Թոխմախի գերեզմանատանը եղե՞լ եք, ներքաղաքական իրավիճակն այդպիսին է. Բադալյան
Ներքաղաքական
«Իրավունքի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:
— Այսօր ՀՀ ներքաղաքական կյանքում ի՞նչ իրավիճակ ունենք, ինչպե՞ս կբնութագրեք:
— Թոխմախի գերեզմանատանը եղե՞լ եք, ներքաղաքական իրավիճակն այդպիսին է: Մեկ-մեկ, երբ թաղում է լինում՝ մի քիչ ակտիվացում կա, եթե թաղում չկա՝ մեռած իրավիճակ է: Նման է թաղման, երբ արարողությունն ավարտվում է, գերեզմանատանը քար լռություն է լինում, նույնն էլ Հայաստանի ներքաղաքական դաշտում է, երբ ինչ-որ մեկը թեթեւակի ակտիվանում է, մի քիչ ակտիվություն է լինում, այն էլ` Երեւանի կենտրոնում: Ներքաղաքական իրավիճակ ասելով` պետք է հասկանանք ամբողջ հանրապետությունը: Ամբողջ հանրապետությունում այդպիսի խնդիր այսօր չկա, ինչպես գերեզմանում, երբ թաղում է լինում, ամբողջ գերեզմանում չէ, կոնկրետ մի տեղում է արարողությունը լինում, ակտիվություն լինում է, օրինակ` Սրբխեչին: Թե ինչքան այսպես կշարունակվի՝ դժվար է ասել, կարող է վաղը ավարտվել, կարող է տասը տարի հետո ավարտվել այս վիճակը, դա բավականին բարդ գործընթաց է, բազմաթիվ կոմպոնենտներից է կախված՝ իշխանություն կփոխվի՞, թե` ոչ: Քաղաքական ու ներքաղաքական գործընթացը ֆորսմաժորային իրավիճակում է:
— Իշխանությունը գիտակցո՞ւմ է իր գործողությունները, թե՞ ստիպված են գնում այս կամ այն քայլին:
— Իշխանությունը բնավ ստիպված չէ գնում ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ ստիպված է Ադրբեջանի հետ ինչ-որ գործողություններ իրականացնել: Այս իշխանությանը 2018թ.-ին բերել են արեւմտյան ուժերը կոնկրետ մեկ խնդիր լուծելու համար` Ղարաբաղի հարցը չեզոքացնել, Հայաստանի տարածքում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը եւ «Զանգեզուրի միջանցքը» բացել: Առաջին գործընթացը կիսով չափ իրականացվել է, երբ կնքվեց կապիտուլիացիոն համաձայնագիրը, եւ Ղարաբաղը` կողքի տարածքներով էականորեն փոքրացվեց, ու մի փոքր տարածքն է, որ մնում է ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության ներքո: Հիմա երկրորդ փուլն է տեղի ունենում, Արեւմուտքի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի կնքվի, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», եւ դրանով փաստացի Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ռուս խաղաղապահները հեռանան: Սա է Արեւմուտքի խնդիրը: Քանի որ Ռուսաստանը «լռված է» ձգձգվող պատերազմում, կարծես, փորձում է պարենային օգնություն հասցնելով Ղարաբաղի բնակիչներին` պահել, որպեսզի դուրս չգան, այնտեղ ձգել ժամանակը` մինչեւ կազատվեն իր ձեռքերը այնտեղ երկարատեւ հարցերը լուծելու համար: Ադրբեջանն ուզում է օգտվել այդ իրավիճակից եւ ամեն ինչ վերցնել, Հայաստանի իշխանություններն էլ, քանի որ դրածո են, նրանք հենց իրականացնում են Արեւմուտքի ծրագիրը` Ղարաբաղը տալ Ադրբեջանին եւ այնտեղ որպես գործոն Ռուսաստանի դիրքը վերացնել: Երկրորդ խնդիրն է Ռուսաստանում Հայաստանի դիրքերը թուլացնել, որի ուղղությամբ բազմաթիվ քայլեր իրականցվում են` օգտվելով Ռուսաստանի` Հարավային Կովկասում եւ հատկապես Հայաստանում իրականացվող ոչ այնքան հստակ քաղաքականությունից: Այստեղ համարժեք քարոզչության միջոցով, Ռուսաստանի հեղինակությունը, տարբեր սոցիոլոգիական հարցումների ցուցանիշներով, մոտ 50 տոկոս պակասել է, եւ արդեն բավականին ակտիվ խոսակցություններ կան, որ ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից: Այսինքն՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը կարող է դադարել գոյություն ունենալ: Ու ոչ թե Հայաստանն է ասում` մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, այլ նշում են ինչ-որ մի բան, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, որպեսզի հետագայում կարողանան շատ ավելի հեշտությամբ ՀԱՊԿ-ի հետ խզել հարաբերությունները, որովհետեւ հիմա ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված կարգավիճակում են:
— Այս ֆոնին Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ, ըստ էության, բացահայտ նշում է, որ ապագայում սահմանային եւ մաքսային ամբողջ գործողությունները, սահմանապահ ծառայությունը իրականացնելու են Հայաստանի սահմանապահները…
— Այսինքն՝ Ռուսաստանի սահմանապահները հեռանալու են Հայաստանից, ինչը նշանակում է, որ եւս մեկ ազդեցության գործիք, որ ունի Ռուսաստանը Հայաստանի վրա՝ չեզոքացվում է: Արդեն խոսակցություններ կան բազայի դուրս գալու եւ այլնի մասին, իսկ այդ ամբողջ կոնտեքստում, Թուրքիայի հետ պետք է լավ հարաբերություններ ունենաս, դրա համար էլ Հայաստանի իշխանություններին կարգադրել են գնալ Թուրքիա, չնայած տարատեսակ ստորացումներին, Հայաստանի իշխանությունը գնաց ու մասնակից եղավ Էրդողանի երդմնակալությանը: Երրորդ խնդիրը Զանգեզուրի միջանցքն է, չնայած Հայաստանի իշխանությունները նշում են, որ միջանցք չեն տալու, բայց այդ Զանգեզուրի միջանցքի հարցը Արեւմուտքը մշտապես բարձրացնում է: Եվ այս ամենը հիմնականում կախված է Ռուսաստան-Ուկրաինա ռազմաճակատից, որովհետեւ եթե Ռուսաստանը հաղթանակ է տանում, Հարավային Կովկասում, Ղարաբաղում իրավիճակի այլ զարգացում կլինի, եթե պարտություն է կրում Ուկրաինայից, այլ զարգացում կլինի, եթե իրավիճակը անորոշ մնա՝ այլ զարգացում: Հայաստանի իշխանությունները կատարում են այն, ինչ իրենց հանձնարարվել է: Իսկ հասարակությունն ուժ չունի, որպեսզի դրա դեմ գործողություն իրականացնի: Եթե 1988թ. ասեին, որ կարելի է բարեւել մի ժուռնալիստի, որը Թալեաթին ճիշտ է համարում, այդ թվում` թուրք ժուռնալիստի, որը նաեւ արդարացնում է հայերի արտահանումը Արեւմտյան Հայաստանից ու ցեղասպանության ենթարկելը, եւ այդ գործիչը հանգիստ կարող է Հայաստանում շրջագայել, դա անհնար էր 1988, 90, 91 թվականներին: Այսօր դա շատ սովորական է, նախկինում անգամ Հայաստանի իշխանությունները, առաջին նախագահի գլխավորությամբ, չէին ցանկանում ցեղասպանության հետ կապված հարցը մտցնել անգամ Անկախության հռչակագիր, բայց հասարակությունը ստիպեց, որ դա մտցնեն հռչակագիր: Բայց այսօր սփյուռքի հանձնակատարը, կարող է շատ հանգիստ ասել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ ոչինչ չտվեց, եւ հարցը փակում ենք, ու որեւէ արձագանք չկա, սա ցույց է տալիս հայ հասարակության մտածելակերպի փոփոխությունը:
— Եթե խոշոր խաղացողներն են որոշում մեր ճակատագիրը, եւ այս պարագայում մենք ենթարկվողի կարգավիճակում ենք, ապա ի՞նչ իմաստ ունի անընդհատ խոսել խաղաղության օրակարգի ձեւավորումից, ի՞նչ է այն տալու Հայաստանին:
— Խնդիրն այն է, որ խոսվում է խաղաղության օրակարգի մասին ոչ թե, որ այն բխում է Հայաստանի շահերից, այլ որովհետեւ իշխանության գտնվող ուժին, որը բերվել է Արեւմուտքի կողմից այդ ծրագրերը իրականացնելու համար, իրեն պետք են պլակատներ, ինքը չի կարող ասել՝ այս ծրագիրը պետք է այսպես անել, այսինքն՝ ինչ-որ վերնագիր է պետք, այդ վերնագիրը կոչվում է «խաղաղության ծրագիր»: Դա Արեւմուտքի պահանջն է: Խաղաղություն ասելով` հասկանում ենք Ղարաբաղի կոնֆլիկտը չկա, ռուսական խաղաղապահներ չկան, Թուրքիայի հետ ոչ մի խնդիր չկա, ռուսական բազայի խնդիր չկա, այ սա է խաղաղությունը: Այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները ուզում են կամ չեն ուզում խաղաղություն, իրենց ոչ ոք չի հարցնում, իրենք բերված են այդ ծրագիրը իրականացնելու համար, դա էլ անում են:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=257568&l=am/