2024-ին պետք է պատրաստ լինել իրադարձությունների հնարավոր բոլոր զարգացումներին. Անդրեյ Արեշեւ
Ներքաղաքական
Ինչ է սպասվում գալիք 2024 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ ինչպիսի զարգացումներ կլինեն արտաքին քաղաքական ճակատում, «Իրավունք»-ը պարզել է ՌԴ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ զրույցում:
- 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ: Ի՞նչ խնդիր է սրանով փորձում լուծել Իլհամ Ալիեւը եւ ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:
- Կարծում եմ՝ այսպես, թե այնպես ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում գործող իշխանությունները փորձում են լուծել իրենց լեգիտիմության հարցը՝ երկարաժամկետ եւ միջնաժամկետ առումով: Ե՛վ Երեւանում, ե՛ւ ավելի վստահությամբ` Բաքվում գործող ռեժիմները հույս են դրել, որ հանրությունը միանշանակ կողջունի իրենց գործունեությունը: Չէ որ Ղարաբաղում երկարամյա պայքարը պսակվեց հաղթանակով: Ըստ իս, այս ընտրություններին հատուկ շեշտադրում կարվի նաեւ նրա վրա, որ սա հետխորհրդային Ադրբեջանի պատմության մեջ առաջին ընտրությունն է, որը տեղի է ունենում նախկին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն ամբողջ տարածքում: Իլհամ Ալիեւի համար դա, իհարկե, կարեւոր է, որովհետեւ վաղ, թե ուշ ռազմական հաղթանակի էյֆորիան կնվազի եւ կսկսեն հնչել իր համար ոչ այնքան հաճելի հարցեր՝ հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդրների հետ կապված, որը կա Ադրբեջանում, ինչպես ամբողջ հետխորհրդային տարածքում:
- Հաջորդ տարի Հայաստանում եւս արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը չի բացառվում: Ի՞նչ կարելի է սպասել այս ընտրությունից՝ կլինի իշխանափոխությո՞ւն, թե՞ ընդդիմափոխություն:
- Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին դեռ միայն խոսակցություններ են տարածվում: Բայց ես կարծում եմ, որ այդ խոսակցությունները կարող են իրականում վերածվել նախընտրական քարոզարշավի: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրանով երկու նպատակ է հետապնդում:
Առաջին՝ ավելի երկար կառչած մնալ այն գահավիժող էլեկտորատից, որը դեռ մնացել է եւ պետք է այն ֆիկսել, որովհետեւ Երեւանի ավագանու սեպտեմբերյան ընտրությունները ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի ձայների ոչ այնքան ցանկալի վարկանիշ: Բայց հերթական մանիպուլիացիաների եւ որոշակի քայլերի շնորհիվ գործող հայաստանյան իշխանությունը կփորձի ամրապնդել այն դիրքը, որն ունի: Եվ նրանք կփորձեն այս ընտրություններով հաղթահարել իրենց համար բացասական միտումները:
Եվ երկրորդ ՝ հնարավոր է ընդդիմադիր դաշտում որշակի վերաֆորմատավորում տեղի ունենա, քանի որ պետք է, որպեսզի ընդդիմությունն էլ լինի ավելի արեւմտամետ: Այդ կոնտեքստում, իհարկե, ավելի լուրջ ուշադրություն կդարձվի մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության վրա՝ Արամ Զ. Սարգսյանի գլխավորությամբ, որը կփորձի անցնել խորհրդարան եւ ձեւավորել կայուն մեծամասնություն՝ կոալիցիա կազմելով «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Այս առումով հայամետ-պրոռուսական ուժերի համար ավելի դժվար կլինի, նրանց նկատմամբ այն տեղեկատվական ճնշումները, որոնք չեն նվազում, դեռ մի բան էլ կավելանան: Այնպես որ, 2024 թվականը դժվար տարի է լինելու ոչ միայն Ռուսաստանի, այնպես էլ ամբողջ հետխորհրդային տարածքում: Որոշ կետերում իրավիճակը փակուղային է եւ հասկանալի չէ, թե ինչ է լինելու հետո, այդ թվում եւ տնտեսական առումով՝ հաշվի առտնելով այն գլոբար տրանսֆորմացիաները, որոնք տեղի են ունենում քաղաքական գործընթացներով պայմանավորված:
- Ամեն դեպքում, Ռուսաստանը կկարողանա՞ պահպանել իր դիրքն ու ազդեցությունը Հայաստանում, թե՞ սպասենք ավելի վատ սցենարների, ընդհուպ մինչեւ ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացում:
- Հարձակումները 102-րդ ռազմաբազայի եւ նրա գործունեության վրա, որոնք իրականացվում են որոշակի շրջանակների եւ ուժերի կողմից Հայաստանում, լրատվամիջոցներով ու ոչ իշխանական շրջանակներում, իհարկե, ակնհայտ են: Դրանք չեն ներշնչում հանգստություն: Կարծում եմ՝ 102-րդ ռազմաբազան Գյումրիում կդառնա տեղեկատվական եւ չի բացառվում, որ ոչ միայն տեղեկատվական հարձակումների օբյեկտ: Բայց Ռուսաստանը, բնականաբար, կփորձի պահպանել իր ունեցած դիրքերը՝ հաշվի առնելով այն կարեւորությունը, որն ունի հայ-ռուսական համագործակցությունը՝ նախեւառաջ փորձելով պահպանել այն տնտեսական փոխշահավետ կապերը, որոնք կան մեր երկրների միջեւ եւ որոնք նույնիսկ պաշտոնական քննարկումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ նրանց հետ փոխկապակցված ուժերի կողմից չեն վիճարկվում հատուկ կասկածներով: Բայց այստեղ, իհարկե, հաշվի առնելով, որ այն ճնշումը, որը կա Հայաստանի նկատմամբ եւ ոչ միայն Հայաստանի, կարող է, ցավոք, ամեն ինչ էլ լինել: Դրա համար պետք է ձեռքը պահել զարկերակի վրա եւ պատրաստ լինել իրադարձությունների հնարավոր բոլոր զարգացումներին:
- Իսկ ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել ռուս-ուկրաինական ռազմաճակատում: Հնարավո՞ր է, որ հանգուցալուծումը մոտ է:
- Հիմա դժվար է ասել, ես չէի ցանկանա խոսել այն իրավիճակի մասին, որը կա ռազմաճակատում: Ես կարող եմ ասել այն, ինչ բոլորը, որ ուկրաինական հարձակողական ուժերը նահանջում են եւ սա նախադրյալներ է ստեղծում, որ քաղաքական ինչ-որ պայմանավորվածությունների հնարավոր է հանգել: Մնում է միայն, որ Կիեւում սթափ մտածողությունը առաջնորդող դառնա, թեպետ եթե անկեղծ, հույսերը քիչ են:
- Որքանո՞վ 2024 թվականին օրակարգային կլինի Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմի ընդլայնման գործընթացը, մասնավորապես՝ Հայաստանի մուտքը:
- Այս գաղափարն, իհարկե, ինքն իր ճանապարհը կբացի, բայց այդ ուղին կլինի բավականին երկար: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ 2024 թվականին մենք կտեսնենք շատ բաներ, որոնք ոչ այնքան պոզիտիվ կլինեն: Ամեն դեպքում, այն նոր իրողությունները, որոնք ձեւավորվում են ոչ միայն Ռուսաստանի եւ հետխոհրդային երկրների միջեւ փոխհարաբերություներում, այլեւ ավելի լայն մասշտաբներով՝ Չինաստանի ժողովրդական հանրապետության, Իրանի Իսլամական հանրապետության հետ, որն ակտիվորեն հետաքրքրված է Եվրասիական միությամբ, Շանհայի համագործակցությամբ, կարող է սկիզբ դառնալ ավելի մեծ միավորումների: Չինաստանն այսօր տնտեսական լրջագույն խաղացող է դարձել Ադրբեջանում, Վրաստանում եւ, ինչպես հասկանում եմ, նաեւ Հայաստանում սայլը տեղից շարժվում է, ինչը կբերի դրական արդյունքների եւ կաշխատի կործանարար ուժերի դեմ, որոնք հետեւողականորեն փորձում են Կովկասում իրավիճակը սրել եւ ՌԴ-ի դեմ հանել մոտ հարեւաններին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=272534&l=am/