մեջ ինչ-որ սխալ ես տեսնում ու ուզում ես հասկանալ՝ որտեղից է գալիս, նայիր բնությանը»: Օրինակ է բերում վարունգի թուփը: Ասում է՝ եթե կպար թփին, տրորեցիր, վարունգը դառն է լինում: Հիմա տեսեք` ինչքան են կպել մեզ, ինչքան են տրորել, այսինքն՝ պատճառահետեւանքային կապ կա: Բայց սա չի նշանակում, որ այդպես է եղել, ուրեմն՝ այդպես էլ պիտի շարունակվի: Ի վերջո, բանական արարածներ ենք: Կա միտք, կա սիրտ, ու պիտի այդ ամենը գործի գցել, ու կլինի շատ լավ: Վստահ եմ, որ մենք եթե հավատում ենք մի բանի, իսկապես, համախմբվում ենք: Այ, պետք է գտնել ու ցույց տալ այն լուսավոր կետը, որի շուրջ պիտի համախմբվենք: Ու երբ այդ համախմբումը լինի, վստահ եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում կունենանք բոլորովին այլ եւ լավ առումով ուրիշ մտածողության հասարակություն: Ըստ իս, նաեւ մեկ այլ խնդիր էլ կա՝ մենք կտրվել ենք մեր արմատներից: Արդեն չենք ճանաչում մեզ: Չգիտես ինչու, բայց մեզ միշտ հրամցնում են դրսի արժեքներ՝ եվրոպական, թե մեկ այլ: Ախր դրանք մերը չեն, մեր հագով չեն: Երբ մենք կվերադառնանք մեր արմատներին, ու «հին է», «ամոթ է», չգիտեմ ինչ է գիտակցությունն իսպառ դուրս կհանենք մեր ուղեղից, այդ ժամանակ ամեն բան կընկնի իր տեղը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=288611&l=am/