Միակ իրական ուժը Հարավային Կովկասում Ռուսաստանն է, որը կարող է մեզ պաշտպանել. Սաֆրաստյան

Ներքաղաքական

Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքները կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին ու ներքաղաքական մարտահրավերների վրա, ո՞ւմ է ձեռնտու անվտանգ Հայաստանը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ, արեւելագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ:

«ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ»

— Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» ասվածից հետո արդյո՞ք կփոխվի:

— Կարծում եմ` հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ Թուրքիայի համար առանձնապես կարեւոր չէ, այլ կարեւոր է Հայաստանից ստանալ այն, ինչ որ պահանջում է, միայն դրանից հետո պատրաստ է կարգավորել հարաբերությունները, իսկ ի՞նչ է պահանջում. այն, ինչ-որ տասնամյակներ շարունակ պահանջել է, հիմա դրան էլ ավելացել է «Զանգեզուրի միջանցքը»: Թուրքիայի գերագույն նպատակն է՝ Հայաստանից ստանալ ինչ-որ մի գին, այդ գինը ստանալուց հետո՝ նոր կարելի է մտածել հարաբերությունները կարգավորելու մասին:

— Ի՞նչ ակնկալել Թուրքիայում նախագահական ընտրություններից: Տարբեր կարծիքներ են հնչում, որ օրինակ՝ գործող նախագահ Էրդողանը չընտրվի, այլ ընտրվի ընդդիմության թեկնածուն, կարող է Հայաստանի համար օրակարգային հարցեր փոխվել:

— Հայաստանի նկատմամբ սկզբունքորեն փոփոխություն չի լինի, որովհետեւ այն քաղաքականությունը, որ Թուրքիան վարում է Հայաստանի նկատմամբ, տասնամյակներով է վարել՝ 1991թ.-ից, երբ ճանաչեց Հայաստանի անկախ պետությունը, բայց հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայտարարեցին, թե ինչ-որ խնդիրներ կան, որ պետք է պարզաբանեն Հայաստանի հետ հարաբերություններում, դրանից հետո նոր դիվանագիտական հարաբերություններ հաստատեն: Սա է ընդհանուր թուրքական վերնախավի մոտեցումը՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն: Դրա հիմքում հետեւյալ գաղափարն է, որ Հայաստանը ավելի շատ է շահագրգռված նորմալ հարաբերություններ ունենալ, քան Թուրքիան, եւ քանի որ ավելի շատ է շահագրգռված, պետք է ինչ-որ գին վճարի: Եվ այս մոտեցումն ունի ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը: Ընդդիմությունը, եթե գա իշխանության, որն ավելի շատ է կապված Միացյալ Նահանգների հետ, կարող է մի քիչ ավելի փափուկ քաղաքականություն վարել՝ սկզբունքորեն չհրաժարվելով այդ գնից, որովհետեւ ամերիկացիները վաղուց ուզում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորեն, իսկ ընդդիմությունը քանի որ  նրանցից ավելի մեծ կախման մեջ կլինի, կփորձի մի քիչ ավելի «ճկունություն» ցուցաբերել: Այսինքն՝ այդ գինը կմնա, բայց գուցե ավելի քիչ լինի, բայց սկզբունքորեն փոփոխություն տեղի չի ունենա:

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՆ ԻՐ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՎԵՐՑՆԵԼՆ Է»

— ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ալիեւի հետ հեռախոսազրույցում անդրադարձել էր հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին՝ խոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը այս հարցում: Նա նաեւ անդրադարձել էր Բերձորի միջանցքին ու մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերին: ԱՄՆ-ը այս պահին կարո՞ղ է դրական միջամտություն ունենալ:

— Հայ-թուրքական հարաբերությունների առումով ամերիկացիների մոտեցումները 1991-92 թթ. նույնն է, որ իրենք կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Փորձել են միջնորդի դեր ստանձնել, երկու անգամ հարաբերությունները կարգավորել են, չի ստացվել, օրինակ՝ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ ամերիկացիներն էին, ըստ էության, միջնորդի դեր ստանձնել, երբ բանակցություններ էին տեղի ունենում Շվեյցարիայում: Հիմա այս անգամ էլ ընդդիմությունը եթե գա իշխանության, կարող է մի քիչ ավելի ճկուն լինի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման բնագավառում՝ ելնելով ամերիկացիների ճնշումներից, ուրիշ բան ամերիկացիները հայ-թուրքական հարաբերությունների բնագավառում անել չեն կարող:

— Ադրբեջանի ծրագրերը որքանո՞վ կարող են  կախված լինել Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքներից: Օրինակ, եթե նախագահ փոխվի, թեկուզ ժամանակավոր, Ադրբեջանի ծրագրերը կհետաձգվե՞ն:

— Կարծում եմ՝ Ադրբեջանը կորցնում է իր ինքնուրույնությունը, ավելի շատ է դառնում  գործիք, տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը իրականացնելու համար: Այդ գործընթացը կանգ չի առնի, ուղղակի, ընդդիմությունը իշխանության գալով՝ ի տարբերություն Էրդողանի, որն իր արտաքին քաղաքական նպատակներն ագրեսիվ կերպով է հետապնդում, ընդդիմությունը կփորձի ավելի մեղմ ձեւով այդ ամենն անել: Բայց ես չեմ կարծում, որ լիովին հրաժարվի մեր տարածաշրջանում այն ռազմավարական նպատակից, որը Թուրքիան դրել էր իր առջեւ դեռեւս 30 տարի առաջ: Թուրքիայի նպատակը մեր տարածաշրջանում Հարավային Կովկասը իր հսկողության տակ վերցնելն է, իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ դարձնելն է, եւ Ադրբեջանը հենց դրա համար օգտագործվում է Թուրքիայի կողմից: Այս նպատակները դրվել է դեռեւս այն ժամանակ, երբ անգամ Էրդողանի կուսակցությունը գոյություն չուներ:

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԶԻՋԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»

— Թուրքիայի այս նպատակին միջազգային կառույցները, գերտերությունները, խոշոր խաղացողները չե՞ն հակազդի, այդքան հե՞շտ կլինի Թուրքիայի համար տարածաշրջանում հասնել իր նպատականերին:

— Իհարկե, հեշտ չէ, 30 տարի ձգտում-ձգտում է, մինչեւ հիմա խնդիր կա լուծելու, առաջինը Հայաստանն ու Արցախն է, որ խանգարել են Թուրքիային այդ նպատակին հասնելու, դրա համար էլ ամեն ինչ ուղղված է Արցախի, հետո Հայաստանի դեմ: Իսկ միջազգային կառույցներն առանձնապես հետաքրքրված չեն, որովհետեւ՝ Հարավային Կովկասը առաջին հերթին հետաքրքրում է Ռուսաստանին ու վերջին շրջանում` Իրանին: Ռուսաստանը տասնամյակներ շարունակ, մեր տարածաշրջանում ունեցել է միանձնյա ազդեցություն, գնալով այդ ազդեցությունը թուլանում է, վերջին պատերազմից հետո սկսեց ավելի տեսանելի թուլանալ Ռուսաստանի ազդեցությունը, որովհետեւ զբաղված է Ուկրաինայով: Թուրքիան հիմա փորձում է դրանից օգտվել, բայց, իհարկե, Ռուսաստանը երբեք չի համաձայնի Հարավային Կովկասը զիջել Թուրքիային, դա բացառված է: Իր բոլոր հնարավոր միջոցներով Ռուսաստանը կփորձի այն ազդեցությունը, որը դեռեւս ունի, պահել: Մենք տեսնում ենք նաեւ, որ Իրանը ակտիվացրել է իր տարածաշրջանային քաղաքականությունը՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, որովհետեւ եթե Թուրքիան, Ադրբեջանը կարողանան վերցնեն իրենց ձեռքը Սյունիքը, նշանակում է, որ Իրանը կորցնում է երկընտրանքային ճանապարհ աշխարհի եւ Եվրոպայի հետ կապվելու համար: Իհարկե, այն, որ հայտարարություններ են հնչում, որտեղ Իրանի դիրքորոշումը պարզորոշ արտահայտված է այդ հարցում, դրանք միանգամայն համապատասխանում են Իրանի քաղաքականությանը, ուղղակի կասկածում եմ, որ գործը հասնի դրան: Իրանը, չեմ կարծում, որ զինված ուժեր կկիրառի այդ խնդիրը իր ցանկացած ձեւով լուծելու համար: Ամեն դեպքում, Իրանը իր բոլոր հնարավորություններն օգտագործում է ու կօգտագործի, բացի զինված ուժերից, որ այդ ծրագիրը չիրականանա: Մնացածների համար Հարավային Կովկասը չունի մեծ նշանակություն՝ այն առումով, որ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար այն է կարեւոր, որ այստեղից նավթն ու գազը դուրս գան եւ հասնեն Արեւմուտք: Իհարկե, Թուրքիան Արեւմուտքի մաս է կազմում, եւ Արեւմուտքի համար ավելի ձեռնտու է, որ Հարավային Կովկասում գերիշխողը լինի Թուրքիան եւ ոչ թե Ռուսաստանը: Բայց չեմ կարծում, որ Արեւմուտքը Թուրքիային կաջակցի իր այդ նպատակը իրականացնելու համար, ուղղակի, կհետեւի, բայց եթե հաջողվի, չի էլ խանգարի Թուրքիային: Մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ Ռուսաստանը զբաղված լինի, եւ որոշ դեպքերում այնպես չի վարվում, ինչպես մենք կցանկանայինք, բայց միակ իրական ուժը Հարավային Կովկասում Ռուսաստանն է, որը կարող է մեզ պաշտպանել, ուրիշ ոչ մի ուժ չկա:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=254710&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ