Ալիևյան սրիկայությունն է «Զանգեզուրի միջանցքը» , որին ձայնակցում է Թուրքիան, Հայաստանը չպետք է մտնի նման սակարկությունների մեջ. Պոլսահայ խմբագիրը փակագծեր է բացում
Ներքաղաքական
«Ինչպե՞ս կարելի է շրջափակման պայմաններում հարաբերությունների բնականոնացման մասին խոսել, անկարելի է: Ապաշրջափակումը Թուրքիայի միակողմանի որոշումն է, և Թուրքիան պետք է նույնկերպ էլ վերացնի այդ որոշումը: Սա թրքական դիվանագիտություն է՝ միակողմանի որոշում կայացնել ու այդ որոշումից հրաժարվելու համար պահանջներ ներկայացնել»,-անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված հայկական կողմի ջանքերին եւ թուրքական կողմի պահանջների, ասաց Ստամբուլում գործունեություն ծավալող «Ակոս» թերթի խմբագիրը ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿՅԱՆԸ, ընդգծելով.
-Հայաստանը չպետք է ընդունի նման վարքագիծը և այդտեսակ սակարկությունների մեջ չպետք է մտնի Թուրքիայի հետ: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը և սահմանները փակելը Թուրքիայի որոշումն են, այդ որոշումը չեղարկելու համար Հայաստանը բանակցելու կարիք չունի: Թուրքիան սատանայական քաղաքականություն վարած կլինի, եթե ասի՝ եկեք փոխադարձ զիջումներ անենք, Հայաստանը փոխադարձելիք բան չունի:
Պոլսահայ խմբագրի խոսքերով.
- Ադրբեջանա-թուրքական պահանջը եղել եւ մնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, միջանցք հասկացությունը անկախ պետականության համար ընդունելի չէ, դա սպառնալիք է երկրի անկախ պետականությանը: Չի կարող այդպիսի բան լինել, աշխարհի ոչ մի երկիր չի ընդունում նման բան: Ալիևյան սրիկայություն է այդ պահանջը, որին ձայնակցում է Թուրքիան: Հայաստանի համար անընդունելի երևույթ է
Կրկնում եմ, անընդունելի է միջանցքի մասին խոսելը: Ես տարիներ առաջ միջանցքի օրակարգը քննարկման էի ներկայացրել, բայց Թուրքիայի հետ միջանցքի՝ Տրապիզոնի նավահանգստով դեպի Հայաստան: Դա ներկայացրել էի որպես Ցեղասպանության հողային հատուցում: Գիտեք, որ Ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայ սպանվեց, Արևմտյան Հայաստանը կորցրինք: Այդ կորուստը այսօր հետ բերել հնարավոր չէ, այսինքն՝ հնարավոր չէ հետ բերել Էրզրումը, Կարսը, Մուշը, բայց այդ կորստին իբր հատուցում մենք կարող էինք պահանջել միջանցք՝ Տրապիզոնի նավահանգստով դեպի Հայաստան երկաթգիծ, որի հսկողությունը կպատկաներ Հայաստանին: Այո՛, բաց սահմաններ, բաց երթևեկություն, ապրանքների տեղափոխում, մարդկանց ազատ տեղաշարժ: Այս բոլորն ընդունելի են, բայց ոչ միջանցք, քանի որ «միջանցք» բառը երկրի հողային ամբողջականությանը սպառնացող հասկացություն է:
https://iravunk.com/sim/?p=263849&l=am/