Հայաստանն այսօր կառավարվում է Արեւմուտքի դուրսպրծուկների, Սորոսի եւ ամերիկյան որոշակի կառույցների կողմից. Խոմերիկի
Ներքաղաքական
«Իրավունք»-ը զրուցել է Վրաստանի ազգերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուս եւ վրացի ժողովուրդների միասնության հիմնադրամի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ԽՈՄԵՐԻԿԻԻ հետ:
— Վլադիմիր Կիրիլովիչ, իրավիճակը մեր տարածաշրջանում բավական լարված է: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է սպասվում թե՛ Վրաստանին, թե՛ Հայաստանին:
— Իսկապես, հիմա շատ մեծ փորձությունների միջով է անցնում թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը: Տարածաշրջանում իրավիճակը լարված է, իսկ լուծումները՝ բարդ: Այս տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը փոխվում է։ Արեւմտյան երկրների եւ Միացյալ Նահանգների հետաքրքրությունն այս տարածաշրջանում միայն այն պլացդարմ դարձնելն է սեփական շահերի համար՝ բացարձակապես հաշվի չառնելով ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Վրաստանի շահերը։ Իսկ մեր հարեւանությամբ ՆԱՏՕ-ի անդամ մեծ պետություն կա՝ ի դեմս Թուրքիայի, որը, բնականաբար, ունի իր հեռահար ծրագրերը մեր երկու պետությունների տարածքների առնվազն մի մասի նկատմամբ, եւ նա, ամեն կերպ ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանում, փորձելու է ամրապնդել իր դիրքերը։ Թուրքիայի էքսպանսիան շարունակվում է: Մենք այսօր տեսնում ենք նաեւ, թե ինչպես է այն գործում Ուկրաինայում ընդդեմ Ռուսաստանի, ինչպես է երախը բացել Ղրիմի դեմ: Այնպես որ, մեր երկու պետություններն էլ կանգնած են մեծ մարտահրավերների առաջ։ Դրա համար մեր երկրների ղեկավարությունը եւ առողջ ընդդիմությունը պետք է միավորվեն, որպեսզի պաշտպանեն իրենց պետությունների անկախությունը, թույլ չտան, որ դրանք կլանվեն ուրիշի կողմից, գործեն միասին՝ անկախ եւ ուժեղ մնալու համար։ Իսկ դրա համար, բնականաբար, նրանց գործընկեր է պետք: Գործընկեր, որն անհիշելի ժամանակներից ունեցել ենք, Ռուսաստանն է, որը ժամանակին փրկել է Վրաստանը (նկատի ունեմ Գեորգիեւյան պայմանագիրը) եւ Հայաստանը՝ թուրքական ջարդից։ Ռուսաստանը երբեք ոտնձգություն չի կատարել մեր երկրների տարածքի հանդեպ, քանի դեռ մեր պետությունները չեն սկսել նրան որոշակի տհաճ մարտահրավերներ նետել՝ փորձելով վտանգները մոտեցնել իր սահմաններին։ Ուստի, կարծում եմ՝ այսօր ստեղծված իրավիճակը պահանջում է հենց առողջ դիրքորոշումների միավորում: Այս առումով ողջունելի է այն պլատֆորմը, որը ձեւավորել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը՝ առաջնորդվելով առողջ ուժերի միավորմամբ եւ առաջին հերթին՝ սեփական պետության ու ժողովրդի շահով:
— Ռուսաստանի հարցում Վրաստանը, կարծես թե, սկսել է բավական զուսպ քաղաքականություն վարել, ավելի կառուցողական դաշտում դիրքավորվել: Կարելի՞ է ասել, որ ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանը դասեր քաղել է անցյալից:
— Այո, միանգամայն ճիշտ եք: Համապատասխան եզրակացություններ Վրաստանն արել է: Վրաստանն անցավ այս ամենի միջով, բայց, ցավոք, Հայաստանն էլ կրկնեց այդ ճանապարհը ու կորցրեց Ղարաբաղը։ Վրաստանը եւ Հայաստանը, ցավոք, այսօր կառավարվում են Արեւմուտքի դուրսպրծուկների, Սորոսի եւ ամերիկյան որոշակի կառույցների կողմից, որոնք հատուկ պատրաստել են մասնագետների, որպեսզի փոխեն տարածաշրջանի արտաքին վեկտորը եւ մեր պետությունները դարձնեն պարզապես իրենց վասալները։ Սա մենք տեսանք Սահակաշվիլիի վարած քաղաքականության օրոք, որը հանգեցրեց տարածքի մի մասի կորստի եւ, ըստ էության, երկրի հետագա փլուզման։ Այսօր, իհարկե, Վրաստանում եկել են նոր իշխանություններ, որոնք այս հարցը վերցրել են իրենց ձեռքը։ Բայց, ցավոք սրտի, նրանք նույնպես մեծ ճնշման տակ են դրսից։ Նրանց փորձում են ներքաշել Ուկրաինա ռազմական հակամարտության մեջ, կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ եւ այլն: Սակայն Վրաստանի այսօրվա ղեկավարությունը հստակ հայտարարել է, որ մենք գործում ենք` մեր երկրի եւ մեր ժողովրդի շահերից ելնելով։ Սա նրանք հասկացել են, թեպետ Վրաստանը ՆԱՏՕ-ում ունի թեկնածուի կարգավիճակ, որը 10 տարի հետո կարող է ինչ-որ իրավական ուժի մեջ մտնել, բայց, ամենայն հավանականությամբ, իհարկե, չի էլ ստանա այդ կարգավիճակը: Պարզապես, նրանք առայժմ ստիպված են խաղալ այս խաղերը եւ կատարել այն, ինչ պարտադրվում է՝ ԼԳԲՏ-ականների համար «կանաչ լույս վառել» եւ այլն: Հայ ժողովուրդը պետք է ուշադիր լինի եւ չկրկնի Վրաստանի սխալը: Դուք կորցրիք Ղարաբաղը, հաջորդիվ կարող է Հայաստանի մյուս տարածքները կորցնեք: Սա պետք է զգուշացնել հայ ժողովրդին: Ձեզ օրինակ թող լինի Վրաստանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=279968&l=am/