Ելույթ է ունցել Մահսա Ամինիի մահվան հետ կապված բռնությունների դեմ.Ինչով է հայտնի դարձել սրտային վիրաբույժ Փեզեշկիան
Հանդիպում
Անդրադառնալով Հայաստանում ընթացող զարգացումներին, իրանահայ քաղաքական վերլուծաբան ԱՐՏՈՒՅՏ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նման գնահատական տվեց.
- Սահմանազատման եւ սահմանագծման ներկայիս գործընթացը ստեղծում է Հարավային Կովկասի նոր պլան, որը վտանգավոր է եւ անառողջ նախադեպ կստեղծի տարածաշրջանի մյուս երկրների համար։ Նախ, տարածաշրջանային հավասարումների այս փոփոխությունն ունի նոր եւ ավելի փխրուն ճարտարապետություն, եւ հիմնված է ավելի թույլ կողմի վրա կրկնակի ճնշման եւ հավասարակշռության վերջնական խախտման համար սուր իրավիճակ ստեղծելու վրա: Երկրորդ՝ այս գործընթացը Հայաստանը դարձնում է Ադրբեջանի հաճախորդ երկիր։ Այդ կերպ Երեւանը բավարարում է Բաքվի եւ Անկարայի պահանջները եւ երաշխավորում է Թուրքիայի առաջնորդությունը տարածաշրջանում:
Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի վերջնական կարգավորումը չպետք է եւս մեկ նախապայման լինի խաղաղության համար։ Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը կարող է շարունակվել մի քանի տասնամյակ։ Վրաստանն ու Ադրբեջանը շուրջ 30 տարի քննարկում եւ խորհրդակցում են իրենց ընդհանուր սահմանի շուրջ, սակայն, չնայած դրան, ռազմական ճնշում չի գործադրվում այս հարցում առաջընթաց ապահովելու համար։
Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին զուգահեռ, կառավարությունները ներգրավվում եւ համագործակցում են տարբեր ոլորտներում, հետեւաբար, Ադրբեջանի տեսակետը խաղաղության պայմանագրի ստորագրման եւ դա սահմանազատման եւ սահմանագծման հետ պայմանավորելու մասին նշանակում է միտումնավոր արգելափակել խաղաղության իրական տեսլականը։ Այս կերպ վտանգ կա, որ տարածաշրջանի ապակայունացման մեջ շահագրգռված թշնամական երկրները կօգտագործեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի դժկամությունը որպես լծակ՝ Իրանի սահմանների մոտ տարածաշրջանը հետագա ապակայունացման համար։
- Իրանի նախագահական 14-րդ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքում երկրի 9-րդ նախագահ ընտրվեց Մասուդ Փեզեշկիան: Դրանից ի՞նչ է ակնկալվում:
- Նկատի ունենալով, որ նախընտրական ելույթներում Փեզեշկիանն անդրադարձել է տարբեր երկրների հետ Իրանի հարբերությունները զարգացնելու հարցին, անկալվում է, որ նրա ղեկավարությամբ, 14-րդ կառավարությունը կշարունակի նահատակ Ռաիսիի կառավարության ռազմավարությունը՝ հարեւանների եւ իսլամական երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղությամբ։ Բացի այդ, Ռայիսիի եւ Աբդոլլահյանի կողմից հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացման համար դրված հիմքը հարեւան երկրներին կստիպի Արեւմուտքի եւ Արեւելքի հետ հարաբերությունների զարգացումը չհամարել իրենց շահերին անհամապատասխան, ինչպես Իրանի նախագահական որոշ ժամանակաշրջաններում։
Արեւմտյան Ասիայի երկրներն այսօր դուրս են եկել ԱՄՆ-ի ազդեցությունից եւ արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթությունը տվել են Արեւելքի երկրների, հատկապես՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Ուստի կարելի է ակնկալել, որ 14-րդ կառավարության աշխատանքի ընթացքում արտաքին գործոնները չեն ազդի հարեւան երկրների հետ հարաբերությունների վրա։
Եվ վերջում, ակնկալվում է, որ Փեզեշկյանը եւ նրա գլխավորած 14-րդ կառավարությունը կշարունակեն հարեւան ու տարածաշրւջանային երկրների հետ հարաբերությունների զարգացման ընթացքը եւ քաղաքական հարաբերությունների զարգացումը կուղեկցվի տնտեսական հարաբերությունների զարգացմամբ։
- Պարոն Զոհրաբյան, ի՞նչ քաղաքական հետագիծ ունի նորընտիր նախագահը:
- Փեզեշկիանը փառքի ալիք է ձեռք բերել՝ ելույթ ունենալով Մահսա Ամինիի մահվան հետ կապված բռնությունների դեմ։ Աղջիկը մահացել է 2022 թվականին այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էին կանացի հագուստ կրելը սահմանափակող օրենքը խախտելու համար։ Ամինիի մահը ամիսներ շարունակ բողոքի ցույցեր էր առաջացրել ողջ Իրանում: ՄԱԿ-ի տվյալներով՝ հարյուրավոր մարդիկ սպանվել են, հազարավոր մարդիկ ձերբակալվել են, երբ իշխանությունները փորձել են ճնշել բողոքի ցույցերը: 2022 թվականի բողոքի ցույցերի ժամանակ Փեզեշկիանը իրանական IRINN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ տեղի ունեցածը «մեր մեղքն է, մենք ուզում ենք կրոնական հավատքը ուժի միջոցով ներմուծել: Սա գիտականորեն անհնար է»: Փեզեշկիանը նաեւ ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունում «անընդունելի է աղջկան ձերբակալել հիջաբ կրելու համար, իսկ հետո նրա դիակը ընտանիքին հանձնելը»: Միեւնույն ժամանակ, երբ մի քանի օր անց ամբողջ երկրում սկսվեցին բողոքի ցույցերը, Փեզեշկիանը նախազգուշացրեց, որ նրանք, ովքեր «վիրավորում են գերագույն առաջնորդին, հասարակության մեջ երկարատեւ զայրույթից եւ ատելությունից բացի ոչինչ չեն ստեղծի»:
Այս դիրքորոշումը, ցույց է տալիս ռեֆորմիստ քաղաքական գործչի երկակի դերը Իրանի աստվածապետության մեջ. նա դրսեւորում է փոփոխությունների ցանկություն, բայց երբեք արմատապես մարտահրավեր չի նետում Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից վերահսկվող համակարգին: Իրանում նախագահը պետության երկրորդ դեմքն է, մինչդեռ պետության ռազմավարությունը որոշում է գերագույն առաջնորդը։ Ըստ իրանական ընդդիմադիր գործիչների, Իրանի երկակի կառավարման համակարգի պայմաններում՝ կղերական եւ հանրապետական, նախագահը չի կարող լուրջ փոփոխությունների հասնել իրանական միջուկային ծրագրի կամ Մերձավոր Արեւելքում զինյալ խմբավորումներին աջակցելու քաղաքականության մեջ, քանի որ գերագույն առաջնորդն է բոլոր որոշումները կայացնում կառավարության բարձրագույն խնդիրների վերաբերյալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=287819&l=am/