Զարմացած եմ, միթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մարդիկ այդքան կարճ հիշողություն ունեն. Մանասերյան
Ներքաղաքական
«Իրավունքի» զրուցակիցն է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:
- Ըստ էության, այսօր Հայաստանը Արցախին առաջարկում է՝ ինտեգրում, այսինքն՝ այն, ինչ առաջարկում էր Ադրբեջանը: Սրանով մենք Արցախը դարձնում ենք Նախիջեւա՞ն, թե՞ դեռ հնարավոր է պատմության այս էջը չթերթել:
- Ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետության բնակիչներին պետք է տրվի փախստականի կարգավիճակ` համաձայն 1951 թվականի Ժնեւի կոնվենցիայի։ 1951 թվականի Ժնեւի կոնվենցիան փախստականների մասին իրավունքի հիմնական միջազգային փաստաթուղթն է: Կոնվենցիան հստակ սահմանում է, թե ով է փախստականը եւ ինչպիսի իրավական պաշտպանություն, այլ օգնություն եւ սոցիալական իրավունքներ նա պետք է ստանա փաստաթուղթը ստորագրած երկրներից: Այսպիսով, ՀՀ կառավարությունը պետք է հնարավորություն եւ ուղի տա արցախահայությանը՝ ապագայում իր իրավունքների պաշտպանության համար։ Արցախի էջը, նույնիսկ ՀՀ գործող կառավարության մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չի լինելու այդպես հեշտ թերթել, այդ ամենը հիանալի գիտակցում է Ադրբեջանը, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ ցանկանում է կնքել «խաղաղության պայմանագիրը», որն, ըստ իս, սկիզբն է նոր կապիտուլացիայի, ՀՀ տարածքների զիճմանը, նոր ՀՀ քարտեզի ձեւավորմանը, որը այնքան էլ ուրախալի չի լինելու Հայաստանի եւ հայերիս համար։
- Խաղաղության պայմանագրի մասին թմբկահարելուց իշխանությունն անցում է կատարում դեպի խաղաղության խաչմերուկ դառնալու մտադրության: ԱԳՆ խոսնակն էլ պնդում է, որ ՀՀ սուվերեն տարածքի որեւէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող: Ի՞նչ է սա նշանակում՝ որեւէ երրորդ երկրի վերահսկողություն չի կարող հաստատվել՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանի՞ց:
- Իսկ ի՞նչ է Թուրքիան ու Ադրբեջանն այլեւս երրորդ երկիր չե՞ն դիտարկվում։ Ցավով եմ տալիս այս հարցը; Խաղաղության խաչմերուկը դա միֆ է, որը երբեք չի կարող իրականություն լինել, առավելեւս գործող իշխանության օրոք, որի վարած քաղաքականությունը ոչ միայն ի նպաստ Հայաստանի Հանրապետության չէ, այլ ըստ ինձ դեմ է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Թուրքիան ունի մեկ նպատակ եւ ծրագիր, դա մեծ Թուրանն է եւ Հայաստանը այդ ծրագրի իրականացման մեջ այն թարախապալարն է, որը պետք է հեռացնել, եւ նրանք արդեն բավականին ինտեսիվ քայլերով գնում են դեպի այդ ծրագրի իրականացմանը։ Այդ ծրագրի իրականացման խոչընդոտներից մեկը նաեւ հայկական սփյուռքն է, որի դերակատարումը որքան էլ ցանկանան նվազեցնել, միեւնույն է, չի ստացվելու, այդ իսկ պատճառով հիմա դա արվում է ՀՀ կառավարության ձեռքով։ Հիշեք Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը, որտեղ նա ասում է, որ սփյուռքի դերը «գերագնահատված» է, այսպիսով՝ ցանկանալով նվաստացնել սփյուռքի դերակատարումը։
- 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որեւէ կողմ այն չի չեղարկել: Այնտեղ հստակ նշված է՝ կոմունիկացիաների բացման եւ դրանք ռուսական սահմանապահների վերահսկողության տակ անցնելու մասին: Ինչո՞ւ երեք տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «փոշմանեց» եւ «հիշեց», որ «ՀՀ սուվերեն տարածքի որեւէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»:
- Կարճ պատասխանեմ՝ փոխվել է ՀՀ արտաքին քաղաքական ուղվածությունը, խախտվել է բազմավեկտոր քաղաքական բալանս։ Հայաստանի իշխանությունը կատարել է իր ընտրությունը, իսկ դա մեղմ ասած վտանգավոր է նրանով, որ տարածաշրջանում լուրջ դերակատարում տրվում է Թուրքիային, որի ռազմական աջակցությամբ ցեղասպանվեցին արցախահայեր եւ ոչ միայն, իսկ Արցախը օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Միջազգային հանրությունը լուռ էր, քանի որ մեր կառավարությունը հայտարարել էր, որ արցախահայերն ապրում են Ադրբեջանի «տարածքում» եւ որեւէ ինքնորոշման իրավունք չեն կարող ունենալ։ Լսեցի Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը՝ տրված Հանրային հեռուստաընկերությանը։ Զարմացած եմ, միթե նա կարծում է, որ մարդիկ այդքան կարճ հիշողություն ունեն։ Եթե, ըստ նրա, Արցախի հարցը վաղուց լուծված էր, ապա ինչո՞ւ տեղի ունեցավ 2020 թվականի 44 օրյա պատերազմը, ինչո՞ւ մեր զավակները զոհվեցին, գերեւարվեցին, հաշմանդամ դարձան։ Հարցեր են, որոնց պատասխանները ուշ թե շուտ պետք է տրվի, եւ այն չի կարող տրվել որեւէ սիրողական մակարդակի գիտելիքներ ունեցող անձանցից կազմված որեւէ հանձնաժողովում։ Այն կտրվի ուշ, թե շուտ… Գիտեք պետությունը պետք է ղեկավարեն այն մարդիկ, որոնք սիրում են այդ ժողովրդին եւ այդ պետությունը համարում ու ընդունում են իրենց հայրենիք եւ ամեն մի բուռ հողը իրենց համար սրբություն է։ Կարծում եմ՝ ասացի այն, ինչ շատերը մտածում կամ բարձրաձայնում են։ Եվ քանի որ սա այս տարվա հավանաբար իմ վերջին հարցարույցն է, ցանկանում եմ հնարավորությունն օգտագործել եւ շնորհավորել գալիք Նոր Տարվա առթիվ, ուժ ու կորով մաղթել հայրենակիցներիս։ Ցանկանում եմ ասել, որ միշտ պետք է մտածենք, որ թղթե շերեփով հաղթանակ չենք կարող ունենալ, իսկ հաղթել մենք պարտավոր ենք՝ յուրաքանչյուրս իր զենքով։ Շատ հայի արյուն է թափվել։ Արցախի հողը մեր գոյապայքարը պետք է լինի։ Մեր փոքրիկներին էլ մաղթում եմ խաղաղ ու մաքուր երկինք։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=272981&l=am/