Փաշինյանը հույս թող չունենա, չի հասցնելու փախնել. Հայկ Մամիջանյան
Ներքաղաքական
Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչած մի շարք հայտարարությունների եւ հնչեցված թեզերի վերաբերյալ ՔՊ-ականների «կրկներգի» մասին զրուցել ենք Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ:
«ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՂԱՎ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ 15-ԻՑ ԱՎԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ»
— Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին ՀԱՊԿ-ի վերաբերյալ, Ազգային ժողովում եւս մեկ անգամ հաստատեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս: Սակայն, ըստ Պապիկյանի, «եթե դուրս եկողներ կան, ՀՀ-ից են դուրս գալիս» եւ դրանով մտահոգ են: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյա՞նն է պատրաստվում ՀՀ-ից դուրս գալ, թե՞ իրականում նպատակն այն է, որ այնքան վատ իրենց դրսեւորեն` մինչեւ ՀԱՊԿ-ը դադարեցնի Հայաստանի անդամակցությունը:
— Առաջին հարցի հետ կապված` միանգամից ասեմ` Փաշինյանը հույս թող չունենա, չի հասցնելու փախնել: Երկրորդ` այն, ինչ տեղի է ունեցել դեռեւս 2018-2019 թվականներին, նաեւ ամիսներ շարունակ ու օրեր առաջ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայի հրաժարումով, հստակ տարանջատման քաղաքականության դրսեւորում է, որով հայկական կողմը փորձում է ցույց տալ իր մոտեցումը ՀԱՊԿ-ին: Մի զուգահեռ, եթե թույլ տաք, տանեմ. հիշեցնեմ, որ պաշտոնական Երեւանը, պատճառաբանելով քաղաքական գնահատականի բացակայությամբ, հրաժարվեց ՀԱՊԿ փոխօգնության, աջակցության ծրագրից, որը, ըստ այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի, պարունակում էր նաեւ սպառազինության աջակցություն: Առկա են նաեւ այլ դեպքեր, մասնավորապես` նախորդ երկամսյա ԵՄ դիտորդական առաքելության ժամանակ եղավ հրադադարի ռեժիմի 15-ից ավելի խախտում, որի վերաբերյալ չեղավ քաղաքական գնահատական, բայց հաջորդ առաջարկությանը Հայաստանը համաձայնեց: Իհարկե, ես կողմ եմ ցանկացած միջազգային ներգրավվածության, որն իրապես նպաստում է Հայաստանի եւ Արցախի անվտանգության համակարգերի ուժեղացմանը, ուղղակի, ուզում եմ ցույց տալ, թե ինչքան երկակի ստանդարտներ են գործում այս պահին:
— Ըստ էության, հերթական անգամ ձեռքերը լվանալով` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը պետք է պատասխանի` ի՞նչ ճակատագիր է ուզում իր համար: Այս հարցի պատասխանը դեռ հայտնի չէ՞:
— Արցախը դրան պատասխանել է, ընդ որում` վերջին երեք ամիսը պատասխանում է հերոսական զրկանքներով, տոկունությամբ` շրջափակման մեջ պայքարելով թե՛ սեփական, թե՛ ՀՀ անվտանգության համար: Այնպես որ, Արցախն իր խոսքն ասել է, ուղղակի, Հայաստանի կառավարիչները լսել չեն ուզում: Այո՛, Նիկոլ Փաշինյանը վերահաստեց, որ «ձեռքերը լվանում է» Արցախից, հիմա` մեր բոլորի հերթն է` խոսք ասելու:
«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ»
— Բայց Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ` Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է…
— Հիշեցնեմ, որ Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին փաստարկում արված է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում: Իր ասուլիսի ժամանակ նա պետք է հայտարարեր, որ իր կառավարության ծրագիրը գոնե այդ մասով ձախողել է: Եվ եթե Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով վատթարացնում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք այսօր հասել են պատմական նվազագույնի: Ինչո՞ւ է Արցախի հարցի կարգավորման այնպիսի ձեւաչափ ընտրվում, որտեղ ՌԴ-ն ներկայացված չէ: ՀՀ իշխանությունները հրաժարվեցին Արցախի հարցի կարգավորման Ռուսաստանի առաջարկած սկզբունքից, ըստ որի` Արցախի կարգավիճակի հարցն առաջիկային է թողնվում: Այս իրողությունները հակասում են ՌԴ-ի` Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին Նիկոլ Փաշինյանի պնդումներին:
— Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խուսանավեց ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ իշխանական շրջանակներից էլ սկսել են քննարկել, թե իր պաշտոնավարման տարիներին ե՞րբ է Սերժ Սարգսյանը հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ հիմա էլ նույնն ուզում են լսել Նիկոլ Փաշինյանից:
— Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ, այդ թվում՝ նաեւ միջազգային ամբիոններից է հայտարարել, ԵԽԽՎ-ում հաստատ ասել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Հորդորում եմ այդպիսի հարցեր բարձրացնողներին հետեւել բանակցային հետագծին, որտեղ դա կարմիր գիծ էր: Հիշեցնեմ նաեւ, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահները Փաշինյանին մի քանի անգամ ասել են, որ Ադրբեջանն ընդունում է կամ համակերպվել է, հասկանում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԱՍԵԼՈՒ, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵՔ»
— Ի վերջո, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական ուղերձը, ինչը կարելի է համարել, որ նորություն էր:
— Եկել էր վերջնականապես ասելու, որ իր վրա հույս չդնեք, ավելի լայն բացեց օվերտոնի պատուհանը, որը արդեն բացված է: Նաեւ եկել էր առաջ տանելու այն թեզը, որը նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թելեց` ասելով, թե Փաշինյանն ի՞նչ մեղք ունի պատերազմի պարտության մեջ, 5-րդ շարասյունն է մեղավոր: Միակ ճիշտ բանը, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, այն էր, որ Հայաստանն ու Արցախն իրապես գտնվում են Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիայի շատ բարձր վտանգի առջեւ:
— Պարոն Մամիջանյան, իսկ ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է նախատեսում ընդդիմությունը:
— Այս հարցին խոսքերով պատասխանելն արժեք չունի, այստեղ էական են գործերը, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միշտ պատրաստ է եղել, այժմ էլ պատրաստ է մասնակցել ցանկացած ընդդիմադիր գործընթացի: ՀՀԿ-ի առաջնային նպատակն է իշխանափոխությունը: Համոզված եմ` եթե բոլորը միասնաբար եւ իրապես ձգտեն իշխանափոխության, գործը գլուխ կգա: Ես ու իմ գործընկերները մասնակցել ենք անգամ հանրահավաքների, որտեղ հարթակից մեզ են փնովել, այսօր էլ պատրաստ ենք այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք ՀՀԿ-ին փնովելով են քաղաքական դիվիդենտներ հավաքում` դուրս գալ փողոց նրանց հետ, եթե գործընթացն իրապես ընդդիմադիր լինի:
— Ի դեպ, տարածաշրջանում վերջին զարգացումներով պայմանավորված` մի շարք փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ Հայաստանը փորձելու են դարձնել երկրորդ Ուկրաինա: Ի՞նչ կասեք այս մասին:
— Եկեք պետությունների անուններ չտամ, բայց ասեմ, թե այս հարցի շուրջ ինչ եմ մտածում: Բոլոր այն երկրները, որոնք երբեւէ համարձակվել են սեփական երկրի տարածքում սեփական շահերը դարձնել աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման թատերաբեմ, շատ վատ ավարտ են ունեցել կամ ունենում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=251066&l=am/