Սփյուռքահայ գաղութների կյանքում եկեղեցին առանցքային դերակատարություն ունի. Բացառիկ զրույց` Թեհրանի Հայոց թեմի առաջնորդի հետ
Հանդիպում
Ի՞նչ խնդիրներով են հիմնականում իրանահայ մեր հայրենակիցները դիմում եկեղեցու օգնությանը, որքանո՞վ է եկեղեցին կարողանում կանգնել իր հայրենակցի խնդրի կողքին: Որքա՞ն հայկական եկեղեցի կա Իրանում, կա/ն արդյոք խոնհարված եկեղեցիներ, եթե այո, ապա ի՞նչ ճակատագիր ունեն: Եվ առհասարակ ինչպե՞ս են տեղի իշխանությունները վերաբերում հայկական պատմա-մշակութային հոգեւոր արժեքների պահպաննմանը: Որքանո՞վ է Իրանի հայկական թեմը կարողանում նպաստել Իրան-Հայաստան բարեկամական կապի ամրապնդմանը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:
-Սրբազան Հայր, հայտնի փաստ է, որ հավատացյալները բացի պատարագներին մասնակցելուց եւ Աստծո խոսքը լսելուց, շատ հաճախ իրենց խնդիրներով դիմում են նաեւ թեմի առաջնորդարաններին: Ի՞նչ խնդիրներով են հիմնականում իրանահայ մեր հայրենակիցները դիմում եկեղեցու օգնությանը եւ, որքանո՞վ է եկեղեցին կարողանում կանգնել իր հայրենակցի խնդրի կողքին:
-Սփյուռքահայ գաղութների կյանքում եկեղեցին առանցքային դերակատարություն ունի։ Եկեղեցին իր հավատացյալների հոգեւոր, բարոյական սնունդ հայթայթելու պարտականություն ունի։ Հավելենք, որ այստեղ Իրանում եւս հայ կյանքը համախմբված է եկեղեցու շուրջ։ Եկեղեցին են դիմում մեր ժողովրդի զավակները մկրտության, ամուսնութեան, ընտանեկան հարցերի համար, ինչպէս նաեւ որոշ ընկերային հարցերի եւ երբեմն էլ նյութական օժանդակության ակնկալությամբ։ Վերոհիշյալ հարցերի տնօրինումների համար Ազգային առաջնորդարանը իր մարմինների եւ գրասենյակների միջոցավ փորձում է գոհացում տալ դիմողներին։ Օրինակ, համալսարանականների նյութական օժանդակության համար հատուկ Ուսանողական ֆոնդ ունենք, չքավոր եւ նյութական օժանդակության կարիք ունեցողների համար ունենք Կարիքավորներին Օժանդակող մարմին, որ փորձում է ամեն ձեւով հասնել մեր ժողովրդի կարիքներին։ Բնական է` դժվար է բոլորին ամեն տեսակի օժանդակություն հասցնել, այդուհանդերձ եկեղեցին իր կարելին է անում դժվարություն ունեցող ընտանիքների ցավը մեղմացնելու համար։
-Սրբազան Հայր, որքա՞ն հայկական եկեղեցի կա Իրանում, կա՞ն արդյո՞ք խոնհարված եկեղեցիներ, եթե այո, ապա ի՞նչ ճակատագիր ունեն: Եվ առհասարակ ինչպե՞ս են տեղի իշխանությունները վերաբերում հայկական պատմամշակութային հոգեւոր արժեքների պահպաննմանը:
-Իրանում իրանահայ համայնքը մեծ թվով եկեղեցիներ ունի, հարկ է լուսաբանիչ բացատրություն տալ։ Իրանում մենք ունենք հին պատմական եկեղեցիներ, ինչպէս Ս. Թադէի վանք, Ս. Ստեփանոսի վանք նաեւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքը եւ այլ բազմաթիվ եկեղեցիներ։ Ունենք նաեւ Սալմաստում, Խոյում, Անզալիում եւ այլ շրջաններում եկեղեցիներ, որոնցից ոմանք խոնարհված են, ոմանց էլ վերականգնումը հսկա գումարների եւ աշխատանքի են կարոտ։ Վերոհիշյալ եկեղեցիների ու վանքերի, որոնց մի մասը Իվնեսքոյի հովանավորությունը ունի Իրանի պետությունը լուրջ կերպով հետեւում է նրանց պահպանման։ Հին վանքերի ու եկեղեցիների կարգին հիշենք նաեւ 20-րդ դարում կառուցված եկեղեցիներ Թեհրանում, Արաքում, Ղազւինում, Ռաշտում եւ Մաշհադում։ Դժբախտաբար գաղութում տեղի ունեցող արտագաղթի եւ դեպի Հայաստան ներգաղթի պատճառով իրանահայության թիվը շատ է նվազել, սրանով հանդերձ գաղութը շարունակում է իր աշխույժ գործունեությունը մշակութային, կրթական, մարզական եւ այլ բնագավառներում։
-Սրբազան Հայր, որքանո՞վ է Իրանի հայկական թեմը կարողանում նպաստել Իրան-Հայաստան բարեկամական կապի ամրապնդմանը:
-Իրանահայ գաղութի զավակները իբրեւ լիիրավ քաղաքացիներ ապրում եւ գործում են իրենց իրանցի եղբայրների կողքին եւ փորձում են իրենց ներդրումը բերել երկրի զարգացման։ Հարկ է կարեւորությամբ հիշել, որ Իրանի եւ Հայաստանի հարեւան լինելու իրողությունը մեծապես նպաստում է հայ-իրանական բարվոք հարաբերության։ Հարկ է կարեւորութեամբ հիշել, որ իրանահայ գաղութը պետական երկու պատգամավորներ ունի, ինչպես նաեւ Իրան-Հայաստան առեւտրական պալատ, որ մեծապես նպաստում է հայ-իրանական հարաբերությունների զարգացման։
-Սրբազան Հայր, խոսակցություններ են շրջանառվում, որ ինչպես ՀՀ-ում այնպես էլ հայկական տարբեր համայնքներում ակտիվացել են աղանդավորականները: Իրանահայության շրջանում ինչպիսի՞նն է պատկերը այս առումով:
-Այո՛, այստեղ էլ դժբախտաբար աղանդավորների աշխույժ ներկայությունը նկատելի է, սակայն մենք մեր եկեղեցական ու աշխարհական գործակիցների հետ ձեռք ձեռքի տված համագործակցաբար պիտի պայքարենք օտարոտի ուժերի դեմ` ի խնդիր մեր եկեղեցու զօրության եւ հավատքի առավել բյուրեղացման։
Մնաք քրիստոնեական ջերմ սիրով եւ օրհնությամբ:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
https://iravunk.com/sim/?p=254140&l=am/