Սպասել Իսրայելի կործանմանը, լուրջ չեմ համարում. Մաքսիմ Սարգսյան
Միջազգային
2023 թ.-ի ամենաթեժ պատերազմների շարքում իսրայելա-պաղեստինյան պատերազմն՝ իր դաժան տեսարաններով, թերեւս ստվերեց տարվա մնացյալ բոլոր ռազմական գործողությունների ահասարսուռ դրվագները: Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակվեց Իսրայելի վրա, իսկ Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան՝ սկսեց ավիահարվածներ հասցնել Գազայի հատվածին, այնուհետեւ անցավ ցամաքային ռազմական գործողությունների։ Արդեն նոյեմբերի 24-ին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադար կնքեց ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ՝ գերիների փոխանակման համար։ Սակայն, դեկտեմբերի 1-ից Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց ռազմական գործողությունների վերսկսման մասին: Ինչպես սկսվեց այս ամենը, եւ ի՞նչ ավարտ կարող է ունենալ, «Իրավունքն» այս մասին զրուցել է «Էլեկտրիկ Երեւան» հայտնի նախաձեռնության գլխավոր կազմակերպչներից մեկի՝ ՄԱՔՍԻՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, ով արդեն 6 տարի է, ինչ բնակվում է Իսրայելում:
«ԾՆՈՂՆԵՐԻՆ ՆՍՏԵՑՐԵԼ ԵՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՉՔԻ ԱՌԱՋ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՊԱՆԵԼ»
— Պատերազմի մեկնարկի օրերին, երբ համացանցը ողողվեց դաժան տեսարաններով, թե ինչպես են վարվում ՀԱՄԱՍ-ի զինյալներն իսրայելցիների հետ, կային տեսակետներ, որ այդ ամենը հատուկ է լայնորեն տիրաժավորվում, որպեսզի Իսրայելը լեգիտիմություն ստանա՝ խոշոր հարված հասցնելու Պաղեստինին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Իրականում այդ օրերին ինչ անում էին ՀԱՄԱՍ-ի զինյալներն Իսրայելում, անմարդկայնության գագաթնակետն էր: Եվ այնպես չէ, որ սրանք, պարզապես, խոսքեր են, խայտառակ դաժան կադրեր ու փաստեր կան: Տեսանյութեր կան, որտեղ երեւում է, որ գերեվարված նույնիսկ դեռ չքայլող մանկահասակ երեխաներին դրել էին վանդակների մեջ ու պտտում էին Գազայում՝ որպես ավար: Կա տեսանյութ, թե ինչպես էին 85-ամյա կնոջը գերեվարել ու մեքենայով պտտում, անգամ գերմանացի մի աղջկա էին գերեվարել, բռնաբարել ու սպանել եւ ի լուր աշխարհի ցուցադրում էին: Դեպքեր են եղել, որ մտել են մարդկանց տները, ծնողներին նստեցրել են եւ նրանց աչքի առաջ երեխաներին սպանել: Խայտառակ անմարդկային դաժանությամբ սպանվել է շատ մեծ քանակի հրեա խաղաղ բնակչություն, ովքեր պարզապես իրենց տներում են եղել, ուղղակի, գազանություններ է կատարվել: Ինչպես մեր թշնամիներն են հայ ժողովրդի հետ վարվել, դեռ մի բան էլ, երեւի թե, չեմ վախենա ասել, ավելի վատ ՀԱՄԱՍ-ի զինյալները վարվել են հրեաների հետ (չնայած` դեռ պարզ չէ՝ եթե մեր թշնամին մտներ մեր տները, ինչպես կվարվեր)` չխնայելով ո՛չ երեխաներին, ո՛չ կանանց, ո՛չ տարեցներին: Այսօր շատ լուրջ խնդիր կա ոչ միայն գերեվարված անձանց հետ կապված, այլեւ մեծ քանակով անհետ կորածների, որոնց ճակատագիրն անհայտ է: Դեռ պարզ չէ՝ գերի են, սպանված են, թե ինչ-որ տեղ թաքնվել են:
— Որոշ վելուծաբաններ, փորձագետներ կանխատեսում էին, որ Իսրայելն էլ է գնում հայաստանյան իշխանության ճանապարհով, ասում է՝ հաղթելու ենք, բայց շուտով կպարտվի: Ըստ Ձեզ, Իսրայելը կարողանալո՞ւ է դիմակայել մինչեւ վերջ:
— Իսրայելը, բնականաբար, կարողանում է դիմակայել: Ի դեպ, ասեմ, որ հայկական տիրույթում բավականին մեծ քանակով ապատեղեկատվություն էր տարածվում: Չեմ ասում, թե լրատվականները Գազային էին սատարում, սակայն փաստ է, որ իրականությունն այլ էր: Երբ պատերազմը սկսվեց Իսրայելում, այդ օրը տոն էր, մարդիկ էլ տոնում էին, մինչեւ այդ որեւէ լարվածություն, որեւէ նախանշան չի եղել, որ ինչ-որ հարձակում է պատրաստվում: Իհարկե, սահմանին շատ լուրջ համակարգեր կան տեղադրված, ու ժողովրդի մոտ բազմաթիվ հարցեր առաջացան, թե ինչպես եղավ, որ տարբեր կողմերից՝ օդից, ցամաքից, ծովից ներրխուժում եղավ, եւ որեւէ համակարգ չարձագանքեց: Բայց այս պահին ժողովուրդն այդ բոլոր հարցերը դրել է մի կողմ, ու երկիրն են մաքրում, կարծում եմ՝ այդ հարցերի պատասխանները կլինեն հետո: Բայց այն, որ գրում էին, թե ՀԱՄԱՍ-ի զինյալները քաղաքներ են վերցրել, մի քանի կմ խորացել են երկրի ներսում, այդպես չի եղել: Պարզապես, եղել են ահաբեկչական խմբավորումներ, որոնք մտել են մարդկանց տները եւ նույնիսկ ոստիկանական շենքում են հայտնվել: Ու շատ արագ իսրայելական ոստիկանությունն ու բանակը կարողացել են ամեն գնով նրանց չեզոքացնել:
«ՈՐԵՎԷ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿՆ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԱՌԻԹ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ»
— Ի դեպ, լայնորեն տարածվում էին նաեւ այն տեսանյութերը, որտեղ երեւում էր, որ մարդիկ ուղղակի գլխապատառ փախչում են…
— Այն տեսանյութը, որտեղ երիտասարդները բաց դաշտում փախչում են, ներկայացվում էր, թե իբրեւ մարդիկ իրենց բնակավայրերն են լքում: Մինչդեռ դա երկրի հարավում տոնի առթիվ այդ օրը կազմակերպված միջոցառումից դրվագ էր: Երբ սկսվել է ռակետային հարձակումը, մարդիկ սկսել են դաշտով մեկ անկանոն փախչել: Ընդ որում՝ զոհերի մեծ մասը հենց այդ միջոցառման մասնակիցներն են եղել: Նաեւ օդանավակայանից էին տեսանյութեր տարածվում, թե՝ տեսեք, հրաները փախչում են Իսրայելից, վիճակն անկառավարելի է: Ո՛չ, ընկերներ, այդպես չէ, պարզապես Իսրայելը շատ մեծ տուրիստական կենտրոն է եւ, ինչպես մնացյալ բոլոր տուրիստական երկրներում, օդանավակայաններն այստեղ միշտ գերծանրաբեռնված են աշխատում: Այստեղ ամեն 2-3 րոպեն մեկ ինքնաթիռ է վայրէջք ու թռիչք կատարում: Շատ նորմալ էր, որ այդ օրերին օդանավակայանում կային բավականին մեծ քանակով մարդիկ, որոնց մեծ մասը հրեաներ չէին: Ավելին ասեմ՝ Իսրայելի ազգային ավիաուղին հիմա դրսի հրեաների համար հատուկ չվերթներ է իրականացնում, որովհետեւ մարդիկ ուզում են հետ գալ, մասնակցել պատերազմին: Ու մեծ թվով հրեաներ վերադառնում են Իսրայել: Իսկ հայկական մեդիայում գրում էին, թե հրեաները փախչում են, դրա համար էլ օդանավակայանում կուտակումներ են: Այո՛, կուտակումներ գուցե կային, բայց դրանց մեծ մասը տուրիստներ էին, ովքեր եկել եւ մնացել էին այստեղ, որովհետեւ ավիաընկերությունները հրաժարվում էին այդ օրերին թռիչքներ իրականացնել՝ հասկանալի պատճառներով:
— Իրականում այս պատերազմի հետ կապված հայկական հարթակներում ավելի շատ քննարկվել է այն, որ Իսրայելը զինում է Ադրբեջանին, սատարել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Իսկ հիմա ինչ տեղի է ունենում իր երկրում, բումերանգի օրենքն է…
— Կարծում եմ՝ որեւէ պատերազմում, որեւէ մեկն ուրախանալու առիթ չպետք է ունենա: Ինձ համար զարմանալի է, թե ինչպես կարելի է լինել մի ազգից, որն անցել է այսքան բանի միջով ու անցնում է, բայց ուրախանալ այս կամ այն ազգի հետ կատարվող նման անմարդկային, այլանդակ գործողությունների վրա: Մաքսիմալ անհասկանալի է, որովհետեւ ես, լինելով հայ, շուրջ 6 տարի ապրում եմ այստեղ եւ երբեք որեւէ տեղ որեւէ հրեայի կողմից չեմ տեսել բացասական վերաբերմունք: Անգամ 44-օրյա պատերազմից հետո՝ երբ շփվում էի հրեաների հետ, եւ իմանում էին, որ հայ եմ, ներողություն էին խնդրում: Այսինքն՝ Իսրայելի իշխանությունն ու հրեա ժողովուրդը միատարր զանգված չեն, այստեղ քաղաքացիների մեծ մասը տանել չի կարողանում նույն թուրքերին ու ադրբեջանցիներին: Ուստի՝ քաղաքական գործիչների քայլերից ելնելով, ատել մի ամբողջ ազգի եւ ուրախանալ կանանց, աղջիկների, երեխաների բռնաբարությունների եւ սպանությունների վրա, ինձ համար մինիմալ հոգեբանական խեղվածության ցուցիչ է: Նորմալ մարդը չի կարող ուրախանալ մի ազգի տանջանքի վրա, որը մեծ հաշվով, եթե չխոսենք քաղաքական գործիչների, ղեկավարների մասին, որպես ազգ, ամեն դեպքում, մեր ազգին որեւէ վատ բան չի արել:
«ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՆ ԱՆԽՏԻՐ ՝ ՈՐԵՎԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
— Ինչ կատարվում է Երուսաղեմում հայկական թաղամասի` «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ, այլ բանի մասին է փաստում: Ինչպե՞ս եք վերաբերվում այնտեղ առկա հայ-իսրայելական բացահայտ լարվածությանը:
— Երուսաղեմում տեւական ժամանակ է, ինչ լարված իրավիճակ է: Բայց այնտեղ ավելի շատ խնդիրը կրոնական ծայրահեղականների հետ է կապված: Կրոնական խնդիր կա, որը հավերժ չլուծվող թեմա է տարբեր ազգերի եւ կրոնների ծայրահեղականների միջեւ: Պարբերաբար լինում են կոնֆլիկտներ: Այնտեղի հայերից ոմանց հետ կապի մեջ եմ, հատկապես հիմա փորձում ենք ոչ միայն հայերով, այլեւ ովքեր իրար ճանաչում են, միասնական լինել, որովհետեւ չես իմանա, թե հաջորդ պահին ինչ կարող է տեղի ունենալ: Հիմա շատ կարեւոր է որոշակի ադեկվատություն, սթափություն ունենալն ու ճիշտ իրավիճակը վերլուծել՝ հասկանալու համար, թե իքս պահի ինչ պետք է անենք եւ ինչպես, որովհետեւ իրավիճակն Իսրայելում հիմա էլ բավականին լարված է:
— Ամեն դեպքում, ՀԱՄԱՍ-ի կռիվը հայերի դեմ չէ, այս առումով Իսրայելում բնակվող հայերն անվտանգային երաշխիքներ ունե՞ն:
— Չենք կարող հանգիստ լինել, որովհետեւ նույն ՀԱՄԱՍ-ի զինյալներն ազգություն չեն հարցնում, իրենց համար բոլորովին մեկ է, ավտոմատներով անկանոն կրակում ու սպանում էին: Սպանվածների մեջ նաեւ ԱՄՆ քաղաքացիներ կան, Ուկրաինայի երկու քաղաքացի, մի քաղաքացի էլ, ինչպես ասացի, Գերմանիայից էր: Այսինքն՝ որեւէ ապահովություն չկա: Իրենք սպանում են բոլորին անխտիր՝ մեծից փոքր, կին թե տղամարդ, որեւէ սահմանափակում եւ նորմ իրենց համար գոյություն չունի:
«ՄՅՈՒՍ ԿՈՂՄՈՒՄ՝ «ՉՍՏԻԿՆԵՐՈՎ», ՉԻՆԱԿԱՆ ՄՈՏՈՆԵՐՈՎ ՈՒ «ՌԱԳԱՏԿԱՆԵՐՈՎ» ՋԱՀԵԼ ԼԱԿՈՏՆԵՐ ԵՆ»
— Իսկ Իսրայելում ո՞րն է ամենատարածված վարկածը, թե ինչո՞ւ հենց հիմա սկսվեցին պատերազմական լայնամասշտաբ գործողությունները:
— Հիմնականում քննարկվում է, որ Իսրայելի վրա հարձակման օրը պատահական չէր ընտրված, այն տեղի ունեցավ 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի մեկնարկի 50-ամյակից մեկ օր անց, որը նույնպես սկսվել է անակնկալ գրոհով: Հուսանք, որ շուտով խաղաղություն կլինի եւ ոչ միայն այստեղ, այլ ամբողջ աշխարհում, որովհետեւ այս քանակի բացասական էներգիան, որ կուտակվել է, որեւէ ժողովրդի որեւէ լավ տեղ չի տանելու:
— Չե՞ք կարծում, որ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունները, նույն Գազայի ուղղությամբ, ոչ պակաս դաժան էին:
— Այս պահին Իսրայելն ավելի շատ պաշտպանվողի դերում է, եւ կարծում եմ՝ հակահարվածը կարող էր լինել շատ ավելի դաժան, բայց հիմա, որպես առաջին քայլ, փորձ է արվում նախ բոլոր գերիներին վերադարձնել, անհետ կորածների մասին տեղեկություն ստանալ: Այս ամենից հետո դեռ նոր կլինի այն դաժան պատասխանը, որին, ըստ իս, իրենք արժանի են: Ինչքան էլ աշխարհում պրոպագանդվի եւ խոսվի, թե Իսրայելն ագրեսոր է, փաստացի այսօր Գազային հենց նա է լույս, ջուր, սնունդ, ֆինանսական աջակցություն տրամադրում: Մարդիկ այստեղ խայտառակ մեծ հարկեր են վճարում, եւ այդ հարկերից գնում է Գազային, որի բնակչության ֆիզիկական գոյատեւման պայմանները ստեղծում է հենց Իսրայելը: Իսկ իրենք այդ ամենին պատասխանեցին վայրագություններով: Ու սա ես ասում եմ՝ չլինելով հրեա, այլ ապրելով եւ տեսնելով այդ ամենը: Սրանք փաստեր են, որոնք ոչ ոք չի կարող հերքել: Բնակելի շենքեր էին ռմբակոծում Իսրայելում, ոչ ոք ոչինչ չէր ասում, բայց երբ Իսրայելը պատասխան հարված հասցրեց, ներկայացնում են, թե ագրեսոր է:
— Իսկապե՞ս կարծում եք, որ սխալվում են նրանք, ովքեր անոնսավորում են, թե այս իրադարձություններն Իսրայելի կործանման սկիզբն են:
— Չկա նման բան, Իսրայելն ունի կանոնավոր եւ շատ լուրջ բանակ՝ անկախ եղած թերացումներից, որոնք անգամ ամենալուրջ համակարգերում էլ լինում են: Պարզապես, երբ սկսվեց հարձակումը, մարդիկ տանն ընտանիքներով տոն էին նշում, եւ անսպասելիության գործոնն ունեցավ իր հետեւանքները: Զուգահեռ եղել է նաեւ կիբերհարձակում, որով անջատել են սենսորային համակարգերը, որոնք սահմանային շարժերին են հետեւում եւ ազդանշան են տալիս համապատասխան ծառայություններին: Վերադառնալով Ձեր հարցին` ինքներդ պատկերացրեք՝ մի կողմում իսրայելական կանոնավոր բանակն է, մյուս կողմում՝ «չստիկներով», չինական մոտոցիկլետներով ու «ռագատկաներով» ջահել լակոտներ են: Նույնիսկ այն տանկերը, որոնք իքս պահի անցան իրենց ձեռքի տակ, իրենք այդպես էլ չկարողացան օգտագործել՝ տարրական գիտելիքներ չունենալու պատճառով: Դրա համար սպասել Իսրայելի կործանմանը, լուրջ չեմ համարում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=271924&l=am/