Սեյսմիկ ռիսկի տեսակետից այս պահին ամենավտանգավորը մայրաքաղաքն է, կարող է գրանցվել մինչեւ 9 բալանոց երկրաշարժ. ԱԻՆ պաշտոնյան ՀՀ-ում առկա սեյսմիկ իրավիճակի մասին
Հանդիպում
Հայաստանը, գտնվելով բարձր սեյսմակայունություն ունեցող գոտում, գրեթե միշտ ակտիվ սեյսմիկ վիճակում է։ Տարածաշրջանում ժամանակ առ ժամանակ կրկնվող երկրաշարժերը որքանո՞վ են վտանգավոր բուն Հայաստանի համար և ի՞նչ է անհրաժեշտ անել՝ կանխելու երկրաշարժի աղետալի հետևանքները Երևանում և Հայաստանի այլ բնակավայրերում։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սեյսմիկ պաշտպանության մասնագետ, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանի հետ։
-Պարո՛ն Նազարեթյան, վերջին շրջանում մեր տարածաշրջանում ակտիվացել են երկրաշարժերը։ Ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվացումը։
-Մեր տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը, միշտ ինչ-որ ժամանակ սկսում է սեյսմիկ տեսակետից ակտիվանալ, լինում է նաև համեմատաբար պասիվ, հանգիստ ժամանակաշրջան։ Մենք ունենք երկրաշարժային մի քանի օջախային գոտիներ, որոնք համարյա անընդհատ ակտիվ են։ Դրանցից մեկը Ջավախքի լեռնաշղթան է, որը Հարավային Կովկասում համարվում է թույլ ցնցումների քանակով ամենաակտիվ տարածքը։ Այստեղ՝ ամբողջ Կովկասում, անընդհատ լինում են թույլ ցնցումներ, ինչը երկրաբանական կառուցվածքի հետ է կապված։ Այսինքն՝ սա բնական պրոցես է։ Վերջին ժամանակների ցնցումները, որոնք 4,5 կամ 6 բալ էին, ինչից հետո նաև եղան 100-ից ավելի հետցնցումներ, բնական են։ Մյուս օջախային գոտին, որն էլի անընդհատ ակտիվ է, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օջախային գոտին է։ Այստեղ 1988-ի դեկտեմբերի 7-ից մինչև հիմա գրանցվել է մոտ 14,000 հետցնցում, և այդ հետցնցումների գործընթացը չի մարել։ Սա բացառիկ երևույթ է, և գիտության մեջ էլ կարևոր է, որովհետև մասնագետների մեծ մասը կարծում է, թե ուժեղ երկրաշարժից հետո 2-3 տարվա ընթացքում հետցնցումները մարում են, և պրոցեսը դրանով ավարտվում է։ Այդպես չէ։ Սպիտակի երկրաշարժից անցել է 32 տարուց ավելի, բայց օջախային գոտում միշտ հետցնցումներ կան։ Իհարկե՝ թույլ են, բայց երբեմն լինում են զգացվող երկրաշարժեր։ Երկրաշարժերի քանակը չի նվազել, միշտ այդ հետցնցումները կան։
Առհասարակ, մեր տարածաշրջանը բավականին բարդ է, մի քանի տեկտոկանակ երկրաշարժներ ծնող գոտիներ ունենք` Անատոլիան, Կովկասը եւ Իրանը: Այստեղ պարբերաբար գրանցվում են թույլ եւ ուժեղ ցնցումներ: Այդ բեկվածքը ՀՀ տարածք չի մտնում, գնում է դեպի Վանա լճի արեւելք, ապա դուրս գալիս Սեւ ծովից ներքեւ` Սամսունգ, Տրապիզոնից մի քիչ հարավ դուրս գալիս Ստամբուլի մոտով ու մտնում Էգեյան ծով: Դա մեր տարածաշրջանի երկրաշարժներ ծնող ամենաուժեղ բեկվածքն է, որի մագինտուտը 8-8.5, որը հղի է մինչեւ 11 բալանոց երկրաշարժով:
-Անդրադառնանք բուն Հայաստանի տարածքում այսօր առկա սեյսմիկ իրավիճակին:
-Բուն Հայաստանի տարածքում սեյսմիկ իրավիճակը նորմալ է, նորմալ սեյսմիկ ֆոն է նաեւ ՀՀ-ին հարակից շրջաններում, ինչպես օրինակ Ջավախքում, որը ամենակատիվ թույլ երկրաշարժներով գոտին է Կովկասում:
Իհարկե, ունենք օջախային գոտիներ բուն Հայաստանում, դրանք են` Վրաստան-Հայաստան սահմանում առկա օջախները, Սպիտակի օջախային գոտին, բարձր սեյսմիկ ակտիվության գոտի ունենք Սեւան լճին մոտ` Սեւան քաղաքից դեպ Շորժա ձգվող հատվածում, շատ ուժեղ երկրաշարժի գոտի ունենք Դվինի մոտ` Գառնիի օջախային գոտին է, որի ազդեցության գոտում գտնվում է նաեւ մայրաքաղաք Երեւանը: Եվ վերջին ակտիվ սեյսմիկ գոտին Զանգեզուրին է, որտեղ 1931 թ.-ին գրանցվել է մոտավորապես Սպիտակի կարգի երկրաշարժ, եւ 1968թ. 8 բալանոց: Այնպես որ ՀՀ տարածքների մեծ մասը սեյսմիկ վտանգների տեսակետից ունենեն բարձր վտանգի գոտի: ՀՀ-ում կարող են գրանցվել մինչեւ 9 բալանոց երկրաշարժեր, փոքր տարածքներ կան, որտեղ 8 բալանոց երկրաշարժի վտանգ կարող է գրանցվել:
-Այս պահին ՀՀ-ում ուժեղ ցնցումների վտանգ տեսնո՞ւմ եք` հաշվի առնելով տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը:
-Շատ լավ հարց տվեցիք, որին պետք է պատասխանեմ մասնագիտորեն: Մենք բոլոր քաղաքների համար ունենք սեյսմիկ ռիսկի քարտեզներ, Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում հատուկ մեթոդիկա ենք մշակել, դրանով գնահատել ենք սեյսմիկ ռիսկը։ Այսինքն՝ նոր երկրաշարժի հնարավոր հետևանքները՝ որ շենքերը կփլուզվեն, ինչքան զոհ կլինի, ինչքան վիրավոր, որ կենսապահովման գծերը՝ ճանապարհներ, կոյուղագծեր, ջրագծեր, գազի գծեր, էլեկտրամատակարարման գծեր, շարքից դուրս կգան կամ կվնասվեն և այլն։ Այդ բոլորի հանրագումարը կոչվում է սեյսիկ ռիսկ։ Սպիտակի երկրաշարժի գոտու մյուս քաղաքների համար հաշվարկներ ենք կատարել։ Այս պահի տվյալներով անհանգստացնող նախանշաններ չունենք:
-Մենք պատրա՞ստ ենք Հայաստանում դիմակայել բարձր ուժգնությամբ երկարաշարժի։
-Շատ օրախնդրային հարց եք տալիս, սեյսմիկ ռիսկի տեսակետից այս պահին ամենավտանգավորը մայրաքաղաքն է, որովհետեւ հատկապես 1957-1988թ.թ կառուցված բազմաբնակարան շենքերը խիստ սեյսմիկ խոցելի են: Համ նախագծվել են 8 բալի համարմ համ կառուցվել են անորակ եւ նախագծային թերություններով եւ այլն: Այդ բոլորի հանրագումարում կարող ենք հստակ ֆիքսել, որ ամենամեծ սեյսմիկ վտանգը գտնվում է Երեւանում: Երևանի ռիսկը 3 անգամ գնահատվել է՝ 1992 թվականին պրոֆեսոր Բալասանյանի կողմից, հետո՝ 2012-ին, ճապոնացիները և սեյսմիկ ծառայության մասնագետներն ավելի մանրամասն, համատեղ գնահատեցին Երևանի սեյսմիկ ռիսկը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտն ու «Գեոռիսկ» կազմակերպությունը երրորդ անգամ գնահատեցին, իսկ վերջերս մեր մշակած մեթոդիկայով ես գնահատել եմ հատկապես բազմաբնակարան շենքերի սեյսմիկ ռիսկը, այսինքն՝ այդ շենքերից քանիսը կդիմանան 9 բալանոց երկրաշարժին, քանիսը՝ ոչ, ինչքան զոհ կլինի, և այլն։
-Պարոն Նազարեթյան, ի՞նչ անել, եթե գտնվում ես բարձրահարկ շենքում` վազել ներքեւ, թե պատսպարվել պատի տակ, մինչեւ անցնի ցնցումը:
-Հարց, որին անհրաժեշտ է, որ տիրապետեն բոլորը. ի՞նչ անել, երբ սկսվում է ուժեղ ցնցումը. ՀՀ-ում կարող է մինչեւ 7.5 մագինտուտ երկրաշարժ գրանցվել, որի տեւողությունը հասնում է մինչեւ 40վարկյանի, ոչ ավել: Այսինքն` ուժի հետ ցնցման տեւողությունը մեծանում է: Ուրեմն ի՞նչ անել 40 վարկյանում, եթե լինի ամենաուժեղ երկրաշարժը բազմաբնակարան շենքում գտնվելու ժամանակ. 1-3 հարկի բնակիչներին խորհուրդ է տրվում արագ դուրս գալ շենքից, ինչո՞ւ վերեւի հարկերին այդ խորհուրդը չենք տալիս, որովհետեւ նախ չեն հասցնի եւ երկրորդ` մեր բազմաբնակարան շենքերի ամենախոցելի հատվածներից մեկը սանդղահարթակներն են: Եթե դու 7-րդ հարկում ես իմաստ չունի դուրս գալը, որովհետեւ սանդուղքներն արդեն իսկ փլուզված կլինեն:
-Պարոն Նազարեթյան, ես գիտեմ, որ այլ երկրներում կան ռետինամետաղական հենարաններ, որոնցով ապահովված շենքերը սեյսմամեկուսացվում են երկրակեղևից, և երբ երկրաշարժ է լինում, միայն երկրակեղևն է տատանվում, իսկ շենքը մնում է իր տեղում։ Կնշեք՝ սեյսմակայունության ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում մեզ մոտ։
-Մեզ մոտ ևս ռետինամետաղական հենարաններ կան, պրոֆեսոր Մելքումյանի շնորհիվ նույնիսկ դրանց արտադրություն կազմակերպվեց, որոնք կոչվում են ռետինամետաղական բարձիկներ։ Դրանք արտասահմանից 500 դոլարով էին բերում, մեզ մոտ արտադրությունը կազմում էր 350 դոլար։ Օրինակ՝ 4 մուտքանի շենքի տակ դրվում էր 60-70 բարձիկ։ Այդ բարձիկները հոյակապ բան են, նվազեցնում են շենքի վրա սեյսմիկ ազդեցությունը 1-2 բալով։ Այդպիսի շենքեր կան կառուցված և՛ Սպիտակում, և՛ Վանաձորում, և՛ Գյումրիում, և՛ Երևանում։ Սա լավ մեթոդ է, բայց, չգիտեմ ինչու, չի զարգանում մեզ մոտ։ Առավել ևս, որ այս մեթոդով բնակչությանը տարհանելու կարիք չկա։ Այլ միջոցներ ևս կան՝ մենք ունենք ճկուն հարկերի տեխնոլոգիա, որը սեյսմիկ ծառայությունում է մշակված․ լրացուցիչ հարկ են դնում վերևում, որը տատանումների ժամանակ շենքը տանում է հակառակ ուղղությամբ, այսինքն՝ թույլ չի տալիս, որ շենքի տատանման ամպլիտուդը մեծանա, և շենքը փլուզվի։
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
https://iravunk.com/sim/?p=248122&l=am/