Ալիևի պահանջները անիրականանալի են, հակառակ պարագայում` անպաշտպան կմնանք. Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Բորիս Առուշանյան
Հանդիպում
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը օրերս Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ հնարավոր է համարում Արցախի գոյությունը եւ արցախահայերի անվտանգ ապրելու հնարավորությունը Ադրբեջանի կազմում։
Ինչպես է վերաբերում դեսպանի գնահատականին եւ լավատեսությանը Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Բորիս Առուշանյանը, փորձել ենք հետաքրորվել անձամբ նրանից.
-Նրա խոսքերը չեն նշանակում, որ ԱՄՆ-ն Արցախը համարում է Ադրբեջանի մաս։ Նա կարծում է, որ եթե կողմերը նման որոշման գան, ապա հնարավոր կլինի ապահովել արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը։ Նա լավ չի ճանաչում մեր հարեւաններին կամ հույսը դնում է միջազգային երաշխիքների ուժի վրա։ Կարծում եմ, որ նա սխալվում է: Բացի այդ, արցախցիները համաձայն չեն լինի նման որոշման հետ։ Սա հակասում է միջազգային իրավունքին և ողջախոհությանը։ Բրիտանացիները, երբ համոզվեցին, որ պակիստանցիների և հնդիկների համար անհնար է միասին ապրել մեկ պետության մեջ, նրանք որոշեցին ստեղծել երկու պետություն։ Այս պատմության հիման վրա նույնիսկ ֆիլմ կա։
-ԱՀ նախագահը անդրադառնալով Ադրբեջան-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության հնարավորությանը ասել է, որ Բաքուն հստակ պահանջներ է ներկայացնում` ցրել ՊԲ-ն, կատավարությունը: Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան: Այս համատեքստում տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի հարցի վերջնական կարգավորումը լուծվելու հանրաքվեով: Ինչպե՞ս եք տեսնում հանրաքվեով հարցի լուծումը, կամ որն է լինելու հանրաքվեի բուն էությունը:
-Ալիեւի պահանջն անիրատեսական է, անիմաստ, եւ եթե այն ընդունենք, ապա Արցախի հայաթափման գործընթացը կարագանա, այսինքն՝ անպաշտպան կմնանք մինչեւ ատամները զինված ագրեսորի դեմ։ Արցախի ժողովուրդը սրան չի համաձայնի. Ընդհանրապես, Ալիևի բոլոր պահանջները կոչված են մեզ ամբողջովին ոչնչացնելուն։ Ինչ վերաբերում է նոր հանրաքվեի մասին խոսակցություններին, ապա դա հնարավոր է միայն Մինսկի խմբի շրջանակներում կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերահսկողության ներքո բանակցությունների վերսկսմամբ։ Ինձ թվում է, որ այսօր դա իրատեսական չէ։ Ամենայն հավանականությամբ, գերտերությունները պետք է ճանաչեն մեր ինքնորոշման իրավունքը, մեկ անգամ արդեն անցկացված հանրաքվեն և արդեն մի քանի տասնամյակ Արցախի Հանրապետության գոյությունը։
https://iravunk.com/sim/?p=259786&l=am/