Խիստ վտանգավոր եմ համարում Արցախի նախագահի փոփոխության գործընթացի կազմակերպումը հիմա. Գրիգորյան
Ներքաղաքական
Արդեն երկու ամսից ավել Բերձորի միջանցքը շրջափակված է թշնամու կողմից, եւ այս պայմաններում փետրվարի 13-ին Սահմանադրության փոփոխության նախագիծ է ներկայացվել ԱՀ Ազգային ժողովի քննարկմանը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձնահատկությունների վերաբերյալ: «Իրավունքի» հետ զրույցում սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց, որ այս պարագայում, եթե Արցախում նպատակ կա իշխանությունը փոխել, ապա այն պետք է իրականացվի անցնցում` պահպանելով Սահմանադրությունը:
— Արցախի ժողովրդի համար այս աստիճան օրհասական պահին որքանո՞վ է կարեւոր օրենսդրական այս նախաձեռնությունը:
— Արցախը ԽՍՀՄ սուբյեկտներից ամենալեգիտիմն է դուրս եկել նրա կազմից, Արցախն իր անկախության համար պայքարել է, այդ թվում` լեգիտիմ ու օրինական սահմանադրական ճանապարհով պայքար մղելու միջոցով, հետեւաբար անհրաժեշտ են, որպեսզի կառուցակարգերը պահպանվեն: Եթե Արցախում նախագահի ընտրության վերաբերյալ փոփոխություններ են կատարվում, ապա պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որ Արցախն այժմ պատրաստ չէ նոր ընտրությունների, հետեւաբար խնդիրը պետք է լուծել ոչ թե ընտրությունների տեսակի փոփոխություններ կատարելու, այլ ներքին համաձայնությունների գալու միջոցով: Արցախի իշխանությունները եւ քաղաքական ուժերը, վստահ եմ` լավ են հասկանում, որ իրենց մոտ իրավիճակը մի քանի անգամ ավելի լարված է, քան՝ ՀՀ-ում:
— Կհեռանա՞ Արայիկ Հարությունյանը:
— Եթե Արայիկ Հարությունյանը մտադիր է պաշտոնաթող լինելու միջոցով ազատվել այն պատասխանատվությունից, որն իրեն պետք է վրա հասնի, ապա դա ձախողված փորձ է, որովհետեւ՝ իր անունը պատմության ու փաստերի մեջ պահպանվելու է` որպես ստեղծված իրավիճակի պատասխանատուներից մեկը:
— Արցախի նախագահի փոփոխությունը որքանո՞վ կազդի իրավիճակի փոփոխության վրա:
— Բերձորի միջանցքի ապաշրջափակման համար առաջին հերթին պետք է պայքարի ՀՀ ղեկավարությունը, որը նման քայլեր, կարծես թե, չի կատարում, ավելին` քանի որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, այդ հարցը առաջին հերթին լուծման է ենթակա ՀՀ-ում, բայց հաշվի առնելով ՀՀ ժամանակավոր իշխանության դիրքորոշումը եւ նրանց համագործակցությունը Արայիկ Հարությունյանի հետ` խիստ վտանգավոր եմ համարում նմանատիպ գործընթացի կազմակերպումը հիմա:
— Շրջափակված Արցախի համար ներկա դրությամբ ՀՀ իշխանության քայլերը որո՞նք պետք է լինեին:
— Շրջափակումը պատերազմի տեսակներից մեկն է, մի ամբողջ հանրապետություն շրջափակվել է չորս կողմից, չկա որեւէ ճանապարհ` Արցախ օգնություն հասցնելու համար, թե ռուս խաղաղապահների ջանքերով ինչ օգնություն է հասցվում, հարցի մյուս կողմն է: Քանի որ հարցը տարածաշրջանային մակարդակից դուրս է եկել ու հասել է միջազգային մակարդակի, այս պարագայում իշխանությունը Հայաստանում պետք է փոխվի, որովհետեւ՝ իշխանությունը, կարծես, վատնել է որոշ դաշնակիցների, գործընկերների հետ ունեցած վստահությունը: Հայաստանը հիմա չունի լավ հարաբերություն ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Արեւելքի, ո՛չ կոնկրետ ինչ-որ պետության հետ, իսկ Ադրբեջանի կողքին կա կանգնած Թուրքիա: Եվ Հայաստանը այս պահին չի կարող մրցակցել ու պատերազմել Թուրքիայի հետ, այդ թվում` աշխարհաքաղաքական դիվանագիտության մակարդակում, ուստի` Հայաստանն ունի Մեծ յոթնյակի կամ Մեծ քսանյակի անդամ պետություններից մեկի աջակցությունը ստանալու կարիք, որն էլ կներկայացնի Հայաստանը եւ Հայաստանի հետ միասին կպայքարի Թուրքիա-Ադրբեջան տանդեմի դեմ:
— Դեռ բանակցային ճանապարհով հնարավո՞ր է Բերձորի միջանցքը բացել:
— Բանակցություններն արվում են ուժի կիրառման մտադրություն ցույց տալու հիմքով, եթե դու ունես ուժ ցույց տալու հնարավորություն, կամ ունես ուժ, որի մասին բոլորը գիտեն,այն այլեւս ցուցադրելու կարիք չկա, ապա բանակցում են, բայց երբեք չեն բանակցում նրա հետ, ով պատրաստ է ամեն ինչ հանձնել:
Ս. ԱՍԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=249071&l=am/