Լավ, էլ ի՞նչ պիտի անի Նիկոլը, որ համախմբվենք ու հանենք. Շարմազանով
ՏեսանյութերԱրցախի Ազգային ժողովը հրավիրված հրատապ արտահերթ նիստի ժամանակ ընդունեց միաձայն հայտարարություն, որ խորապես անհանգստացած են առկա վտանգավոր իրողությամբ եւ կոչ արեց համայն հայությանը` թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Հայոց Հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը եւ ՀՀ ինքնիշխան տարածքներն անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը: Միեւնույն ժամանակ, դիմեցին Հայաստանի եւ Արցախի նախկին ու գործող նախագահներին` կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ.-ի մայիսի 22-ին արած հայտարարությունները, այլապես լռությունը կդիտարկեն որպես ՀՀ վարչապետի հետ համաձայնության նշան: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:
«2021-ԻՆ Ո՞Ր ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵՑԻՆ, ՆԻԿՈԼԻ ՇՏԱԲԻՑ ԴՈՒՐՍ ՉԷԻՆ ԳԱԼԻՍ»
— Ինչպե՞ս եք վերաբերվում Արցախի ԱԺ-ի ընդունած հայտարարությանը, որտեղ, ըստ էության, սլաքներ են ուղղվում եւ պատասխան պահանջում ՀՀ նախկին նախագահներից:
— Մեր քաղաքական ուժի ղեկավարը` ՀՀ երրորդ նախագահ, Արցախի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը, հստակ իր գնահատականը տվել է` շատ ամփոփիչ եւ ամբողջական, որտեղ տարակուսելի է համարել Արցախի խորհրդարանի եւ քաղաքական մեծամասնության կողմից կոչը` իր կարծիքի հստակեցման վերաբերյալ: Սա ոչ միայն տարակուսելի է, այլեւ վիրավորական է ու զավեշտալի, որովհետեւ կոչ են անում մարդիկ, ում քաղաքական ղեկավարները կամ ղեկավարը 2018 թվականին ողջունում էր Նիկոլի «հեղափոխությունը», նրանց մի մասն էլ պաշտպանում էին Նիկոլին նույնիսկ կապիտուլիացիայից հետո: Նրանք Նիկոլին որեւէ թթու խոսք չասացին, երբ Նիկոլը Շուշին համարեց դժգույն եւ դժբախտ քաղաք, չհամարձակվեցին Նիկոլի հրաժարականը պահանջել` մինչեւ նա ուղիղ տեքստով չասաց, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ: Ինչ վերաբերում է մեզ, մենք միշտ ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն եղած ժամանակ Մոսկվայից մինչեւ Բրյուսել, Ստրասբուրգից մինչեւ Զագրեբ` հստակ նշել ենք, որ մեր նպատակն է եւ մեր կարմիր գիծն է` Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում: Դրա մասին խոսել է Սերժ Սարգսյանը 2010 թ.-ի դեկտեմբերին` Աստանայում, ԵԱՀԿ գագաթնաժողովում` Ալիեւի ներկայությամբ, 2014 թ.-ին` ՄԱԿ-ի ամբիոնից, 2011 թ.-ի հունիսին` Ստրասբուրգում` ԵԽԽՎ-ում, որտեղ շատ հստակ նշել է, որ խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, եւ որեւէ մեկը չի կարող պարտադրել Արցախի ժողովրդին, թե ինչպես տնօրինի իր ճակատագիրը: Դրա մասին խոսել է Սերժ Սարգսյանը 2016 թ.-ի օգոստոսի 1-ին` ապրիլյան պատերազմից հետո Բաղրամյան 26-ում, երբ զինվորականների հետ հանդիպմանը հստակ նշեց, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ 2016-ի օգոստոսի վերջին այդ մասին ասել է Մոսկվայում` Վ. Պուտինի ներկայությամբ: Դրա մասին արդեն ընդդիմադիր ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ դատարանում, երբ սկսեցին իրեն դատել` սալյարկայի շինծու եւ ողորմելի գործով, խոսել է Զագրեբում` մինչեւ 44-օրյա պատերազմը եւ պատերազմից հետո: Էլ չասեմ, որ Արմեն Աշոտյանը, ես` ձեր խոնարհ ծառան, մեր կուսակցությունը, բազմիցս խոսել ենք այդ մասին: Պարզապես հիշեցնում եմ փաստերը: Արցախի ԱԺ հայտարարությունը առնվազն առաջին երեք նախագահների մասով անարդար է: Այն, իրոք, վրդովմունք է առաջացնում, ոչ միայն Սերժ Սարգսյանի մասով, այլեւ` Ռոբերտ Քոչարյանի, ինչու ոչ, նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասով, որը Նիկոլին անվանել է ազգակործան պատուհաս: Ինչ վերաբերում է չորրորդ եւ հինգերորդ նախագահներին, կարծում եմ` երրորդ նախագահից հետո` երկրում նախագահ չենք էլ ունեցել, որը պաշտպանի ազգային, պետական շահերը: Նիկոլ Փաշինյանի հետ եւ հավասարաչափ պատասխանատվությունը կիսում են նաեւ Արցախի ղեկավարությունը, որոնք մինչեւ այս պահը իրենց ուղիղ անհամաձայնությունը չեն հայտնել նրա հակապետական ու հակաարցախյան քաղաքականության նկատմամբ: Ի՞նչ է նշանակում` դիմենք նախագահներին թող հստակեցնեն, այդ հողը դո՞ւք էիք ազատագրել, նախագահների գլխավորությամբ չի՞ ազատագրվել, նրանք չե՞ն դիվանագիտական ճակատում պայքարել այդ հողի համար: Դուք եք մերժել այդ նախագահներին: 2021 թվականին ո՞ր նախագահի կողքին կանգնեցին, Նիկոլի շտաբից դուրս չէին գալիս: Բայց հիմա, կարծում եմ, ոչ թե իրար մեղադրելու, այլ համախմբվելու ժամանակն է: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան ավելի ուշ, լավ է` գոնե հիմա գլխի ընկան Արցախի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյանտ է: Այսօր պետք է միավորվենք ու Արցախին միայնակ չթողնենք: Հիմա Արցախի Ազգային ժողովը կոնկրետ ասաց, որ դավաճանություն է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում:
— Սա Արցախի Ազգային ժողովի արդեն որերորդ հայտարարությունն է: Չե՞ք կարծում, որ այս իրավիճակում նման հայտարարությունները ոչինչ չեն տալիս:
— Պետք չէ այդպես կատեգորիկ ասել, թե` որեւէ բան չեն տալիս, իսկ փետրվարի 20-ի որոշումը որեւէ բան տվե՞ց: Ցանկացած հայտարարություն որեւէ բան չի տա, եթե գործողություն չլինի: Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք Սեւրի փառահեղ պայմանագիր թղթի վրա, որը կյանքի չի կոչվել եւ դարձել է ընդամենը կնիքով չիրականացված թուղթ: Ունեցել ենք լիքը հայտարարություններ, որոնցից հետո գործողություն է եղել եւ կյանքի է կոչվել: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այս հայատարությունը` չհաշված այդ վերջին պարբերությունը, կարող է լինել համախմբող եւ արթնացնել բոլոր քաղաքական ազգային ուժերին: Այլեւս չպետք է լինեն կուսակցական, խմբային շահեր, ոչ մի պաշտոն, ոչ մի մեդալ, ոչ մի հերոսի կոչում, ոչ մի ներկա ու նախկին վարչապետի, ԱԺ նախագահի, նախարարի աթոռ ոչինչ չարժե, եթե այս կապիտուլյանտը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս: Ինձ համար նորություն չէր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, նա դրա մասին բազմիցս է ասել: Պարզապես, Նիկոլը, կարծես թե, նեղն ընկած լինի ու հայ ժողովրդին ասում է` այ ձեր ցավը տանեմ, եկեք ինձ հանեք: Լավ, էլ ի՞նչ պիտի անի Նիկոլը, որ համախմբվենք ու հանենք, բառացի ասում է` Արցախը Ադրբեջան է եւ վերջ:
«ՊԵՏՔ Է ՈՐՈՇԵՆՔ` ԱՐՑԱԽԻ ՀԵ՞Տ ԵՆՔ, ԹԵ ՆԻԿՈԼԻ ՆՄԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՕՂԼԻՆԵՐԻ ՀԵՏ ԼԻՆԵՆՔ»
— Սա նշանակո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը, լարելով իրավիճակը, փորձում է մայիսի 25-ին եւ հունիսի 1-ին Մոսկվայում ու Քիշնեւում նախատեսված Ալիեւի հետ հանդիպմանն ընդառաջ` գլուխն ազատել հնարավոր զարգացումներից:
— Ո՛չ, Նիկոլն ուզում է իր աթոռը պահել: Հիմա գործը հասել է նրան, որ մենք` հանրությունը, պետք է որոշենք` Արցախի հե՞տ ենք, թե Նիկոլի նման ուզում ենք օղլիների հետ լինենք ու դառնանք օղլի: 1988 թվականին, երբ Արցախի խորհրդարանի պատգամավորների նիստը որոշում կայացրեց դիմել Ադրբեջանի, Հայաստանի եւ Խորհրդային միության գերագույն խորհուրդներին` Արցախի Խորհրդային Ադրբեջանի հանրապետության կազմից դուրս գալու եւ Սովետական Հայաստանի կազմի մեջ մտնելու հարցով, Խորհրդային Ադրբեջանը, Խորհրդային միությունը, Խորհրդային բանակը դեմ էր, բայց հայ ժողովուրդը համախմբվեց, ինքնակազմակերպվեց ու հասավ հաղթանակի: Հիմա մեզ պետք է ինքնակազմակերպվել: Մենք ունենք այդ ռեսուրսը, ունենք նախկին նախագահներ, նախկին վարչապետներ, նախկին զինվորական ղեկավարություն, մտավորականություն, նախկին բազմաթիվ պատգամավորներ, ի վերջո, ունենք քաղաքական ուժեր, ոչ բոլորն են ազգային, բայց մեջները ազգային մարդիկ շատ կան, ունենք Վեհափառ Հայրապետ: Պետք է շտապ ստեղծվի շտաբ, սա այլեւս ազգային խնդիր է, պետք է հավաքվենք, սցենարը, քայլերի հաջորդականությունը մշակենք ու գնանք առաջ, տարերային էլ չպետք է լինի այս ամենը:
— Չե՞ք կարծում, որ այս հարցում շատ են դանդաղում Ձեր նշած ուժերը, իսկ ՀՀ Ազգային ժողովում ընթանում է բնականոն աշխատանք, կարծես, ոչինչ չի եղել:
— Այնպես եք ասում` շատ չե՞ն դանդաղում, կարծես, ոչ մի բան չեն արել: Հայրենիքի փրկության շարժում է եղել, երեք ամիս տուն չէինք գալիս, մարդիկ Նոր տարի էին անում, մենք վրանում -20-ի տակ նստած էինք, «Դիմադրություն» շարժում է եղել, 45 օր ճամփա էլ ենք փակել, անհնազանդության ակցիա էլ ենք արել, ասֆալտին էլ ենք պառկել, բռնվել էլ ենք: Չի ստացվել… 4-5 օր է իմ ընկերների հետ զոհվածների ծնողների կողքին էի: Այդ մեղադրողները իրենք ի՞նչ են արել: Համակարգչի դիմաց նստած մեղադրելը հեշտ է: Ես առավոտյան Կոռնիձոր եմ եղել, գիշերը եկել, իմ կուսակցական ընկերների հետ մնացել եմ զոհվածների ծնողների կողքին: ՀՀԿ-ն դեկտեմբերին միտինգ է արել, եղե՞լ է մի փողոցային անհնազանդության ակցիա, որտեղ Հանրապետականը չլինի: Մենք ասել ենք, որ որեւէ քաղաքական ուժ, այդ թվում` Հանրապետականը, միայնակ չի կարող սրան քշել: Որ կարողանայինք միայնակ, վաղուց արել էինք: Այդ ծանրաձողը մենակ բարձրացնելու բան չէ: Այդ ծանրաձողի մի կողմում Ադրբեջանն է, մյուս կողմում` Թուրքիան, հետեւը` ՆԱՏՕ-ն: Հետեւապես, պետք է համայն հայության միավորում լինի եւ ամենակարեւորը` լինի գաղափարական միավորում` քայլերի հաջորդականությամբ: Սերժ Սարգսյանը Արցախի ԱԺ հայտարարությանն ի պատասխան հստակ նշել է, որ գործելու ժամանակն է: Նախկին նեղացվածությունը, ամբիցիաները, անձնական ու կուսակցական շահը առաջին պլան չպետք է մղվի, դրանք բոլորը պետք է մոռացվեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=256778&l=am/