«Ես հիմա իմ հարազատ Ադրբեջանում եմ, ինձ հետ կապվել անգամ չփորձե՛ք, վտանգավոր է».Ինչ է ասել Շահին Մուստաֆաեւը համադասարանցիներին. Բացառիկ զրույց
Հանդիպում
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաեւը։ Վերջինս ծնվել ու դպրոց է գնացել Հայաստանում։ Շահինի հայրը Ջուջեւան է տեղափոխվել Ադրբեջանի գյուղերից մեկից, անասուն է պահել: Շահինը (ծննդականով՝ Շահեն) ծնվել է 1965-ին՝ Հայաստանում, մինչեւ 9-րդ դասարանը սովորել է գյուղի դպրոցում, 9-10-րդը՝ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում, ապա տեղափոխվել Երեւան եւ մինչեւ երրորդ կուրս սովորել Երեւանի պետական համալսարանում: Նա գերազանց տիրապետում է հայերենին, լավ գիտի հայոց պատմությունն ու հայերի նիստուկացը։
Շահին Մուստաֆաեւի եւ նրա ընտանիքի մասին ուշագրավ մանրամասներ է մեզ ներկայացրել նրա ուսուցչուհին` Անուշ Ալեքսանյանը, ով դասավանդել է ոչ միայն Շահինին, այլ նաեւ նաեև երեք քույրերին: Տիկին Ալեքսանյանը պատմում է.
-Ջուջեւանում նա Շահեն էր, ըստ փաստաթղթերի, այդ հետագայում է Շահենը Շահին դարձել: Շահինի հայրը՝ Աբդըլան, Ջուջեւան է եկել, երբ հազիվ 16 տարեկան էր: Նա անասնապահ է աշխատել գյուղի կաթնաանասնապահական տնտեսությունում: Այստեղից էլ Աբդըլան խորհրդային բանակ է զորակոչվել: Ծառայությունն ավարտելուց հետո ամուսնության նպատակով փախցրել է 16-ամյա Մահուզարին: Հարս գալուց հետո կինը գյուղի թռչնաֆերմայում էր աշխատում: Աբդըլայի եւ Մահուզարի նախնիները Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղայմախլի գյուղից են եղել: Ամուսինները 3 աղջիկ եւ մի տղա են ունեցել: Ավագ աղջիկը՝ Լալազարը, Վանաձորում ավարտել է բժշկական ուսումնարան, որից հետո աշխատանքի է անցել Նոյեմբերյանի շրջանի սանէպիդկայանում: Շահինը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ջուջեւանի 8-ամյա դպրոցը, ապա՝ Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգը՝ ստանալով ոսկե մեդալ: Գյուղում ադրբեջանական միակ ընտանիքն էին: Մուստաֆաեւների ընտանիքը կենցաղով, տանը տիրող մաքրությամբ չէր տարբերվում հայերից: Մուստաֆաեւներն աշխատասեր էին, լավ էին վաստակում, հերթագրվել եւ «Ժիգուլի-2106» էին գնել, որը Շահենն էր վարում: Ադրբեջանական ընտանիքի անդամները հայկական սովորույթներով էին առաջնորդվում, սակայն իրենց տանը, ինչպես ասացի, միայն ադրբեջաներեն էին խոսում:
Ինքը Շահենը, շատ էր սիրում Հայոց պատմությունը, գրականությունը, ընտանիքեւմ խոսում էին ադրբեջաներեն, մայրը ազգայնական էր, հայրը` ոչ այդքան: Մայրը այն աստիճան ազգայնական էր, որ ասում էր, եթե հայ տղայի ուզեն աղջինկներս` կմորթեմ տեղում, բայց այ հայ հարս կբերեմ, որ ադրբեջանցու նման դաստիարակեմ:
Աշակերտ Շահինը ժամանակին շատ էր սիրում Հայաստանը, անգամ շարադրություններից մեկում` Հայաստանի մասին գրելիս «Հայատանս» բառն էր օգտագործում: Նա շատ էր տարբերվում իր քոևյրերից, ովքեր մոր նման ազգայնական էին, մշտապես ադրբեջանիցիների շահերն էին առաջ քաշում անգամ դպրոցական տարիներին:
Շահինի ուսուցչուհին հիշում է.
-Մի անգամ դպրոցում աշակերտներին հանձնարարված էր Թուրքիայի վերաբերյալ գրավոր առաջադրանք: Աշակերտներից մեկը Թուրքիան փոքրատառով է գրել: Շահենի կրտսեր քույրը՝ Գյուլնարան, ի նշան բողոքի՝ փոքրատառով է գրել Հայաստան անունը: Սակայն Մուստաֆաեւ ընտանիքի անդամները վիրավորվում էին, երբ ջուջեւանցիները նրանց, սովորույթի համաձայն, թուրք էին կոչում: Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվել էին, գյուղի մի քանի երիտասարդներ Մուստաֆաեւների ընտանիքին խորհուրդ են տվել հեռանալ Ջուջեւանից: Նույնիսկ օգնել են ամբողջ ունեցվածքը բեռնատարին բարձել: Գյուղի սովխոզն էլ գնել է նրանց տունը, ինչը եւս օգնություն էր ադրբեջանցի ընտանիքին: Ազերի ընտանիքը ոչ մի արժեքավոր բան չի թողել, ոչ մի կորուստ չի ունեցել, վնաս չի կրել: Նույնիսկ իրենց գոմի դուռն է տարել Ադրբեջան: Գինի ստանալու համար իրենց արդեն ճզմած խաղողն էլ, որին տեղացիները վրացիների նման «ճաճա» են ասում, չեն թափել, այլ տեղափոխել են Ղազախի Բաղանիս-Այրում գյուղ՝ օղի թորելու:
Հայաստանից հեռանալուց հետո Շահինի հետ փորձել են կապ հաստատել նրա համադասարանցիները, սակայն վերջինս կտրականապես արգելել է երբեմնի ընկերներին նրա հետ կապ հաստատել. «Մոռացեք, ես հիմա իմ հարազատ Ադրբեջանում եմ, ինձ հետ կապվել անգամ չփորձե՛ք, վտանգավոր է», առաջին ու վերջին անգամ հեռանալուց հետո ասել է Շահինը` նրա հետ կապ հաստատել ցանկացող համադասարանցիներին:
Տիկին Ալեքսանյանը այսօր էլ վստահ է. «Շահենը երբեք հայամետ լինել չի կարող, ցավոք, ես դրանում կասկած չունեմ»:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
https://iravunk.com/sim/?p=240452&l=am/