Արեւմուտքը զոհաբերում է 120 հազար հայերին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում. Այվազյան
Ներքաղաքական
«Իրավունքի» զրուցակիցն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
— Դեպի Արցախ հումանիտար օգնությունը Հայաստանից ուղարկվեց միայն Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո: Սա զուտ պատահականությո՞ւն է, թե՞ կա ինչ-որ միտում:
— Սա սկզբից մինչեւ վերջ կազմակերպված հատուկ օպերացիա էր՝ սկսված Արցախի միտինգներից, վերջացրած Հայաստանի միտինգներով, Փաշինյանի ելույթով եւ հումանիտար իբր բեռի ուղարկումով: Իհարկե, շարքային քաղաքացիներն այս օպերացիայի զոհն են, չեն հասկանում, որ հատուկ օպերացիա է կազմակերպված: Օպերացիայի նպատակն իբրեւ՝ Արցախի ձայնը միջազգային հանրությանը հասցնելն էր, բայց հենց միջազգային հանրությունն էլ Արցախը տանում է դեպի Ադրբեջանի կազմ ու իրենց դիմում են, որ Արցախը փրկե՞ն: Եվ այս թեման եռացնելուց հետո, քանի որ Արցախի ձայնը բարձրանում է, ժողովուրդը պայքարում է, հենց այդ ֆոնին Հայաստանի իշխանությունը որոշում է հումանիտար օգնություն ուղարկել, պարզ է, որ այդ օգնությունը տեղ չի հասնելու, որովհետեւ համաձայնեցված չի եղել ադրբեջանական կողմի հետ: Ադրբեջանն էլ ասում է՝ դուք ճանաչել եք իմ ամբողջականությունը՝ Արցախն էլ հետը, դուք իմ տարածք ի՞նչ իրավունք ունեք բեռ մտցնելու: Ռուսներին էլ դեմ են տալիս, ասում են՝ պայմանավորվել են իրենք եւ վերջ: Ըստ էության, այս օպերացիայի նպատակն առաջին հերթին հենց հակառուսական միտում ուներ:
— Ի վերջո, ի՞նչ ճակատագիր են ունենալու ճամփին մնացած բեռները, իրականում բանակցություն կա՞ այս հարցով` գոնե ռուս խաղաղապահների հետ:
— Դե ձեւական, բնականաբար, դիմել են, ռուսներն էլ ադրբեջանցիների հետ բանակցում են, բայց Ադրբեջանն էլ ասում է ՝ իմ հետ ինչու՞ եք եկել բանակցում, իմ տարածքն է, Հայաստանը ճանաչել է իմ տարածքային ամբողջականությունը, շա՞տ եք ուզում` Աղդամով բերեք, ռուսներն էլ դրան են դեմ, որովհետեւ դրանով իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթի եւս մի կետ առոչինչ է դառնում: Ռուսներին փաստի առաջ են կանգնեցրել: Եռակողմ հանդիպումից հետո էլ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն իր խոսքում նշեց, որ մենք տեր ենք եռակողմ հայտարարություններին:
— Արեւմուտքի մասնակցությունը Արցախի հետ կապված որեւէ գործընթացում ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Ո՞րն է, այսպես ասած, իրենց ծրագիրն այստեղ:
— Ադրբեջանը ստրատեգիական նշանակություն ունի Եվրոպայի համար եւ ստրատեգիական նախագծերն իրականություն դարձնելու համար Ադրբեջանը պահանջել էր Արցախը եւ միջազգային հանրությունը՝ հավաքական Արեւմուտքը, այն հանձնում է Ադրբեջանին: Այսինքն՝ Արեւմուտքը զոհաբերում է 120 հազար հայերին՝ Ռուսաստանի դեմ պատերազմում, սա է, ինչ կատարվում է: Այսինքն՝ ռուսներին հարվածելու համար իրենք զոհաբերում են Արցախը, եւ ինչ-որ վերացական խոստումներ ու երաշխիքներ են տալիս, թե իբր գնացեք մտեք Ադրբեջանի կազմ, Ադրբեջանը ձեզ լավ կվերաբերվի, մենք խոսք ենք տալիս: Սա է ընդհանուր առմամբ Արեւմուտքի խոստումը, կարեւորն իրենց համար ռուսներին այստեղից դուրս հանելն է:
— ՀՀ իշխանությունն ունե՞ր հնարավորություն՝ իրավիճակը բարելավելու դիվանագիտական ճանապարհով, թե՞ հստակ պայմանավորվածություն կա Արեւմուտքի հետ, իսկ ժողովրդին ներկայացնում են, որ իբր այլ ելք չկա:
— Ո՛չ, իրենք ֆիզիկապես չէին կարող այդ հնարավորությունը ունենալ, որովհետեւ իրենք իշխանության չեն բերվել, որպեսզի նման հնարավորություններ ունենան, իրենք բերվել են իշխանության, որ հարցը լուծվի այն ձեւով, որով հիմա փորձում են լուծել, այսինքն՝ իրենց թույլատրված չէ այլ հնարավորություններ ունենալ: Այ, ընդդիմությունը, կարող էր իրավիճակ փոխել, երբ Ռուսաստանն ասում էր, որ կայունություն ու անվտանգություն ապահովելու համար պետք է եռակողմ հայտարարությունները կատարվեին: Ընդդիմությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթից սարքեց կապիտուլյացիոն ակտ, իհարկե, Արեւմուտքը փայլուն քարոզչական օպերացիա էր կազմակերպել, որ Ռուսաստանի միջնորդությամբ փաստաթղթերին տվեցին «կապիտուլյացիոն ակտ» որակավորումը, այսինքն՝ ժողովրդի մեջ օրակարգ չպահեցին, որ եթե սա չանենք, հետո իրական կապիտուլյացիան է գալու, որովհետեւ Ռուսաստանի միջնորդությամբ հայտարարություններում ոչ կետ կա, որ տարածքային ամբողջականություն է ճանաչում, ոչ կետ կա, որ Արցախն է ճանաչում Ադրբեջանի մաս: Իսկ Արեւմուտքն այդ օպերացիան փայլուն կատարեց, վարկաբեկեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, դա չկատարվեց, հիմա դա առոչինչ է դարձել, ու հիմա պատրաստվում են ստորագրել իրական կապիտուլյացիոն ակտը: Ընդդիմության որոշ մասը լծվել էր այդ օպերացիայի իրականացմանը, մի մասը չհասկացավ, թե ինչ ծուղակ են իրենց համար նախապատրաստում, ընկան այդ ջրերը: Շատերի համար իրենց «ես»-ն ավելի կարեւոր էր: Ասում էին՝ հանկարծ ինձ չասեն` դու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չես անվանում, այսինքն՝ մարդկանց «ես»-ը ավելի կարեւոր դեր խաղաց: Իսկ իրականությունն այն էր, որ հիմքը պետք է լինեին այդ փաստաթղթերը, եւ այդ հիմքով պետք է շարժվեին առաջ ու քաղաքական ուժերն իրենց լսարանին պետք է պահեին այդ օրակարգի մեջ ու դրանով իսկ կխանգարեին Փաշինյանին կամ կդանդաղեցնեին այն պրոցեսները, որ ՀՀ իշխանությունը իրականացնում էր: Իսկ քանի որ դրան «կպցրեցին» «կապիտուլյացիոն ակտ» պիտակը, Փաշինյանին հրեցին Վաշինգտոնի ու Բրյուսելի գիրկը, դե նրանք էլ օգտվեցին:
— Այս համատեքստում ե՞րբ ակնկալել, որ կբացվի Բերձորի «կյանքի ճանապարհը»:
— Սա ԱՄՆ-ՌԴ պատերազմի հետեւանքն է, մինչեւ նրանց միջեւ հարցը չլուծվի, ճանապարհը փակ է մնալու: Ադրբեջանը երկու դեպքում կբացի ճանապարհը: Առաջին, երբ Արցախը հանձնվի Ադրբեջանին, երկրորդ՝ երբ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կգան համաձայնության եւ Միացյալ Նահանգները կճանաչի Հարավային Կովկասը, որպես ՌԴ ազդեցության գոտի, եւ ԱՄՆ դիրքերը այստեղ կթուլանան: Այդ ժամանակ ՌԴ-ն մի զանգով Ադրբեջանից կպահանջի, որ ճանապարհը բացի, եւ նա կբացի: Եթե Արցախը ուզում է մնա հայկական, ինքը պաշարված պետք է ապրի, այլ ելք հիմա չունի: Եթե ինչ-որ կաշառքների զոհ գնաց՝ հումանիտար օգնություն Աղդամով կամ այլ տարբերակով, կորած է: Հաջորդ զիջումը ավելի մեծ է լինելու: Եթե Հայաստանն էլ նույն վիճակում լիներ, նույնն էի ասելու: Եթե կարիք կա գոտիները ձգած ապրել, պետք է ապրեն այնքան ժամանակ՝ մինչեւ Արեւմուտքի հետ հարցերը լուծվեն: Եթե Ռուսաստանին էլ ժամանակ չտվեցին արցախցիները եւ գնացին զիջումների ու հակառուսական տրամադրություններին զոհ գնացին, ռուսներին մեղադրեցին կամ պահանջեցին դուրս գալ, իրենց էլ ոչինչ չի օգնի: Պիտի ռուսների հետ պաշարված ամրոցի նման ապրեն՝ մինչեւ նրանք իրենց հարցերը կլուծեն ամերիկացիների հետ: Դրա համար Արեւմուտքը շտապում է, որ Արցախը հայաթափվի: Ճիշտ է, դա ծանր ճանապարհ է լինելու, բայց եթե ուզում են հայկական մնալ, պիտի ապրեն, դա միգուցե իրենց պնդացնի ինչ-որ չափով, ինչ-որ արժեքներ սկսեն վերանայել, որ ժամանակին ասում էին՝ Արայիկին մի՛ ընտրեք, չէին հավատում, գնացին ընտրեցին, բա մտածում էին Արայիկը իրենց անվճար սնունդ է բաժանելո՞ւ:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=261876&l=am/