1988 թվականին ամեն ինչ այլ էր` հիմա ազգը քնած է, հայրենասիրությունն էլ` ընկրկած. Արցախի ժողովրդական արտիստ
Տեսանյութեր«Իրավունքի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, ով որպես մտավորական նախ կիսվեց Արցախը հայկական պահելու իր բանաձևով.
-Առաջին հերթին ես կցանկանայի, որպեսզի Արցախում ապրող բոլոր արցախցիները ոչ մի ժամանակ ոտքը դուրս չդնեն Արցախից: Դա ամենակարևորն է: Մնան Արցախում, ամուսնանան, շատ զավակներ ունենան, Արցախը շենացնեն, որպեսզի մենք կարողանանք Արցախը պահել ամուր ձեռքերի մեջ:
-Պարոն Հարությունյան մենք գիտենք, որ հայ ժողովուրդը երբեք չի կոտրվում, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը շարունակում է հոխորտալ, որ Արցախի ժողովուրդը պետք է հաշտվեն, որ նրանք այլևս Ադրբեջանի քաղաքացիներ են: Դուք որպես Արցախցի ինչպե՞ս կպատասխանեք դրան:
-Ոչ մի դեպքում արցախցին չի համակերպվի այն մտքի հետ, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Ոչ մի դեպքում: Ամենամանուկին էլ, որ հարցնե ինքը կհրաժարվի դրանից: Գիտե՞ք ինչն է ամենից կարևորը, որ այս երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանում հայատյացություն են սերմանել ժողովրդի մեջ: Հիմա չեմ հասկանում ինչպես կարող են հայատյաց ժողովուրդը ապրել մի սուրբ ժողովրդի հետ, այդպիսի բան չի լինի:
-Պարոն Հարությունյան, որ պահին մեր մեջ հայրենասիրությունը ընկրկեց:
-Այնպես չէ, որ հայրենասիրությունը միանգամից մեռավ, 2018 թվականից սկսած տարբեր կերպ այդ հակահայրենասիրական քարոզն առաջ տարան, և այսպես եղավ։ Կամաց-կամաց եկանք հասանք այս օրերին, հիմա հայրենասիրության պակաս շատ կա, քնած են, ճիշտն ասած՝ շատ են քնած, ժողովուրդը, ազգը շատ է քնած։
1988 թվականին ամեն ինչ այլ էր, այն ժամանակ հայրենասիրության ոգին ուրիշ էր, հիմա ժողովրդին մաս-մաս են արել՝ բաժանել են 2-10 մասերի, ամեն մեկն իր կողմն է ձգում։ Երեկվա հանրահավաքը շատ կարևոր էր, որպեսզի բոլորը մեկ բռունցք դառնան։ Մեկ մտքի են փաստորեն, ինչպես 1988 թվականին են ոտքի կանգել մեկ նպատակի համար, հիմա էլ տարբերություն չկա, ասում են՝ պատմությունը կրկնվում է, եկել հասել ենք նույն վիճակին։ Ստացվում է, որ 30 տարի ինչ արել էինք՝ զրոյացվել է, հիմա նորից ենք սկսում, տեսնենք՝ ինչ է ստացվելու
-Ո՞ւմ հետ եք կապում Արցախը հայկական պահելու այս տեսլականը:
-Քանի որ արդեն ըստ երևույթին Հայաստանը ոնց որ թե ձեռք է քաշում Արցախից, որը շատ ցավալի և անընդունելի է, ապա մենք մեր հույսը փաստորեն այսօր կապում ենք միայն Ռուսաստանի հետ: Ռուս խաղապահներն են այսօր մեր հանգիստը պահում: Մեր սահմանները փաստորեն մեր երիտասարդների հետ միասին ռուսներն են հսկում, բայց փաստ է, որ գլոբալ հաշվով ռուսն է այսօր մեր անվտանգության երաշխիքը:
-Այսինքն` Հայաստանի իշխանությունների հետ այլևս հույս չե՞ք կապում:
-Ճիշտն ասած անձամ ես հույս չեմ կապում: Ես քաղաքագետ չեմ, քաղաքականությունով չեմ զբաղվում, բայց այս բոլոր ամեն ինչը տանում է նրան, որ Հայաստանից սպասելիք ունենալը` երկնքից աստղ իջեցնելու նման երազանք է դարձել:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
https://iravunk.com/sim/?p=240550&l=am/