Օրհասական ժամանակներ ենք ապրում, որոշվում է մեր ճակատագիրը. ԱՀ ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանի ուշագրավ զրույցը
Հանդիպում
Խաղաղության պայմանագիր Մոսկվայի՞, թե՞ Բրյուսելի սցենարով կստորագրվի, սա թերեւս այսօր թիվ մեկ օրակարգային հարցն է: Հիշեցնենք, Մոսկվան հանդես է եկել խաղաղության պայմանագրի այնպիսի նախագծով, որի համաձայն՝ շարունակելու է իր զինված ներկայությունն Արցախում և ընդլայնվելու է Հայաստանի սուվերեն տարածքում։ Այսինքն, սա ենթադրում է Արցախի կարգավիճակի անորոշ հետաձգում, Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի հաստատում բացառապես:
Իսկ, ահա ըստ պայմանագրի եվրոպական նախագծի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հաղորդակցության ուղիները բացվում են, իսկ վերահսկումն իրականացվում է բացառապես այն հանրապետությունների կողմից, որոնց տարածքով դրանք անցնելու են։ Այս տարբերակում էլ,անդրադարձ չկա Արցախի խնդրին, ինչը նշանակում է, որ Հայաստանն այլևս որևէ ազդեցություն չի ունենալու Արցախի ճակատագրի որոշման հարցում:
Ակնհայտ է, որ երկրորդ տարբերակի խաղարկման դեպքում Արցախը մեխանիկորեն կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, ուրեմն, որն է լինելու պաշտոնական Արցախի դիրքորոշում այս իրավիճակում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ԱՀ ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանից, ով նախ նկատեց.
-Նախեւառաջ որեւէ վերջնական, պատրաստի, համաձայնեցված պայմանագիր չկա, այդ ամենը դեռ քննարկման փուլում է: Դրա համար, որպեսզի չմտնենք այս կամ այն դեռեւս չեղած առաջարկը քննարկելու մեջ, միանգամից ասեմ, որ մեր դիրքորոշումը չի փոխվել` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որովհետեւ Ադրբեջանի կազմում մենք ունենք մեկ ապագա` հայաթափում, կործանում եւ այլն:
-Պարոն Բաբայան, այնուամենյսնիվ ակնհայտ է, որ հայաստանյան իշխանությունները կարծես սահուն քայլերով գնում են դեպի Բրյուսելյան տարբերակ...
-Գիտեք, մտածել, թե որ տարբերակով են գնում կամ ենթադրել, դա պետական կառույցներին հարիր մոտեցում չէ: Մենք պետք է ոչ թե զգացմունքներով առաջնորդվենք, այլ պետք է ամեն բանի մոտենանք սառնասրտորեն, փաստերի հիման վրա: Քանի չկա ոչ մի բան, մենք չենք կարող ասել, թե որ տարբերակում ինչ կլինի: Բնական է, որ Ադրբեջանը կուզենա, որպեսզի փոխկապակցի հայ-ադրբեջանական հարաբերերությունների կարգավորումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ, որը ինչ-որ տեղ կապ ունի, բայց չպետք է այս տեքստով փոխկապակցվի: Այսինքն հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավումը չպետք է լինի ի հաշվի Արցախը Ադրբեջանի մաս կազմելուն: Որովհետեւ կրկնում եմ` սա բերելու է Արցախի կործանման, իսկ Արցախի կործանումից հետո անխուսափելի է նաեւ ՀՀ-ի կործանումը:
Ի դեպ, այս համատեքստում ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ հայ ժողովուրդը ունի բացառիկ հնարավորություն տարբեր երկրների հետ լավ հարաբերություններ պահպաննելու, քանի որ ունենք սփյուռք: Ինչը նշանակում է, որ մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ պահպաննել բոլոր այն երկրների հետ, որտեղ ունենք սփյուռք: Նորմալ, կրթված, գրագետ, ողջամիտ հայը չի կարող լինել հակառուսական, հակաամերիկյան, հակաֆրանսիական կամ հակաիրանական: Հիմա, ՌԴ-ում, որտեղ ապրում է երեք միլիոն հայ, հակառուսական հայը ո՞ւմ է առաջին հերթին վնաս տալիս` իր պետականությանը, իր ժողովրդին, իր շահերին: Էլ չեմ ասում, որ ՌԴ-ն միակ ուժն է, որի շնորհիվ Արցախը գոյություն ունի: Ստացվում է, որ հակառուսական հայերը ուզում են, որ Արցախը գոյություն չունենա՞, իսկ դա կրկնում եմ բերելու է հայոց պետականության կործանմանը: Միառժամանակ մենք չենք ասում, որ մենք պետք է լինենք թշնամի ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հետ: ԱՄՆ-ում էլ ունենք երկու միլիոն հայ, ի՞նչ է պետք է իրենց հետ հարաբերությունները խարխլենք, խզե՞նք, ինչի՞ համար: Մենք այս օրհասական ժամանակներում, երբ որոշվում է մեր ճակատագիրը պետք է իմաստուն լինենք եւ սառը դատենք:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
https://iravunk.com/sim/?p=239735&l=am/