Ադրբեջանը գնում է սեփական խաղի կանոներով էթնիկ զտումների իրականացմանն Արցախում. Աբրահամյան
ՏեսանյութերԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որեւէ ձևով չեն արտացոլում հայկական շահը:
— Ընդամենն օրեր առաջ էլ ադրբեջանական ԶՈՒ դիպուկահարի կողմից վիրավորվել էր ժամկետային հայ զինծառայող, ով մինչ շտապօգնության դեպքի վայր հասնելը՝ զոհվեց: Ի՞նչ կասեք սահմանային ստեղծված իրավիճակի մասին:
— Երկու ուղղությամբ է իրավիճակը զարգանում. մեկը Սոթքի ուղղությունն է, որտեղ Ադրբեջանը հրահրել էր միջադեպ, ինչի հետեւանքը ողբերգական եղավ, եւ հայ զինծառայող զոհվեց, իսկ երկրորդ ուղղությունն առաջնագծի Հայաստանի եւ Արցախի հատման կետն է, որտեղ ադրբեջանական կողմը փաստացի հսկիչ անցագրային կետ է տեղակայել: Իրավիճակը բարդացել է նրանով, որ Ադրբեջանն, ըստ էության, վերահսկողություն է հաստատել Հայաստանից Արցախ եւ հակառակ ուղղություններով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների վրա:
— Ադրբեջանական լրատվամիջոցներից սկսած մինչեւ պաշտոնյաներ ասում են, թե Հայաստանն Արցախին կապող Հակարի հումանիտար կամուրջը փակել են, որովհետեւ Հայաստանն է առաջին հերթին փորձել քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:
— Ադրբեջանը, բնականաբար, փորձում է ֆոն ձեւավորել եւ իր արածն, այսպես ասած, «հիմանավորել», բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը 1,5-2 տարի է խոսում է անցակետի տեղակայման անհրաժեշտության մասին, ինչը փաստացի իրականացրել է:
— Հիմա, ըստ էության, Արցախը զրկված է բոլոր հումանիտար ճանապարհներից, ինչի՞ է հանգեցնելու այս ամենը:
— Մի քանի խնդիր է միանգամից առաջանում. մի բլոկը հումանիտար խնդիրներն են, որովհետեւ նույնիսկ շրջափակման պայմաններում ռուս խաղաղապահները եւ «Կարմիր խաչն» ունեցել են որոշակի հնարավորություն` սահմանափակ քանակով, նվազագույն չափով ապրանքներ տեղափոխել Արցախ: Ներկայումս, բնականաբար, դա չի իրականացվում: Բայց գլխավոր խնդիրն այստեղ քաղաքական է, որովհետեւ Ադրբեջանը, այդ անցակետը դնելով ու իր վերահսկողությունը հաստատելով, փաստացի գնում է սեփական խաղի կանոններով էթնիկ զտումների իրականացմանն Արցախում:
— Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների անունից հայտարարություններ անելուց զատ, ի՞նչ կարող են անել արցախահայությունն ու արցախյան պաշտոնյաները:
— Այսօր գլխավոր խնդիրն այն է, թե ինչ պետք է անեին Հայաստանի իշխանությունները, որոնք փաստացի հրաժարվում են Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: Ավելին` նրանք սա ամրագրել են հայտարարությունների ձեւով, որոնք հավաստում են, որ Հայաստանն այլեւս հանձնառություն չունի Արցախի անվտանգության մասով: Եվ սա Ադրբեջանի համար կանաչ լույս է նման քայլերի ուղղությամբ գնալու համար:
— Իսկ այդ քայլերը որքանո՞վ աղերս ունեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության բովանդակության հետ:
— 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բազմիցս խախտվել է նաեւ կոնկրետ այս ադրբեջանական գործողությամբ: Բայց ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանը որեւէ փաստաթուղթ, որեւէ պայմանավորվածություն խախտելու հետ կապված որեւէ խնդիր չունի: Ավելին`յուրաքանչյուր փաստաթուղթ եւ պայմանավորվածություն օգտագործում է ըստ սեփական նպատակահարմարության եւ շահի:
— Մայիսի 10-ին լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հոր` Հեյդարի ծննդյան 100-ամյակը: Կա՞ մտավախություն, որ հենց այդ օրը որդին հանգուցյալ հորը նվեր կանի` ադրբեջանական թելադրված պայմաններով` հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեսքով կամ Արցախն ամբողջովին գրավելով:
— Ադրբեջանը սիմվոլիզմ օգտագործում է, ինչը մենք տեսել ենք տարբեր իրավիճակներում: Այս առումով չի բացառվում, որ Ադրբեջանը կօգտագործի նաեւ այս հնարավորությունը, հատկապես, որ Հեյդար Ալիեւի աստվածացման գործընթաց Ադրբեջանում վաղուց է սկսված: Բայց խնդիրն այն է, որ ցանկացած գործընթացի Ադրբեջանը նախապատրաստում է շատ ավելի վաղ եւ հայտարարում է այդ մասին, մինչդեռ մեծ հաշվով Հայաստանի իշխանություններն այն կանխելու որեւէ լուրջ քայլ չեն ձեռնարկում:
— Ջահերով երթին, միասնաբար մասնակցում էր նաեւ խորհրդարանական ընդդիմությունը: Այն կարո՞ղ է նոր ազդակ դառնալ կրկին միասնական փողոցային պայքարի համար:
— Ջահերով երթը առաջին մասսայական միջոցառումը չէ, որը համախմբում է բոլորին` անկախ քաղաքական կամ կուսակցական պատկանելությունից: Մեր ժողովուրդը տարբեր փուլերում, նույնիսկ վերջին երեք տասնամյակում ցույց է տվել, որ ամենածանր պահերին համախմբվում է եւ իր խնդիրը լուծում է: Կարծում եմ` այդ համախմբվածությունը միայն Ջահերով երթին չէ, որ պետք է ի ցույց դրվի: Իրականում շատ ծանր ժամանակներ ենք ապրում, եւ խոսքը միայն Արցախին չի վերաբերում: Այն պահանջները, որոնք բարձրաձայնում է եւ իրականացնում է Ադրբեջանը, ուղիղ անվտանգային սպառնալիք է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=253982&l=am/