Ժողովուրդը կարող է մնալ մեն-մենակ թուրքական վտանգի դեմ. Բալասանյան
Ներքաղաքական
Ընդամենն օրեր առաջ Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը CNN Turk-ի հետ հարցազրույցում հայտարարում էր սահմանների բացման եւ Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների լիակատար կարգավորման պատրաստակամության մասին: Ավելին՝ նա վստահեցնում էր, թե՝ «այս պահին մենք որեւէ խոչընդոտ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման եւ սահմանի բացման համար», ապա հավելում էր, որ Հայաստանը քաղաքական կամքի դրսեւորում է ակնկալում Թուրքիայի կողմից: Մինչդեռ Թուրքիան մեր ուղղությամբ ծանր զինտեխնիկա է տեղակայել սահմանին՝ Մարգարայի անցակետի դիմաց: Ըստ մեր հավաստի աղբյուրների` թուրք սահմանապահները խոշոր տրամաչափի ականանետեր են տեղադրել՝ մինչեւ 10 կմ կրակի հեռահարությամբ։ Հիմնական զինտեխնիկան գտնվում է սահմանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա։ Զուգահեռ Կարսում այս պահին տեղի են ունենում լայնածավալ զորավարժություններ, որոնց առաջին անգամ մասնակցում են մարտական ինքնաթիռներ։ Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
— Ինչի՞ կարող է հանգեցնել եւ ի՞նչ վտանգներով է հղի հայ-թուրքական սահմանում առկա կուտակումները:
— Իսկապես, մտահոգիչ են տեղեկությունները: Անգամ 90-ականների սկզբին երբ թուրքական զորքի կուտակումներ են եղել սահմանին, չեն եղել հրետանային կուտակումներ, հեռահար հրետանի էլ չի տեղակայվել: Այն ժամանակ մարշալ Շապոչնիկովը շատ կոշտ տոնով պահանջեց եւ այնպես արեց, որ թուրքերը հրաժարվեցին Հայաստան ներխուժելու իրենց մտադրությունից՝ Քարվաճառի ազատագրումից հետո: Այնպես որ, ներկայիս կուտակումներն աննախադեպ են: Եվ այստեղ պետք է հաշվի առնել Էրդողանի տարիներ առաջ արված հայտարարությունն առ այն, որ Հայաստանի եզդիաբնակ գյուղերում Քրդական բանվորական կուսակցության աջակիցներ եւ մարտիկներ կան, որոնք թաքնվում են: Այն ժամանակ նա Հայաստանին մեղադրում էր Քրդական բանվորական կուսակցության մարտիկներին Հայաստանում ապաստան տալու մեջ եւ հիմա, կարծես, Թուրքիան մտածում է, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության եւ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման խոսակցությունների ֆոնին ժամանակն է խաղարկել Հյուսիսային Իրաքի կամ, այսպես կոչված, Իրաքյան Քուրդիստանի խաղաքարտը եւ նույնկերպ կետային հարվածներ հասցնել, ըստ Էրդողանի, այն հատվածներին, որտեղ կարող են տեղակայված լինել Քրդական բանվորական կուսակցության մարտիկներ: Էրդողանից նաեւ հեռու չէ, որ մեղադրի Հայաստանին, թե այնտեղ կարող է մարզական ճամբարներ լինեն: Երբ նայում ենք Մարգարա գյուղից օդային ուղիղ գծով, բավականին մոտ է ստացվում Արագածի եզդիաբնակ գյուղերը: Սա իմ կարծիքով՝ ամենից վտանգավոր սցենարներից մեկը կարող է լինել: Այդուհանդերձ, այս պահին Թուրքիան չի անցնի բացահայտ հարձակման Հայաստանի սահմանի վրա, քանի դեռ այնտեղ կանգնած են ռուս սահմանապահները: Բայց օգտվելով հայ-ռուսական այս լարվածությունից` Էրդողանը կարող է անցնել տարիներ առաջ արտահայտած իր պլանի իրականացմանը եւ կետային հարվածներ հասցնել: Սա չափազանց վտանգավոր է եւ կարծում եմ՝ այս պահին կտրուկ գործողություների կարիք կա՝ ՀՀ իշխանությունների կողմից հասկանալու համար, թե ինչ է կատարվում առհասարակ սահմանին:
— Երբ ՀՀ իշխանությունները սրընթաց գնում են հակառուսական, արեւմտյան ճանապարհով, ինչո՞ւ է Թուրքիան շտապում, երբ հնարավոր է, որ ՀՀ իշխանությունը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին պահանջագրից հետո, որոշի Գյումրիի 102-րդ ռազմաբազան էլ հեռացնել ՀՀ-ից՝ կանաչ լույս վառելով թուրքերի համար:
— Կարծում եմ՝ թուրքերը վստահ չեն, որ ռուսական կողմը դուրս է գալու Հայաստանից, եւ իրենք «այժմ եւ հիմա» սկզբունքով են փորձում առաջ շարժվել՝ մտածելով, որ ավելի լավ է հիմա մի փոքր ինչ-որ բան ստանալ՝ ցույց տալով իր ուժը, քան սպասել, թե երբ ռուսները դուրս կգան կամ դուրս չեն գա: Ես ավելի քան վստահ եմ, որ 102-րդ ռազմաբազան դուրս չի գալու Հայաստանից, որովհետեւ, ինչպես ռուսական կայսրերից մեկն է ժամանակին ասել՝ «Այնտեղ, որտեղ ռուսական դրոշը բարձրացվում է, այլեւս երբեք չի իջնում»: Դրա համար կարծում եմ՝ Թուրքիան հիմա է ցանկանում օգտագործել այս պատեհ պահը` հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների անհասկանալի վարքագիծն ու հայտարարությունները եւ ռուսների հետ հարաբերությունների անընդհատ իջեցումն ու լարվածության նոր օջախների առաջացումը: Փորձում են «պղտոր ջրում ձուկ որսալ», ինչն Էրդողանի մարտավարությունն է, բայց ես կարծում եմ՝ ամեն դեպքում, կլինի զանգ Էրդողանին Մոսկվայից եւ հրանոթների շուրջ աղմուկը կանցնի: Հիմա արդեն, կարծես, նյարդերի խաղ է գնում, եւ սպասում են տեսնեն՝ Հայաստանն ի՞նչ քայլեր է անելու կամ արձագանքելո՞ւ է դրան, թե՞ հերթական անգամ ասելու են՝ քանի որ ռուսներն են կանգնած սահմանին, թող ռուսներն էլ մտածեն, իրենք էլ սահմանը պահեն: Ամենից մտահոգիչն այն է, որ առհասարակ ժողովուրդը կարող է մնալ մեն-մենակ թուրքական վտանգի դեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=278718&l=am/