«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը այսօր էականորեն տարբերվում է հանրությանը հայտնի գաղութի կարծրատիպերից․ ՔԿՀ պետի տեղակալը բացահայտում է կյանքը փշալարներից այն կողմը
Հանդիպում
Խարդախություն, գողություն, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, հափշտակություն Հայաստանում կանայք մեծամասամբ այս հանցանքների համար են բանտում հայտնվում: Հայաստանում կանանց համար նախատեսված միակ՝ «Աբովյան»քրեակատարողական հիմնարկը այսօր էականորեն տարբերվում է հանրությանը հայտնի գաղութի կարծրատիպերից <<Իրավունքի>> հետ զրույցում վստահեցնում է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի տեղակալ, անվտանգության ապահովման ոլորտը համակարգող, արդարադատության մայոր ՀԱՅԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ով կարճ ժամանակահատվածում շնորհիվ խստապահանջության հաջողել է կին դատապարտյալների կողմից արժանանալ առանձնահատուկ հարգանքի։
-Այստեղ կանանց օրը հագեցած է․ սպորտով են զբաղվում, նոր մասնագիտություններ սովորում ու միևնույն ժամանակ գումար վաստակում։ Քրեակատարողական ծառայությունը անում է հնարավորը, որպեսզի ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող կանայք իրենց լիարժեք հասարակության անդամ զգան, և մենք ուղղակի պարտավոր ենք իրենց հատուկ ուշադրության արժանացնել: Չնայած այս կանայք գտնվում են անազատության մեջ, այնուամենայնիվ, նրանք նույնպես իրենց շրջապատող մարդկանց ուշադրության կարիքն ունեն: Քրեկատարողական հիմնարկներում ոչ ֆորմալ կրթությունը, զանազան մասնագիտական ծրագրերը օգնում են, որ դատապարտյալները լավ վարքագիծ ձևավորեն, ազատ արձակվեն ավելի շուտ և հետո երբեք չվերադառնան նույն վայրը։ Բոլոր դատապարտյալներն աշխատանք ունեն, ամենօրյա ռեժիմով ապահովված է նրանց զբաղվածությունը։
Կանանց գաղութում կարգուկանոն, հավասարության նշանն ու ծառայության նկատմամբ բարձր իրավագիտակցությունը նոր շրջափուլ մտավ հիմնարկի պետ՝ արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանի պաշտոնավարումից սկսած։
Պարոն Մովսիսյանը փաստում է կանանց գաղութը էապես տարբերվում է տղամարդկանց համար նախատեսված կալանավայրերից․
- Ի տարբերություն այլ կալանավայրերի` այստեղ չկան հատուկ պատժախցեր: Մինչդեռ պատժված կին կալանավորների համար մեկուսարանում նախատեսված խուց կա: Կանանց գաղութում չես կարող սանձարձակ կալանավորի հանդեպ ֆիզիկական ուժ կիրառել, ձեռքդ չի գնա: Փորձում ես բացատրելով, համոզելով առաջ անցնել ու հավատացեք շատ դեպքերում ստացվում է, թեեւ, պետք է խոստովանեմ, որ կանանց հետ աշխատանքը շատ բարդ է։ Սակայն ի պատիվ ՔԿԾ ծառայության ղեկավարության այսօր ՔԿՀ աշխատակցի դերը շատ բարձր է, եւ ՔԿՀ աշխատակցի կողմից իրականացված ցանկացած օրինական պահանջին դատապարտյալը կամ կալանավորված անձը ուղղակիորեն ենթարկվում է, հակառակ պարագայում ստանում են կարգապահական տույժեր։
Պետք է նշեմ նաեւ, որ դատապարտյալների և կալանավորվածների նվազման հստակ միտում է նկատվում: Այս պահին ունենք 42 կալանավորված անձ և 20 դատապարտյալ: Պատիժ կրող իգական սեռի դատապարտյալների հիմնական մասը դատապարտված է ՀՀ քրեական օրենսգրքի (18.03.2004թ.) «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ» գլխում ընդգրկված հանցագործությունների կատարման համար:
Շինարարական աշխատանքներին հաջորդելու են բարեկարգման աշխատանքները
Պարոն Մովսիսյանը անդրադարձավ նաեւ բոլոր ժամանակներում հանրության շրջանում ամենաշատը քննարկվող <<Զոն նայող>> երեւույթի արմատախիլ անելու գործընթացին․
-Ինքս 2022թ․ սեպտեմբերի 15-ից եմ նշանակվել այս պաշտոնում եւ վստահաբար կարող եմ փաստել, որ չկա «Աբովյան» քկհ-ում որեւէ պահվող անձ, ով կարող է մյուսի հանդեպ առավելություն ունենալ եւ որեւէ առումով, առավել եւս, Ձեր նշած կարգավիճակով ճնշել իր խցակցին։ Չկա ու չի կարող լինել, քանի որ ՔԿԾ ղեկավարության եւ անձամբ հիմնարկի պետ պարոն Հովհաննիսյանի գերխնդիրը մեկն է՝ որեւէ առավելություն որեւէ պահվող անձ չունենա մյուսի նկատմամբ։ Իսկ, ով կփորձի, վստահեցնում եմ Ձեզ կհանդիպի օրենքի ողջ խստությանը։
Նկատենք, որ այս պահին ՔԿՀ-ի ողջ տարածքում վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ են։ Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին պարոն Մովսիսյանը փաստեց․
-Ճիշտ նկատեցիք, ՔԿՀ-ում վերանորոգման աշխատանքները մեծ թափով են ընթանում։ Վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլը սկսվել է հունիսին և շարունակվում է մինչ օրս։ Իրականացվում են բոլոր մասնաշենքերի սանհանգույցների, ինչպես նաև խոհանոցի և լվացքատան նորոգման աշխատանքներ։ Երկրորդ փուլով ավելի լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու ամբողջ տարածքում։ Շինարարական աշխատանքներին հաջորդելու են բարեկարգման աշխատանքները։ Կալանավորված անձանց պահման վայրում ամբողջությամբ փոխվել են ջրամատակարարման և ջրահեռացման խողովակները, լվացարանները, ծորակները, տեղադրվել են նոր դռներ։
Միջին անվտանգային գոտում մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների համար նախատեսված պայմանները նույնպես բարելավվում են։ Այնտեղ հիմնանորոգվել են լոգարանը, սանհանգույցը և լվացքատունը։
Առաջվա գողական բարքերով պետերին ու պետի տեղկալներին այսօր փոխարինում են օրենքի մարդիկ
ՔԿՀ-ում շրջելուց հետո մեզ հնարավորություն ընձեռնվեց նաեւ զրուցել եւ պահման պայմանների վերաբերյալ առավել օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, այսպես ասած, առաջին ձեռքից՝ դատապարտյալներից։
«Կանանց «Գաղութ» բառը սարսափելի է հնչում, գրքերում ու ֆիլմերում ամեն ինչ սարսափելի է նկարագրված, իսկ իրականում այլ է։ Հիմա շատ դժվար է բարեկամներին բացատրել, հանգստացնել, ասել, որ իրենք սխալ են պատկերացնում այստեղի կյանքը։ Առաջվա գողական բարքերով պետերին ու պետի տեղկալներին այսօր փոխարինում են օրենքի մարդիկ՝ հանձինս պարոն Հովհաննիսյանի, պարոն Մովսիսյանի, ով առաջին հերթին մարդ է, հետո օրենքի ծառայող պաշտոնյա, պարոն Մակունցի», – խոստովանում է խարդախության համար ազատազրկված Ա․ Չ-ն։
Այստեղ յուրաքանչյուրը խնդրում է չլուսանկարել իրեն։ Չեն ուզում, որ իրենց երեխաներին կշտամբեն այն բանի համար, որ մայրերը բանտում են, սակայն իրենք երեխաներից ոչինչ չեն թաքցնում։ Հնարավորինս անկեղծ պատմում են` ինչպես է ամեն ինչ եղել։ «Այնքան դժվար է ապրել` իմանալով, որ երեխաներդ մենակ են։ Իմանալով, որ նրանք անհանգստանում են քո համար, նրանց նեղացնում են, որ նրանք տխրում են, ու նրանք լավ չեն, ու այդ ամենը քո պատճառով։ Երբեմն ուզում ես ոռնալ, մի տեղ փախչել ու մենակ մնալ։ Իսկ, երբեմն, ուզում ես պարզապես թափառել, բակում նստարանին նստել, երեխաների աղմուկը լսել, բայց հաջորդ վարկյանին հասկանում ես, որ դա ուղղակի անհնար է։ Թե չէ բերդի պայմանները աննկարագրելի լավ են, ազատության մեջ մարդիկ էս կարգի մաքուր, կուշտ ու անվտանգ չեն ինչպես այստեղ»,- կիսվում խարդախության համար դատապարտված 62-ամյա գյումրեցի Ս-ն, ով հենց երեխաների հանդեպ անսահման կարոտն է համարում գործածի համար ամենամեծ պատիժը։
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
https://iravunk.com/sim/?p=261857&l=am/