Ադրբեջանը չի դադարելու առաջ գնալուց եւ իր լկտի վարքագիծը չի դադարեցնելու` մինչեւ մռութին հարված չստանա. Ոսկանյան
Միջազգային
Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին լարված են: «Իրավունքի» հետ զրույցում ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ նշել է, որ առիթը շատ դրական է` Հայաստանի շահերը հաշվի առնելով, բայց մենք Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է կառուցենք երկարաժամկետ կտրվածքով:
«ԻՐԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿԵՐՊՈՎ ԼԱՐՎԱԾ ԵՆ»
— Ի՞նչ սպասել Ադրբեջան-Իսրայել համագործակցությունից, որն ուղղված է Իրանի դեմ:
— Պետք է նշել, որ Ադրբեջանը եւ Իսրայելը հակաիրանական ճակատ են ստեղծել ոչ ամենեւին վերջերս, այն ունի տասնամյակների պատմություն: Իսրայելա-ադրբեջանական հակաիրանական դաշինքը ձեւավորվել է դեռեւս Հեյդար Ալիեւի ժամանակներից, բայց վերջին շրջանում այդ մասին բացահայտորեն են արդեն խոսում թե՛ Բաքվում, թե՛ Իսրայելում: Իսրայելի արտգործնախարարը բաց կերպով հայտարարեց, որ` այո՛, Ադրբեջանը եւ Իսրայելը ստեղծել են հակաիրանական միասնական ճակատ: Հետեւաբար, այդ հակաիրանական գործողությունների շարանը միշտ եղել է, բայց այժմ լկտիաբար խոսում են նաեւ Բաքվում, եւ ոչ միայն խոսում են, այլեւ գործողություններ են ծավալում: Ադրբեջանի ներսում միայն վերջին մեկ ամսվա ընթացքում ձերբակալվել է մոտավորապես 350 շիա հավատացյալ` շիաներ, թալիշներ, այսինքն՝ իրանալեզու, ազգային ազատագրական պայքար մղող ժողովուրդների ներկայացուցիչներ եւ շիայական ընդդիմության ներկայացուցիչներ: Այն բոլոր խմբերի ներկայացուցիչներն են նրանք, որոնք համարում են, որ Իրանն իրենց հոգեւոր հայրենիքն է, եւ այս իմաստով կարելի է նրանց համարել իրանամետ կազմակերպությունների, նաեւ ուղղակի հոգեւորականների, որոնք կրթություն են ստացել Իրանում: Այժմ Իրանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները աննախադեպ կերպով լարված են:
— Իսկ Հայաստանն այս ընթացքում ինչո՞ւ միջազգային հարթակում չի օգտագործում Ադրբեջանի որդեգրած քաղաքականության փաստերը, որոնք դրսեւորվում է ե՛ւ Իրանի, ե՛ւ Հայաստանի նկատմամբ:
— Հայաստան-Իրան հարաբերությունները ունեն հազարամյակների պատմություն, հետեւաբար՝ այդ հարաբերությունները որեւէ պարագայում չեն կարող լինել իրավիճակային կամ ձեւավորվել որեւէ առիթի պարագայում: Այո՛, առիթը շատ դրական է` Հայաստանի շահերը հաշվի առնելով, բայց մենք Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է կառուցենք երկարաժամկետ կտրվածքով, իսկ այդ հարաբերությունները պետք է այժմ` հաշվի առնելով տարածաշրջանում ընդհանուր մարտահրավերների եւ սպառնալիքների առկայությունը: Ի դեմս Բաքվի բարբարոսական վարչախմբի եւ նրան աջակցող ուժերի` Հայաստանն ու Իրանը պետք է ձեւավորեն աշխարհաքաղաքական, ռազմավարական դաշինք, որը գաղափարական իմաստով հենված պետք է լինի եւ կարող է լինել քաղաքակրթական ընդհանրությունների վրա: Պետք է շատ հստակ գծել սահմանը, Հայաստանը եւ Իրանը հինավուրց քաղաքակրթությունների կրողներ են, ըստ էության, կիսում են միեւնույն քաղաքակրթական համակարգը, որն ունի հազարամյակների պատմություն, եւ մենք գործ ունենք մեր տարածաշրջանում բարբարոսական բնույթ ունեցող վարչախմբերի հետ` հատկապես ի դեմս Բաքվի բռնապետական վարչախմբի: Եթե կհարցնեք` ինչո՞ւ բարբարոսական, ապա պատասխանը շատ պարզ է. այն վարչախումբը, որը գլխատում է հայ զինվորականներին, այն վարչախումբը, որը գլխատում է նույնիսկ կանանց, մեր գերիներին տանջելով սպանում է Բաքվի բանտերում, այն վարչախումբը, որը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը կամ յուրացնում է իրանական մշակութային ժառանգությունը, չի կարող կոչվել այլ անունով, քան` բարբարոսական: Հետեւաբար, Հայաստանը եւ Իրանը ներկայացնում են հազարամյակների ընդհանուր քաղաքակրթության երկու թեւեր եւ գաղափարական իմաստով էլ մենք որեւէ խոչընդոտ չունենք աշխարհաքաղաքական դաշինք ձեւավորելու, որը բնականաբար պետք է միտված լինի նախ եւ առաջ անվտանգային տիրույթին, որովհետեւ հիմա Հայաստանի պարագայում ամենախոցելի հատվածը հենց անվտանգայինն է:
«ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵՆՔ ԱՅԴ ՀԱՐՎԱԾԸ ՀԱՍՑՆԵԼՈՒ»
— Արդյո՞ք Իրանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու առումով Հայաստանը չի ուշացել:
— Կարծում եմ` այո՛, մենք ուշացել ենք, այս ռազմավարական դաշինքը պետք է կնքվեր շատ վաղուց, եւ այն պետք է միս ու արյուն ստանար` հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ենթադրվում էր կամ կանխատեսվում էր, որ մեր տարածաշրջանում ի հայտ են գալու, հատկապես այն բանից հետո, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը, զանազան դաշինքներ էր կնքում բացահայտ եւ գաղտնի: Թուրքիայի հետ դա շատ բացահայտ է, Պակիստանի հետ այդ հարաբերություններն ունեն որոշակի խորքային հատված, Իսրայելի հետ էլ ունի խորքային հատված, հիմա դրանք արդեն իսկ բացահայտ են: Ուստի` մենք պետք է ճշգրիտ հակակշիռներ ստեղծենք, եւ այդ հակակշիռները ենթադրում է երկկողմ, եռակողմ եւ քառակողմ դաշինքների ստեղծում: Խոսքը գնում է ոչ միայն Հայաստան-Իրան դաշինքի մասին, այլ նաեւ եռակողմ` Հայաստան-Իրան-Ռուսաստան դաշինքի մասին, խոսքը եռակողմ կամ քառակողմ` Հնդկաստանին եւ Չինաստանին ներգրավելու մասին է: Գիտեք, Հնդկաստանը եւ Չինաստանը միմյանց հետ մրցակցային հարաբերություններ ունեն, բայց առանձին-առանձին, այս պետությունները շահագրգիռ են, որպեսզի հարավկովկասյան տարածաշրջանում եւ հատկապես Կենտրոնական Ասիայում թուրքական ազդեցությունը հնարավորինս նվազի, եւ այս տիրույթում մենք ունենք ընդհանուր շահեր: Արաբական երկրների հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, եւ սա նույնպես կարող է արդյունավետ օգտագործվել, էլ չասեմ մեր ավանդական ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի մասին, որի հետ մենք պետք է ունենանք չափազանց սերտ, խորը եւ վստահելի հարաբերություններ:
— Պատերազմն արդեն իսկ թակել է մեր դուռը, այս պարագայում որո՞նք պետք է լինեն Հայաստանի գործողությունները:
— Պետք է նկատի ունենալ մի կարեւոր հանգամանք, այս մասին հաճախ մեզանում չեն խոսում, վախենալով հանրային ընկալումներում ճիշտ չհասկացվելուց, բայց մենք պետք է ապրենք մեկ տրամաբանությամբ` Հայաստանի Հանրապետությունը Մերձավոր Արեւելքի բաղադրիչ է, Մերձավոր Արեւելքում պատերազմները գրեթե մշտական բնույթ են կրել հազարամյակներ շարունակ, եւ մենք էլ այս տարածաշրջանի տեղաբնիկներ ենք: Մենք գիտենք, որ այս տարածաշրջանում թերեւս պատերազմներն ավելի հաճախ են, քան խաղաղության ժամանակահատվածները, հետեւաբար՝ այս տարածաշրջանում պետություն կառուցելու, զարգացնելու տեսլականը պետք է իր մեջ մշտապես ներառի պատերազմի վտանգին պատրաստ լինելը, եւ այդ սպառնալիքին եւ մարտահրավերին արժանի դիմակայելը` պատերազմին պատրաստ լինելով հաղթելու տրամաբանությամբ: Մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում ապրում, զարգանում եւ հզորանում են միայն այն պետությունները, որոնք ապրում են հենց այդ տրամաբանությամբ: Պատերազմից վախենալը, պատերազմի սպառնալիքը չնկատելու տալը որեւէ օգուտ չի բերում, հետեւաբար, պետք է արձանագրել, որ` այո՛, պատերազմներ մշտապես լինում են եւ մեր տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանն» էլ, ցավոք սրտի, երկարատեւ բնույթ չեն կրում: Ուստի` մենք պետք է մշտապես պատրաստ լինենք այդ պատերազմին, այլ ոչ թե վախենանք այդ պատերազմից: Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորմամբ վարչախումբը չի դադարելու առաջ գնալուց եւ իր լկտի վարքագիծը չի դադարեցնելու` մինչեւ մռութին հարված չստանա, այդ հարվածը պետք է հասցվի: Մենք յուրաքանչյուր օր ու ժամ պետք է պատրաստվենք այդ հարվածը հասցնելու, պետք չէ գոյատեւել, գոյատեւելու համար պետությունների անհրաժեշտություն չկա, մեր տեսլականը պետք է լինի, հզոր, զարգացող Հայաստանը, որը պետք է սարսափ լինի թշնամիների համար: Հետեւաբար, այս տեսլականը պետք է առաջ մղենք` իր ճանապարհային քարտեզով, ռեսուրսային հաշվարկներով, բոլոր այն բաղադրիչներով, որոնց պետք է բնորոշվեն պետական կառավարման համակարգը, այդ կառավարման համակարգի կառուցվածքը եւ միջոցները ու, բնականաբար, մեր ազգային տեսլականը:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=252435&l=am/