Փողը շատ քաղցր բան է, բայց ես չեմ հասկանում շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների. Ռուսլան Էլյազյան
Տեսանյութեր«Իրավունք»-ը զրուցել է Երգի պետական թատրոնի վոկալիստ, Երգի թատրոնին կից Արթուր Գրիգորյանի ակադեմիայի դասախոս, երգիչ ՌՈՒՍԼԱՆ ԷԼՅԱԶՅԱՆԻ հետ։
«ԱՆԿԵՂԾ, ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ ԻՄ ՎԱՐՊԵՏԻՆ…»
— Հետաքրքիր ազգանուն ունեք, որը թերեւս ամենից քիչ պատահողներից է։ Որտեղի՞ց եք արմատներով։
— Ճիշտն ասած, ես իմ ազգանունը շատ եմ սիրում, բայց շատերը դժվարանում են այն արտաբերել։ Արմատներս գալիս են Արդահանից։ Այնուհետ գաղթել են Ջավախք, որտեղ էլ ծնվել եւ մեծացել եմ։ Ցավոք, վերջին շրջանում գործի բերումով շատ հաճախ չեմ այցելում Ջավախք, բայց հենց լինում է փոքրիկ հնարավորություն, միանգամից մեկնում եմ։ Պիտի ասեմ, որ երաժիշտների ընտանիքից եմ՝ պապիկս, հայրս այդ ուղղությամբ են գնացել: Եվ հորս հորդորով` ես էլ գնացի այդ ուղղությամբ։ Եկել եմ Երեւան` սովորելու Կոնսերվատորիայում, սկզբում դասական վոկալ, այնուհետ` ժողովրդական։
— Ամենից առավել հանրության մեջ տպավորվել է ՀՀ ժողովրդական արտիստ, լուսահոգի Արթուր Գրիգորյանի հետ Ձեր կատարումը, որը, կարծես, հուզել է ամենքին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Նախ` այդ երգի թեման այնպիսին է, որ հնարավոր չէ չհուզել։ Արթուր Գրիգորյանն այնպիսի հոգի է դրել այդ երաժշտության մեջ, որ կարող եմ ասել՝ վերջին տարիների գլուխգործոցներից է։ Ես ստացա առաջարկ` կատարել այդ ստեղծագործությունը, որն ինձ համար չափազանց կարեւոր առաջարկ էր։ Սկզբում որոշված էր, որ միայնակ պիտի կատարեմ այդ երգը, որը գրված էր ֆիլմի համար, բայց հուրախություն ինձ` հետո այդ երգը Արթուր Գրիգորյանի հետ զուգերգով կատարեցինք։ Ինձ համար մեծ պատիվ էր իմ վարպետի հետ կատարել եւ ներկայացնել այդ գեղեցիկ գործը։ Անկեղծ, շատ եմ կարոտել իմ վարպետին, ով միայն վարպետ չի եղել ինձ համար։ Նա եղել է ինձ համար նաեւ հայր, եւ դա եղել է փոխադարձ՝ հայր-որդի, վարժապետ-արտիստ։ Ամեն ոլորտում ես եղել եմ իր կողքին, ինքը իմ՝ կյանքում ընկերներ, խրատներում` հայր, բեմում` ուսուցիչ։ Այդ ամենը կապված եւ շղթայված է եղել։
«ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԷՐ ՍՏՈՒՄ»
— Քանի՞ սերունդ է կրթել Արթուր Գրիգորյանը Երգի պետական թատրոնում:
— Եթե այսպես հաշվենք, ապա` հինգ, սակայն այդ ընթացքում մարդիկ եկել ու գնացել են։ Մարդիկ են եղել, որ մնացել են, բայց հարազատ չեն դարձել, եւ եղել են մարդիկ, ովքեր գնացել են, բայց հարազատ են դարձել։ Թատրոնը մի վայր է, որտեղ գալիս են նախ կրթվելու, հետո ներկայացնելու իրենց ունակությունները, տաղանդը, որովհետեւ Արթուր Գրիգորյանը երբեք չէր ստում։ Եթե տաղանդավոր մարդ էր, ասում էր մնա, եթե` ոչ, ապա ասում էր պարզ, որ` չէ, չես կարող, գնա, մի երգի։ Ես շատերին գիտեմ, որ չեն կարողանում ճիշտն ասել։ Դա խոսում է մարդու պրոֆեսիոնալիզմի մասին։ Եվ այս հարցում եւս Արթուր Գրիգորյանը բարձունքի վրա էր։
— Առանց վարպետի ի՞նչ է կատարվում Երգի թատրոնում։
— Դատարկություն էր… Սակայն, հիմա փորձում ենք լցնել իր ոգով, իր երաժշտությամբ ու մյուզիքլներով։ Ես միշտ ասել եմ, որտեղ հնչում է իր երաժշտությունը, այդտեղ հայտնվում է Արթուր Գրիգորյանի հոգին։ Ես բազմիցս զգացել եմ դա։ Այս պահին թատրոնում շատ ակտիվ թե՛ մանկական, թե՛ ավելի բարձր տարիքի համար նախատեսված ծրագրեր ենք իրագործում։ Մենք ունենք «Կորցված մեղեդի» մյուզիքլ, որն Արթուր Գրիգորյանի կյանքի մասին է, ներկայացնում է այն ուղին, որը եղել է տարիների ընթացքում, թե ինչպես են արտիստները գալիս-գնում, բայց հետո կրկին գալիս։ Կոնկրետ այս մյուզիքլում Երգի պետականի մեներգիչներն են, սակայն շատ այլ մյուզիքլներ կան, որ մենք համագործակցում ենք Երգի պետականի ակադեմիայի ուսանողների հետ, որտեղ սովորում ու փորձ են ձեռք բերում, եւ այդ կապը շատ կարեւոր է ուսանողի համար։
«ՇԱՏ ԳՈՀ ԵՄ, ԱՆԳԱՄ ԻՄ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՎԵԼ Է»
— Դուք նաեւ դասավանդում եք…
— Ակադեմիայում կա ժողովրդական բաժին, որտեղ ունեմ երեք կուրս ՝ 50 ուսանող, բայց ամեն տարի տարբեր կարող է լինել։ Բացի ժողովրդականից, ես իմ ուսանողներին սովորեցնում եւ ծանոթացնում եմ բոլոր ժանրերի հետ։ Ու նրանք երգում են ե՛ւ էստրադա, ե՛ւ ժողովրդական, ե՛ւ այլ ժանրերում։ Անգամ վերջին կուրսերում ծանոթացնում եմ ջազային ստեղծագործությունների հետ։ Լինում են մարդիկ, որ փոխում են ուղղվածությունը՝ ժողից դեպի էստրադա, կամ` ջազ։ Բոլորովին վերջերս տեղի ունեցավ «Ամենից ամենա» մրցույթը, որտեղ հաղթեց իմ սանը՝ Դավիթը, ով ժողովրդական բաժնից էր, սակայն հաղթեց էստրադայով։ Եվ եթե ես իրեն այս տարիների ընթացքում ծանոթացրած չլինեի այդ ոճի հետ, իր համար խորթ կլիներ ժանրը, բայց քանի որ տեղեկացված ու ուսումնասիրված էր նաեւ էստրադա ոճը, ապա ավելի գրագետ ստացվեց հաղթանակը։ Պիտի ասեմ, որ շատ լավ մասնակիցներ կային՝ տաղանդավոր, հետաքրքիր։ Այս մրցույթով մենք նաեւ փորձում էինք տեսնել ստուդիայի պատկերը, ու պիտի ասեմ` շատ գոհ եմ, անգամ իմ սպասելիքները գերազանցվել է։
— Տեսնելով Ձեզ թե՛ բեմում, թե՛ որպես ժյուրիի անդամ` կարելի է ասել, որ էմոցիոնալ եք…
— Հիմնականում էմոցիոնալ եմ, սակայն կարեւոր պահերին փորձում եմ սառը դատել, ու ստացվում է` հաշվի առնելով իմ փորձն ու գիտելիքները։ Չկա այնպիսի բեմ, որ բարձրանամ ու չհուզվեմ, անկախ, թե քանի անգամ եմ բարձրանում այդ բեմահարթակը։ Բայց շուտ հավաքվում եմ` հասկանալով, որ հուզմունքը լավ է, սակայն պետք է տեղ հասցնել այն, ինչ կա քո ներսում։
«ՉԵՄ ՃԱՆԱՉՈՒՄ ԿԻՐԹ, ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ ՄԻ ԱՆՁԻ, ՈՐ ՇԱՏ ՍԻՐԻ ՌԱԲԻՍ»
— Ինչ եղավ մեր մշակույթի, մասնավորապես` էստրադայի, շոու-բիզնեսի հետ։ Ինչո՞ւ այլեւս առաջվանը չէ:
— Տասը տարի առաջ Արթուր Գրիգորյանը աղմկահարույց հարցազրույց տվեց, ու մենք չէինք հասկանում խորությունը, բայց հիմա հասկանում ենք, թե ուր է գնում շոու-բիզնեսը։ Հիմա շատ շոու-բիզնեսի երգիչներ իմ ընկերներն են, բայց, միեւնույնն է, իրենց չեմ հասկանում։ Փողը շատ քաղցր բան է, բայց չեմ հասկանում իրենց։ Ես նաեւ գիտեմ արտիստների, ովքեր իրենց որոշ բաներից զրկելով` ե՛ւ գումար են աշխատում, ե՛ւ լավ երաժշտություն են ներկայացնում, այսինքն` կեսը ունկնդրի, կեսը` իրենց համար։ Դա շատ լավ՝ ոսկե միջինն է, մի բան, որ, ցավոք, մեծամասնության մոտ բացակայում է։ Չեմ կարող շատ ծավալվել, բայց փողը հաղթում է։ Այստեղ պիտի կրկնեմ՝ կրթությունն է կարեւոր։ Ես չեմ ճանաչում կիրթ, դաստիարակված մի անձի, որ շատ սիրի ռաբիս։ Ճանաչում եմ կիրթ մարդկանց, ովքեր` այո՛, հարսանիքի ժամանակ կարող են պարել, ուրախնալ նման երաժշտության տակ, բայց իրենք իրենց տանը, մեքենայում եւ ականջակալներով չեն լսում նման երաժշտություն։ Ես էլ եմ երգում ռեստորաններում եւ, բնականաբար, հարսանիքի վայրում չեմ կարող անդադար երգել Արթուր Գրիգորյանի երգացանկը, քանի որ խնջույք է, ու մարդիկ ցանկանում են պարել, բայց դա միայն այնտեղ։ Դա բերել հեռուստատեսություն, համերգասրահներ, մի քիչ ամոթալի է։ Հայերեն լեզվով այլ երգեր երգելը` դեռ հայկական չէ։ Շատ երգահաններ ասում են, որ իրենք թուրքական չեն գրում, այլ գրում են բալկանյան երաժշտություն, սակայն պետք է հասկանալ, որ նույն բալկանյան երկրները եղել են Օսմանյան կայսրության տակ եւ տարիներ շարունակ սնվել են թուրքական երաժշտությամբ։ Եկեք մի փոքր գնանք կոմիտասյան շրջան։ Կոմիտասը հասկացավ, որ մեր երաժշտության հետ ինչ-որ բան է կատարվում, ու այն պետք է փրկել, քանի որ հայկական երաժշտությունը վերածվում է թուրքականի, իրենց լադերով, մելիզմներով։ Եվ Կոմիտասը որոշեց, որ այն պետք է հնչի հայերեն` կողքից հանելով օտար հնչյունները ու զտելով` մատուցեց մեզ։ Կրկին ասեմ. փողը քաղցր է եւ գայթակղիչ, շատերը արդարանում են, ասելով, որ սա ընդամենը բիզնես է, բայց չեն հասկանում, որ այդկերպ իրենք վարակում են հանդիսատեսին, փոքրերին։
— Ի՞նչ նոր ծրագրեր, երգեր ունեք մոտ ապագայում։
— Անկեղծ ասած, մի քանի տարի է, ինչ պասիվ էի, բայց հիմա մի փուլում եմ, որ ցանկանում եմ անել լավ գործ, ու եթե այն դիտի թեկուզ հինգ հազար մարդ, ապա ես պատրաստ եմ դա անելու։ Հետեւաբար, հնարավոր է երկու կամ երեք երգ, որոնք գուցե չունենան տեսահոլովակ, լինեն բեմից նկարահանված, բայց կարեւորը ճաշակով ու գեղեցիկ։
— Ո՞ր երգն եք ամենից շատ առանձնացնում Արթուր Գրիգորյանի երգացանկից։
— «Մայրիկ» երգը, ու բնավ կապ չունի, որ մոր մասին է։ Այդ երգի համար շատ էի ուրախացել, չնայած որ այդ երգից առաջ ինձ համար վարպետը հերթական հրաշք երգն էր գրել ` «Եթե»-ն, բայց «Մայրիկ»-ի ժամանակ էմոցիաներս հասել էին պիկին, ու դա ֆավորիտ դարձավ հոգուս մեջ։ Ես Արթուր Գրիգորիչին շատ շնորհակալ եմ ու փորձում եմ հավատարիմ մնալ իր սկզբունքներին, որը տվել է մեզ ժառանգաբար, իսկ մենք մեր հերթին փոխանցում ենք սերունդներին։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=285687&l=am/