Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- Կիրեեւ
Վերլուծություն
Հայաստանի արտաքին քաղաքականության, Ռուսաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաև հայ հասարակության բողոքի ցույցերի մասին զրուցել ենք Եվրասիական միջազգային շարժման վերլուծական բաժնի ղեկավար, քաղաքագետ Վլադիմիր Կիրեևի հետ։
- Օրերս տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ինչպե՞ս կգնահատեք այն: Արդյո՞ք հայ-ռուսական հարաբերություններում կարող ենք դեպի լավը փոփոխություններ սպասել ։
- Առայժմ վերցված է թայմ-աութ։ Հարաբերությունների կտրուկ խզում տեղի չունեցավ, ինչը կարելի էր սպասել` ելնելով Հայաստանի ժամանակակից ղեկավարության կողմից արված մի շարք հայտարարություններից,այդ թվում` Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասում կայսերական գործառույթ կատարելու մասին, բազմաթիվ պարամետրերով պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելուց, Էրդողանին և Արևմուտք այցելություններից: Այս ամենը կարծես հարաբերությունների լիակատար խզման հաստատուն հետագիծ էր։ Այս պահին հարաբերություններում խզում չի եղել։ Կա դիրքերի ինչ-որ համաժամեցում:
Երկխոսությունն այնուամենայնիվ կայացավ։ Եվ սա հնարավորություն է, որ ինչ-որ հաջորդ փուլում հարաբերությունները կարող են վերսկսվել դրական հունով: Իհարկե, շատ ավելի վատ կլիներ, եթե Հայաստանը լիովին դուրս գար Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցությունից եւ միջազգային կազմակերպությունների հարթակներից, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն։ Հետագայում շատ ավելի դժվար կլիներ դրանք վերագործարկել, քանի որ բավական է ամերիկացիներին ինչ-որ տեղ ռազմաբազա տեղակայել, այլեւս այդ երկրի հետ որևէ բան անել հնարավոր չի լինում, քանի որ այն փաստացի արտաքին վերահսկողության տակ է հայտվում։
Այս պահին Արևմուտքի և ԱՄՆ-ի ազդեցության հետ մեկտեղ Հայաստանը դեռեւս մնում է ինքնիշխան երկիր, որի հետ մենք կարող ենք համագործակցել։ Եթե այն ընկնի լիակատար վերահսկողության տակ, դա կլինի ամբողջական պրոտեկտորատ եւ փոխգործակցությունը անհնար կլինի, տնտեսական կապերը կխզվեն։
- Հայաստանի ղեկավարությունը բազմիցս մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին և հայտարարություններ արել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հնարավոր սառեցման մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մեղադրանքները։
- ՀԱՊԿ-ն, ըստ էության, բավականին թուլացած կազմակերպություն է։ Նա չի պաշտպանել Հայաստանի շահերը: Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ երկրները հաճախ չեն ձգտում մասնակցել միմյանց պաշտպանելուն։ Այժմ Բելառուսը մասնակցում է Ռուսաստանի պաշտպանությանը հավաքական Արևմուտքի ագրեսիայից։ Արդյոք Կենտրոնական Ասիայի երկրները կմասնակցե՞ն Ռուսաստանի պաշտպանությանը: Մենք մեծ կասկածներ ունենք։
Տաջիկստանը խնդրահարույց իրավիճակ ունի իր` Աֆղանստանի հետ հարավային սահմանին։ Տպավորություն չունեմ, որ Ղազախստանը կամ Բելառուսը ձգտում են պաշտպանել Տաջիկստանի անվտանգությունը։
Այսինքն՝ ՀԱՊԿ-ն ավելի քիչ հավաքված, ավելի քիչ համակարգված կազմակերպություն է, քան ՆԱՏՕ-ն՝ իր բոլոր խնդիրներով։
Ավելի ճիշտ կլինի խոսել Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցության մասին։ Իր հերթին, ես անարդար եմ համարում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները, որ Ռուսաստանը չի պաշտպանում իր գործընկերներին։ Չնայած նրան, որ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, միևնույն ժամանակ հենց Ռուսաստանն է ՀԱՊԿ բոլոր երկրների անվտանգության փաստացի երաշխավորը։
Սա հենց Ռուսաստանի և նրա ղեկավարության ըմբռնումն է, թե որտեղ են գտնվում նրա շահերը: ՀԱՊԿ գործընկերների անվտանգությունը հենց Ռուսաստանի անվտանգությունն է, հետևաբար Ռուսաստանը բավականին պարտաճանաչ է կատարում իր պարտավորությունները, պաշտպանում իր գործընկերների շահերը, և ես անարդար եմ համարում նրա հասցեին հնչող կշտամբանքները։
Կարելի է ասել, որ Ռուսաստանը շատ առումներով համառ չէ, քանի որ, իմ կարծիքով, Ռուսաստանը կարող էր ավելին անել հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Ռուսաստանը ֆորմալ առումով շատ լավ լուծում առաջարկեց, բայց բավականաչափ համառություն չունեցավ մեր դիրքորոշումն առաջ տանելու հարցում։
Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև Հայաստանի ղեկավարությունը հարցը լուծում է շատ ավելի վատ ձևերով, այսինքն՝ փաստացի պարտվում է։ Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց, և ի վերջո իրավիճակը հասավ նրան, ինչին հասել է այժմ։ Բայց իր հերթին ասել, որ Ռուսաստանը չի պաշտպանում Հայաստանի շահերը, նշանակում է անազնիվ լինել։
Եվ ինչ-որ պահի, կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանին դուրս մղեց այս հարցի լուծումից, որպեսզի ազատվի իր ազդեցությունից։ Որովհետև արևմտյան գործընկերներն ասում են, որ առանց Ռուսաստանի ավելի լավ կլինի։ Իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ արևմտյան կուրատորները հասկանում են, որ եթե Ռուսաստանն ամբողջությամբ լքի տարածաշրջանը, դա կնշանակի Հայաստանի վերջը։ Թուրքիան և Ադրբեջանը, որոշակի հանգամանքներում, երբ միջազգային հանրության ուշադրությունը տեղափոխվի այլ տարածաշրջանի վրա, պատրաստ են ուժով լուծել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը։ Ուստի Ռուսաստանը Հայաստանի տարածքային ամբողջականության միակ իրական երաշխավորն է, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի դիրքորոշումը նույնպես անթերի չէ։ Եվ դա, ինչը շատ կարևոր է, հասկանում են նույնիսկ արևմտյան կուրատորները, ովքեր Փաշինյանին ասում են, որ չշտապի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանը կորցնելն իրենց համար ավելի քիչ ձեռնտու է, քան հանրապետության վրա ինչ-որ վերահսկողություն, ազդեցություն ունենալը, նույնիսկ եթե ոչ 100 տոկոսով:
- Օրերս Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն էր։ Ձեր կարծիքով, որքանո՞վ են երկրները մոտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
- Այս պահին ինձ թվում է, որ թե՛ արեւմտյան կուրատորները, թե՛ իրենք՝ երկու հանրապետությունների ղեկավարները, ձգտում են միջանկյալ արդյունքի հասնել, ինչ-որ համաձայնության ազատ գործելու հնարավորության համար։ Բայց կարելի՞ է արդյոք բանակցային գործընթացն ու խաղաղ պայմանավորվածությունները վստահելի անվանել։ Ցավոք, դա անհնար է ասել, քանի որ և՛ Բաքուն, և՛ Անկարան ներկայումս մտնում են բանակցային գործընթաց և բավարարվում են «բուսակերային չափաբաժիններով»՝ փոքր տարածքների տեսքով, բայց, իհարկե, պարզ է, որ և՛ Թուրքիայի համար, և' Ադրբեջանի՝ առանցքային Խնդիրը Թուրքիայից Ադրբեջան ցամաքային միջանցքի ձեռքբերումն է՝ Կասպից ծովով, Կենտրոնական Ասիայով դեպի Կենտրոնական և Հարավային Ասիա հետագա տրանսպորտային և լոգիստիկ համակարգ ունենալու համար։Սա շատ կարեւոր հարց է։ Եվ, հետևաբար, նրանք դժվար թե կանգ առնեն նման կիսատ միջոցների վրա՝ խաղաղության պայմանագրի ստորագրման տեսքով։ Բանակցել, իհարկե, պետք է, բայց, նախ՝ Արևմուտքը երաշխիքներ չի տալիս, և երկրորդ՝ ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը հաստատ կանգ չեն առնի իրենց ցանկությունների մեջ, ուղղակի հետաձգում են այս հարցի լուծումը մինչեւ հարմար պահի ի հայտ գալը։ Եվ այս պահը կարող է հայտվել մոտ ապագայում, քանի որ հենց Արևմուտքի ուշադրությունը շեղվի և Ռուսաստանը դուրս մնա այդ գործընթացներից, Հայաստանը կրկին մենակ կմնա Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
- Այս օրերին Հայաստանում ընդդեմ երկրի ղեկավարության բողոքի ցույցեր են ընթանում։ Որոշ «փորձագետներ» ցույցի առաջնորդներին անվանում են Կրեմլի գործակալներ, մյուսները` տեսնում են ամերիկյան հետք։ Ինչպե՞ս կգնահատեք այս ցույցերը:
- Ես տեսնում եմ, որ այդ բողոքն իսկապես հրահրված է հայ հասարակության ներսում խոր գործընթացներով։ Հարկ է նշել, որ հայ հասարակության ներսում եղած հայրենասիրության նման բարձր մակարդակը հազվադեպ է, որտեղ կարելի է հանդիպել հետխորհրդային տարածքում՝ չնայած բոլոր քարոզչությանը։ Հայ հասարակությունը ամենախորն է զգում իր ազգային շահերը, կապը պատմության, իր հայրենի հողի հետ և հասկանում, որ յուրաքանչյուր բաց թողնված հնարավորություն` երեխաներից խլված ապագա է։
Եվ այս դեպքում հայկական հողի յուրաքանչյուր կտոր կապված է պատմության, կյանքի համար հնարավորությունների, ապագայի հետ։ Հայաստանի քաղաքացիները շատ հստակ հասկանում են, որ հանուն քաղաքական ակնթարթային պահերի իրենց շահերը մսխելը հանցագործություն է։ Սա աքսիոմա է։
Ես տեսնում եմ, որ սա ներքին բողոք է։ Կարո՞ղ են դրան աջակցել ինչ-որ ուժեր դրսից: Կարծում եմ, որ կարող են: Բայց, նախ, Ռուսաստանը քիչ մասնակցություն ունի հետխորհրդային տարածքում։ Ռուսաստանը հատկապես ձեռնպահ է մնում հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ համագործակցությունից։ Նա կարող է բարոյական աջակցություն ցուցաբերել, բայց ոչ ավելին։
Մյուս կողմից՝ ամերիկացիները կարող են իրավիճակը անկայունացնել՝ Փաշինյանի վրա ճնշում գործադրելու լծակներ ունենալու համար։ Բայց սկզբունքորեն Փաշինյանն իրենց բավարարում է։ Նա համաձայնում է Արեւմուտքի բոլոր պահանջներին։ Ուստի ես տեսնում եմ, որ այս բողոքն առաջին հերթին ներքին բնույթ ունի։ Այն կապված չէ Ռուսաստանի, Իրանի կամ ԱՄՆ-ի հետ: Դրա որոշ ներկայացուցիչներ կարող են հարաբերություններ ունենալ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ, բայց ընդհանուր առմամբ սա ներքին երեւույթ է եւ, ըստ իս, սթափ մարդու բանականության ձայնն է ։
Զրույցը վարեց` Զարուհի Բաբուխանյանը
https://iravunk.com/sim/?p=283563&l=am/