Լավրովը նշել էր, որ Բերձորի միջանցքի փակումը պայմանավորված էր նաեւ Փաշինյանի եւ Ալիեւի բանավոր պայմանավորվածությամբ. Պետրոսյան
Ներքաղաքական
Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, բանակցությունների, միջազգային հարթակներում տարբեր հանդիպումների արդյունքների, հակառուսական տրամադրությունների, հայ-ռուսական հարաբերությունների ու արցախահայության ճակատագրի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է քաղաքագետ, հասարակական գործիչ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
«ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿԵՆՔ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԵԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ»
— Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ նշեց, որ «Բրյուսելի հանդիպումը Լաչինի միջանցքի բացման եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առումով որեւէ կոնկրետ արդյունք չտվեց»: Եթե երկրի ղեկավարն է խոստովանում բանակցությունների անարդյունավետության մասին, ի՞նչ կարող ենք ակնկալել այս փուլում:
— Մենք անընդհատ փորձում ենք խնդիրը հատվածական դիտարկել, ինչը չի օգնում շատ հաճախ, որպեսզի ամբողջությամբ հասկանանք` ինչ է տեղի ունենում: Խնդիրը պետք է դիտարկենք տեղի ունեցած մեծ դավադրության տիրույթում: Այսօր այլեւս հասկացող, մտածող մարդու մոտ կասկած չի մնացել, որ Ացախի հարցում` սկսած 44-օրյա պատերազմից եղել է մեծ դավադրություն, եւ հենց այդ դավադրության առանցքում է հասկանալի դառնում հետագայում ու առ այսօր տեղի ունեցած բոլոր գործընթացներն ու հայտարարությունները: Դավադրության հանգրվանը պետք է լիներ խաղաղության այն օրակարգի վերջնական ձեւակերպումը, որը թելադրված է Արեւմուտքի կողմից: Հանգամանքների բերումով, ինչը պայմանավորված էր Ռուսաստանի միջամտության հետ, դավադրությունը ժամանակին ավարտին չհասցվեց: Հետագա ամբողջ գործընթացը` տարատեսակ հայտարարություններ, տարաբնույթ եւ գաղտնի բանակցություններ, դրանք բոլորը միտված են գործընթացը այս կամ այն կերպ բերելու ու հասցնելու այն հանգրվանին, որն ի սկզբանե, որպես պարտավորություն, ստանձնել է այս իշխանությունը: Հիմա եթե Բերձորի միջանցքի խնդիրը առանձին դիտարկենք, գուցե պատճառահետեւանքային կապերը մեզ համար հասկանալի ձեւով չկարողանանք ներկայացնել: Խնդիրը Բերձորի միջանցքի իրավական ռեժիմի մեջ է, որը սահմանված է պատերազմի ավարտը արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մեջ: Այնտեղ շատ հստակ արձանագրված է, որ միջանցքի կարգավիճակը հատկացվում է միայն Բերձորին եւ այստեղ միջանցքի ռեժիմի պահպանման դերակատարությունը վերապահվում է Ռուսաստանին, ինչը արդեն իսկ արգելք է հանդիսանում դավադրությունը ավարտին հասցնելու համար:
— Պարոն Պետրոսյան, կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք:
— Որպեսզի դավադրությունը հասցվի հանգրվանին, պետք են լրացուցիչ գործընթաներ, պայմանավորվածություններ, սահմանային միջադեպեր, որ կարողանան ստեղծել մի իրավիճակ, որտեղ ռուսական զորակազմը դառնա թվացյալ անզոր, եւ խնդիրը անհրաժեշտություն ունենա նոր լուծման: Եվ հենց այդ համատեքստում, դեռ նախորդ տարվա ամռան ամիսներին այստեղ սկսվել են գաղտնի գործարքներ` Միացյալ Նահանգների հովանավորությամբ, որոնք հետո եկան այստեղ հանգուցալուծվեցին հոկտեմբերի 6-ի Պրահայի եռակողմ-քառակողմ հանդիպումների ու պայմանավորվածությունների մեջ: Հենց այդ պայմանավորվածությունների առանցքը այն էր, որ ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որտեղ փորձեն Ռուսաստանին սեղմելով հարկադրել, որպեսզի գնա այնպիսի լուծումների, որոնք կտեղավորվեն նախապես պայմանավորված դավադրական գործընթացի մեջ: Բայց պարզվեց, որ Ռուսաստանը բավականին համառ գտնվեց, չնայած առկա դժվարություններին` շարունակեց իր գործունեությունը: Իհարկե մեզ համար ավելի ցանկալի կլիներ, որ Ռուսաստանն ավելի ակտիվ լիներ, բայց պայմանավորված իր ունեցած դժվարություններով` այդ ակտիվությունը չկարողացավ ցուցաբերել, բայց նաեւ չհամաձայնեց ներգրավվելու այդ գործընթացի մեջ ու շարունակեց պահպանել իր ազդեցությունը հակամարտության գոտում: Եվ հենց այս տրամաբանության մեջ էլ տեղի ունեցավ Բերձորի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից իբր սահմանափակումը, բայց ես այդ ժամանակ էլ կարծիք եմ հայտնել, որ դա փոխադարձ պայմանավորվածության արդյունք էր: Այս վարկածը առաջ քաշելու համար, դեռ այն ժամանակ կար բավական հասկանալի պատկեր, երբ դեկտեմբերի 12-ին երեք գործընթացներ զուգորդվեցին իրար: Առաջին գործընթացն այն էր, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը եվրոպական հարթակում հայտարարեց, որ «մեզ համար միակ ընդունելի տարբերակը դա Արցախի հարցի կարգավորման բրյուսելյան բանաձեւն է ու դրան կից հինգ առաջարկությունները, որոնք մենք ներկայացրել ենք ՀՀ կառավարությանը»: Նույն օրը Հայաստան ժամանեց Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավարը եւ անմիջապես հանդիպում ունեցավ Հայաստանի վարչապետի հետ, նույն օրը փակվեց Բերձորի միջանցքը: Փակվելուն զուգահեռ` թե՛ Ադրբեջանից, թե՛ Հայաստանից սկսեցին մեղադրել ռուս խաղաղապահներին՝ միջանցքի ռեժիմը չպահպանելու համար. ադրբեջանցիները մեղադրեցին, իբր անօրինական տեղափոխումներ կատարելու համար, հայկական կողմից մեղադրեցին, իբր ռուս խաղաղապահները չեն կարողանում կատարել նոյմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները:
«ԵԹԵ ԱՅՍ ԱՄԵՆԻՑ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆԵՆՔ, ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՑԱՎՈՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ»
— ՌԴ ԱԳՆ հայտարարությունը լայն քննարկումների ալիք բարձրացրեց, մասնավորապես ասվում էր, որ «Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը պետք չէ դնել երրորդ երկրների վրա»: Ի՞նչ է ենթադրում սա եւ կարո՞ղ է բացասական հետեւանք թողնել հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման վրա:
— Դեռեւս դեկտեմբեր ամսին` այն բանից հետո, երբ Բերձորի միջանցքը փակվել էր, Լավրովը իր հայտարարություններից մեկում նշել էր, որ միջանցքի փակումը պայմանավորված էր նոյեմբերի 9-ի համաձայնագրին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի բանավոր պայմանավորվածությամբ: Դրանից հետո հայկական կողմից սկսեցին քարկոծվել ռուսական դիվանագիտության այդ հայտարարությունները: Եթե հիշում եք, իշխանական շրջանակներից հայտարարում էին, որ եթե մի բան մերը չէ, մենք ո՞նց են զիջել, սա հենց այդ օրերն էին: Վերջերս ռուս խաղաղապահների հրամանատարը նույնպես նմանատիպ հայտարարություն կատարեց, երբ բողոքի ակցիայի շրջանակներում Արցախում հանդիպում էին կազմակերպել նրա հետ: Նա ուղղակի տեքստով հայտարարեց, որ միջանցքի փակումը պայմանավորված է անմիջապես Հայաստանի վարչապետի ստանձնած պարտավորությունների հետ: Նմանատիպ հայտարարություն արեց նաեւ ՌԴ ԱԳՆ-ն ու հստակ արձանագրեց, որ խնդիրը այստեղ ոչ այնքան խաղաղության օրակարգ ձեւակերպելն է, որքան` ռուսական ազդեցության հնարավորինս նվազեցումը ու սահմանափակումը:
— Կա՞ սպառնալիք` ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման:
— Մենք արդեն տեսել ենք, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճիռները ինչքան բացասական են անդրադառնում տարածաշրջանում մեր ունեցած դերակատարության վրա, եւ եթե մենք այս ամենից բանական հետեւություններ չանենք, կարծում եմ` հետագայում մեզ համար կարող են լինել ավելի ցավոտ հետեւանքներ: Սրա ականտեսը մենք եղել ենք նաեւ պատմականորեն, եւ դրա արդյունքում թշնամին ստացել է հաղթաթուղթ` Ռուսաստանի հետ իրենց հարաբերություններում մեր հաշվին սակարկություններ իրականացնելու համար: Այսօր շատ ու շատ բաներ հետեւողականորեն արվում են գիտակցված ձեւով: Հիշենք մի քանի առանցքային հայտարարություններ՝ երկրի ղեկավարին ոչ հարիր. օրինակ՝ պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պետք չէ հաղթել ուրիշներին կամ պատերազմի առաջին օրը արված ավելի ցինիկ հայտարարությունը, թե` «եկեք մի բան պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու»: Այս տրամաբանությամբ ցանկացած վատ հանգուցալուծում մեզ համար կարող ենք ներկայացնել որպես ձեռքբերում, որովհետեւ ինչ-որ մարդիկ ներքին պայմանավորվածություն են կայացրել, որ ցանկացած դեպքում մեզ պարտված չենք ճանաչում:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=260959&l=am/