Մի իրավիճակում ենք, երբ անհրաժեշտ է լինել ճկուն, մանեվրող, հարկ եղած դեպքում ունակ լինել ճիշտ հետքայլեր ու առաջընթաց կատարել․ ԱՀ նախկին պետնախարարը փակագծեր է բացում
Հանդիպում
Ակնհայտ է, որ իրադարձություններն Արցախի շուրջ կայծակնային արագությամբ են ընթանում, ինչպե՞ս են տեսնում Արցախում այն հայկական պահելու տեսլականը, արդյո՞ք կորսված չէ ժամանակը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ նախկին նախարար Գուրգեն Ներսիյանի հետ, ով նախ նկատեց․
-Արցախը հայկական պահելու միակ ճանապարհը դա Արցախի, Հայաստանի ու համայնք հայության հնարավորությունների մեկտեղումն է: Ես դրա մասին մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ, առանց այդ համախմբման մենք շատ դժվարությունների ենք հանդիպելու: Իսկ եթե մենք դիտորդի նման պետք է հետևենք, թե ինչպես է արցախցին դիմանում և հաղթահարում իրեն պատուհասած դժվարությունները, ապա պիտի հասկանանք, որ հետևանքները աղետալի են լինելու և այդ ամենի պատասխանատուն ու մեղավորը լինելու է ոչ միայն Ադրբեջանը, այլև հայ ժողովուրդը:
-Պարոն Ներսիսյան, հայտնի է, որ հատկապես Ռուբեն Վարդանյանի խորհրդավոր ընթրիքի մասին իբրև մանրամասներ գաղտնազերծելուց հետո Արցախի ներքաղաքական կյանքում լուրջ խժդժություններ սկսվեցին, որի կուլմինացիան ԱՀ նախագահի և Ձեր հրաժարականն էր: Իրականում ի՞նչ վերադասավորումներ են կատարվում Արցախում քաղաքական վերնախավում և ամենակարևորը, որքանո՞վ այդ վերադասավորումները նպատակ ունեն շրջադարձ կատարել առկա իրավիճակում:
-Նախ պետք է ասեմ, որ ես հրաժարական չեմ տվել: Պետական նախարարին նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը, օգոստոսի 31-ին ես Նախագահի հրամանագրով ազատվել եմ պետական նախարարի պաշտոնից: Բայց այդ գործընթացում ինչ-որ դավադիր ծրագրեր փնտրել պետք չէ: Իհարկե կան գործընթացներ, քննարկումներ, որոնց մասին բարձրաձայն խոսել պետք չէ կամ մերօրյա պայմաններում ցանկալի չէ, բայց այս դեպքում պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղի ունեցած փոփոխությունները դրական ազդեցություն ունենան Արցախի համար: Ես մշտապես հանդես եմ եկել բավականին կոշտ հռետորաբանությամբ, ազատորեն արտահայտել եմ իմ տեսակետը տեղի ունեցող իրադարձությունների, դերակատարների վերաբերյալ, որովհետև գտնում եմ, որ ժողովրդի հետ պետք է առավելագույն ու թույլատրելի չափով ազնիվ ու բաց լինել: Ես շարունակելու եմ այդպես վարվել նաև հետագայում, սակայն մենք այսօր մի իրավիճակում ենք, երբ անհրաժեշտ է լինել որոշակիորեն ճկուն, մանեվրող, հարկ եղած դեպքում ունակ լինել ճիշտ հետքայլեր ու առաջընթաց կատարել, իսկ եթե որևէ մեկը իր ունեցած կերպարով կարող է խանգարել այդ գործընթացին կամ դրան ակամայից խանգարել, ապա պետք է տեղի ունենա փոփոխություն: Ես երբեք պաշտոն ունենալու մոլուցքով չեմ տառապել և բարձրագույն պաշտոններ զբաղեցրել եմ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, Արցախի համար ամենադժվար օրերին, երբ պաշտոնը բացառապես ծառայություն ու պատվաբեր տանջանք էր ենթադրում: Բայց այսօր Արցախում քաղաքական գործընթացները, իշխանության ձևավորմանն ուղղված բոլոր գործողությունները կարող են և պետք է հետապնդեմ մի նպատակ՝ ինչպես Արցախի ժողովրդին հանել այս ծանրագույն իրավիճակից:
-Պարոն Ներսիսյան, Դուք այն մարդն եք, ով 24/7 ռեժիմով աշխատում էր և լավագույնս է տիրապետում այսօր առկա իրավիճակին: Ըստ այդմ, դեռ որքա±ն Արցախը կդիմակայի օր օրի ահագնացող սովին ու համատարած անորոշությանը:
-Արցախի շրջափակման ողջ ընթացքում ինձ միշտ զարմացրել է մի հարց, թե ինչու է Արցախի ժողովրդի դիմացկունությունը չափվում սննդի ունեցած պաշարով: Այսինքն եթե մենք ուտելիք չունենանք, ուրեմն պետք է տրվենք Ադրբեջանի հպատակությա±նը: Սա ի սկզբանե սխալ մոտեցում էր, որովհետև Արցախում ապրելու համար անհրաժեշտ սնունդը վաղուց արդեն վերջացել է, բայց արցախցին այդպես էլ չի հանձնվել: Որովհետև հարցը սննդի մեջ չէ, մենք կարող էինք հաց ունենալ, բայց հավատացեք, ընկճվելու բազմաթիվ այլ պատճառներ կան: Երբ մարդիկ նայում են իրենց երեխաների աչքերին ու չեն կարողանում պատասխանել առաջադրվող հարցերին, երբ մայրը չի կարողանում ձեռք բերել իր երեխայի համար անհրաժեշտ դեղորայքը, երբ ծնողը չի կարողանում անհրաժեշտ կրթություն ապահովել իր զավակի համար, երբ բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող քաղաքացին համոզված չէ, որ կանցնի ադրբեջանական ապօրինի անցակետը և չի ձերբակալվի, երբ գյուղացին այգում աշխատելիս ամեն օր ենթարկվում է զինված հարձակման, ապա այս ամենի կողքին խոսել հացի մասին, կարծում եմ ճիշտ չէ: Բայց եթե մենք համառորեն դիմանում ենք այդ ամենին, ապա ճիշտ չէ մեր ժողովրդի տանջանքները բերել խարսխել հացի վրա: Մեր ժողովրդի տանջանքները վաղուց այլևս ոչ լիարժեք սնվելու հետ չեն կապված, խնդիրները վաղուց խորացած ու ավելի բարդ տեսք ունեն: