Ալիևյան սրիկայություն է այդ պահանջը, որին ձայնակցում է Թուրքիան.«Զանգեզուրի միջանցքն» ու Էրդողանի բաղձալի երազանքը
Հանդիպում
Ամեն գնով Զանգեզուրի միջանցքին հասնելու թուրք-ադրբեջանական տանդեմի բաղձալի երազանքի, թուրքական գործիչների դեմ դրված տաբուների, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ի նպաստ Ադրբեջանի օգտագործելու Էրդողանի նենգ քայլերի մասին զրուցել ենք Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով նախ փաստեց.
-Հայաստան-Թուրքիա հարաբերությունները շարունակում են սառած վիճակում մնալ: Այդ ուղղությամբ որևէ զարգացում չկա: Հայաստանի մեջ այդ հարցով փոթորիկներ են ծավալվում, բայց Թուրքիայում այդ թեմայի մասին ոչ մի քննարկում չկա, օրակարգ չկա: Այդ թեմաները Թուրքիայում քննարկվող թեմաներ չեն, անգամ Փաշինյան-Էրդողան հանդիպմանը այստեղ որեւէ կարեւորություն չտվեցին, զուտ պաշտոնական հաղորդագրությամբ սահմանափակվեցին: Տպավորություն է, որ թուրք քաղաքական գործիչների համար տաբու է դրված խոսելը հայ-թուրքական հարաբերությունների մասին: Մինչ այժմ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպուների իրական բովանդակությունը հանրությանն անհայտ է: Այդ հանդիպումներից ոչ մի էական բացատրություն չկա, և քանի որ չկա, քննարկումներ էլ չկան: Անհրաժեշտ է, որ երկու երկրների միջև հարաբերությունների Հաստատման համար երրորդ երկրները չմիջամտեն, օրինակ՝ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները տեղի չունենան այլ երկրում: Շատ սխալ ռազմավարություն է ընտրվել, և շատ կարևոր է, որ երկու հատուկ ներկայացուցիչների հանդիպումները կայանան հենց իրենց երկրների մայրաքաղաքներում՝ առանց երրորդ երկրի հովանավորության:
Ստամբուլահայ խմբագրի դիտարկմամբ.
-Ապաշրջափակումը Թուրքիայի միակողմանի որոշումն է, և Թուրքիան պետք է նույնկերպ էլ վերացնի այդ որոշումը: Սա թրքական դիվանագիտություն է՝ միակողմանի որոշում կայացնել ու այդ որոշումից հրաժարվելու համար պահանջներ ներկայացնել: Հայաստանը չպետք է ընդունի նման վարքագիծը և այդտեսակ սակարկությունների մեջ չպետք է մտնի Թուրքիայի հետ: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը և սահմանները փակելը Թուրքիայի որոշումն են, այդ որոշումը չեղարկելու համար Հայաստանը բանակցելու կարիք չունի: Թուրքիան սատանայական քաղաքականություն վարած կլինի, եթե ասի՝ եկեք փոխադարձ զիջումներ անենք, Հայաստանը փոխադարձելիք բան չունի:
Դիտարկմանը՝ թերևս ադրբեջանա-թուրքական պահանջը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է մեր զրուցակիցը նկատում է.
-Միջանցք հասկացությունը անկախ պետականության համար ընդունելի չէ, դա սպառնալիք է երկրի անկախ պետականությանը: Չի կարող այդպիսի բան լինել, աշխարհի ոչ մի երկիր չի ընդունում նման բան: Ալիևյան սրիկայություն է այդ պահանջը, որին ձայնակցում է Թուրքիան: Հայաստանի համար անընդունելի երևույթ է:
https://iravunk.com/sim/?p=239299&l=am/