Անվտանգային համակարգը ջարդուխուրդ են անում՝ պատմելով Հոռոմ տատի հեքիաթները, թե ՆԱՏՕ-ն մեզ կփրկի. Աբովյան
ՏեսանյութերԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել էր Թուրքիայի Բարթըն նահանգի Ամասրա քաղաքի շրջանում գտնվող ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին, որին արձագանքել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ շնորհակալություն հայտնելով անկեղծ ցավակցությունների համար: Հետ չմնալով Միրզոյանից` թուրքերին ցավակցել էր նաեւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը: Այս եւ մի շարք այլ թեմաների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր, քաղաքական մեկնաբան ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄՈՏ ԶԱՐՄԱՆՔԻ ՓԱՌԱՏՈՆ Է»
— Փաստորեն, արդեն անկեղծ ցավակցություններ եւ շնորհակալություններ են միմյանց շռայլում Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները: Իրենց համար «խաղաղությունն» արդեն եկե՞լ է:
— Մնում էր իրար պաչիկներ փոխանցեին: Իհարկե, կարող էին ցավակցել, ես այստեղ ավելի շատ կսեւեռվեի ոչ թե ցավակցությունների փաստի վրա, որ հայաստանյան իշխանությունները փորձում է հիմա էլ դիրքավորվել, թե իրենք քաղաքակիրթ, լուրջ դեմքեր են, այլ այն հանգամանքի, որ քաղաքակրթություն են փորձում խաղալ վայրենիների հետ, որոնք նույնիսկ իրենց ուղղված ցավակցությունը չեն հարգում: Մարդկային տեսանկյունից կարելի է հասկանալ, որ 40-ից ավել մարդ է զոհվել, եւ Հայաստանը ցավակցել է, բայց նվազագույնը Չավուշօղլիի պատասխանի մեջ ակնհայտ դիվանագիտական մեսիջ կար առ այն, որ իրենք նույնիսկ հայաստանյան իշխանությունների բարի ժեստին կրկին արձագանքում են թուրքավարի: Ինչպես գիտեք իրենք «Արարատ» անունը չեն արտաբերում, նենգափոխում են, ինչ-որ լկտի ձեւակերպումներ են տալիս: Եվ այստեղ էլ Չավուշօղլիի շնորհակալական խոսքի մեջ ասված էր` «հարգելի նախարար», այսինքն` նույնիսկ չեն տալիս Արարատ Միրզոյանի անունը: Խնդիրը նրա անձի հետ չէ կապված, այլ, պարզապես, իրենք «Արարատ» անունը չեն արտաբերում, իսկ մնացածն արդեն ածանցյալներն են ընթացող գործընթացների: Ու այսքանից հետո հայաստանյան իշխանությունները դեռ զարմանում են: Եթե ֆիքսել եք, վերջին մեկ ամսվա ընթացքում իշխանության մոտ զարմանքի փառատոն է, որի ընթացքում իրենք զարմանում են, որ Արցախն էին ուզում, տվեցին, հայ զինվորների գնդակահարության վրա աչք փակեցին, բայց էլի թուրքը ուզում է պատերազմել: Գնդակահարության հետ կապված ամեն հարթակում դրա մասին խոսելը ելք չէ: Դրանից հետո՝ նվազագույնը պետք էր պրահայան հանդիպումներից հրաժարվեին կամ Աստանայում տեղի ունեցած գործընթացներն այլ կերպ առաջ գնար:
— Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Արեւելյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառության մեջ է» եւ նշել, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ու ի՞նչ եղավ: Ի պատասխան Փաշինյանի բղավոցին, թե` ախպեր, հեսա, բոլոր սահմանները բացել ենք, եկեք, թուրքն ու ադրբեջանցին ասում են՝ այ ընկեր, մեզ պետք չի գանք, սահման պետք չի, մեզ պետք է դուրս գաք այդ տարածքից կամ վերանաք: Այս կոնտեքստում շատ հետաքրքիր է, թե ինչպես են մեկնաբանում նույն իշխանությունները, օրինակ, Ադրբեջանի պետական դոկտրինը: Ընդ որում` այն ինչ-որ մարգինալների խոսք չէ, այլ սեւը սպիտակի վրա գրված է, որ իրենք Երեւանը համարում են իրենց քաղաքը, ձեւավորվում են Սյունիքի հետ կապված ինչ-որ Հյուսիսային Զանգեզուրի կառավարություն: Այսինքն՝ պետական մակարդակով Ադրբեջանում գործընթացները գնում են դեպի այն, որ այդ պետությունը նախապատրաստում է դիվանագիտական եւ իրավական բազիս ստեղծել` Հայաստանը մասնատելու համար:
«ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱՏԵԼ»
— Փաստացի այսօր սեղանին դրված է մի կողմից` 2020 թ. նոյեմբերի 9-ին ռուսական տարբերակով ստորագրված հայտարարության փաստաթուղթը, մյուս կողմից` արեւմտյան տարբերակով Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հայտարարությունները: Ո՞ր տարբերակով է հնարավոր լինելու դուրս գալ ստեղծված իրավիճակից` նվազագույն կորուստներով:
— Եկեք ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանն ու այս իշխանությունն էլ ոչինչ չեն ընտրում, իրենց ինչ դեմ են տալիս, ստորագրում են: Իրենք հիմա ցնցումների մեջ են եւ ընտրում են այն տարբերակը, որը պայմանականորեն կերաշխավորի իրենց իշխանության երկարաձգումը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն աբսուրդը, որ ՀՀ իշխանությունները փաստացի ոչ թե ներքաշվեցին, այլ ներքաշեցին խոշոր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խաղացողների առճակատման Հայաստանում: Յուրաքանչյուր բանականություն ունեցող քաղաքական ֆորմացիա փորձում է խաղալ ոչ թե հակասությունների, այլ ընդհանրությունների վրա: Ընդ որում՝ ունիկալ իրավիճակ էր ստեղծվել տարածաշրջանում, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի եւ Չինաստանի ընդհանրություններն այստեղ բավականին ակնհայտ էին` այն առումով, որ բոլորին էլ ձեռնտու չէ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը միանան, որովհետեւ իրենց համար նվազագույնն ուժեղագույն մրցակից կձեւավորվի տարածաշրջանում: Մինչդեռ այս իշխանությունները այդ ընդհանրությունները որոշեցին դնել մի կողմ եւ ընկնել ցնցումների մեջ, իրենց պատեպատ տալ, մեկ` ռուսների վրա ինչ-որ մատ թափ տալ, մեկ` Եվրոպայի գիրկն ընկնել: Ում գիրկն ուզում են, թող ընկնեն, խնդիրը սա չէ, բայց երբ բոլորը հիացած խոսում են, թե Եվրոպան ինչպես արձագանքեց սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, ուզում եմ հարց տալ` իսկ հետո ի՞նչ եղավ: Ադրբեջանի հետ գազային պայմանագրերից հրաժարվեցի՞ն, թե՞ Ալիեւի դեմ պատժամիջոցներ կիրառեցին: Իհարկե, խորին շնորհակալություն բոլոր միջազգային ատյաններին, որոնք պատշաճ մատնանշեցին, թե ով է ագրեսորը, բայց պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե ուկրաինական կողմը հրապարակեր մի տեսանյութ, որ գերիներին գնդակահարում են: Նույն այդ կառույցները հիմա արդեն Ռուսաստանին բմբլահան էին արել, բայց արի ու տես, որ մեր պարագայում Ադրբեջանի վրա մատ թափ տալով` թեման փակեցին:
— Բայց այնպես չէ, որ ոչինչ չեն արել: Արեւմուտքը ԵՄ մոնիթորների առաջատար խումբ է ուղարկել, որոնք երկու ամիս ժամկետով տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով եւ դիտորդական առաքելություն իրականացնեն…
— Եկեք նախ հասկանանք, թե ԵՄ-ն ինչո՞ւ է ուղարկել, որ հասկանա՞, թե Ադրբեջանի կողմից ագրեսիա եղել է կամ` ո՞չ: Եթե դրա համար է ուղարկել Հայաստան, այդ դեպքում` ինչո՞ւ էր դատապարտում Ադրբեջանին: Փաստացի գիտեին, որ Ադրբեջանն է առաջինը խփել, ինչն ակնհայտ փաստ է: Հետեւապես ժամանած ԵՄ առաքելության ֆունկցիան ոչ մի կապ չունի հայ-ադրբեջանական գործընթացների հետ: Նրանց ֆունկցիան է ամրապնդել ոչ միայն Հայաստանում, այլ առհասարակ տարածաշրջանում արեւմտյան վեկտորը եւ երկրորդ` կարծում եմ՝ սրացում կլինի, որից հետո արդեն կգան ԵՄ ռազմական «դիտորդները» ՆԱՏՕ-ի կողմից: Իսկ այս ամենը զուգորդվում է կատաղի հակառուսական պրոպագանդայի հետ: Ոչ ոք չի հերքում, որ ռուսներն էլ ունեն բավականին լուրջ մեղք այս գործընթացի մեջ, քանզի օբյեկտիվ պատճառներով զբաղված են Ուկրաինայում եւ հաճախ պատշաճ ուշադրություն եւ գնահատականներ չեն տալիս, բայց սա բնավ չի նշանակում, որ մենք պետք է գնանք ինքնասպանության` Ռուսաստանին տեսականորեն դուրս մղելով տարածաշրջանից, ինչն առանց մեծ պատերազմի չի ստացվի:
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ ԱԿՆՀԱՅՏ ՖԱՇԻՍՏՆԵՐԻ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ»
— Ասում եք, որ ՌԴ-ն էլ ունի բավականին լուրջ մեղք այս գործընթացի մեջ, քանզի օբյեկտիվ պատճառներով զբաղված է Ուկրաինայում: Իսկ Հայաստանը, բացի հակառուսական ակցիաներից Երեւանի փողոցներում, ի՞նչ է արել այս 7-8 ամիսներին, երբ իր ռազմավարական դաշնակիցը հատուկ ռազմական գործողություն էր իրականացնում:
— Ընդգծեմ, որ հենց ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներն են ընդունում, այդ թվում` նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինն է հայտարարել, որ իրենք պետք է ավելի հետեւողական լինեին իրենց դաշնակցին պաշտպանելու գործընթացներում, եւ սա իմ գնահատականը չէ: Այսինքն՝ ռուսները շատ լավ հասկանում են, որ իրենք պետք է ուշադրություն դարձնեն տարածաշրջանի վրա, որովհետեւ այլ կերպ իրենց կփորձեն դուրս մղել: Այստեղ խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական կենտրոնները մեզ խաբում են եւ փորձում հակառուսական տրամադրություններ գեներացնել: Կարծում եմ` առհասարակ Հայաստանում չպետք է լինեն հակա տրամադրություններ՝ լինի հակառուսական, թե հակաամերիկյան, հակաեվրոպական: Մենք պետք է ունենանք միայն հակաթուրքական եւ հակաադրբեջանական տրամադրություններ եւ վերջ:
— Բայց ուղղակի, թե անուղղակի կերպով հակառուսական տրամադրությունները խրախուսվում են իշխանության կողմից: Ինչպե՞ս սա հասկանալ:
— Հայկական հասարակությունում միանգամից վայնասուն է բարձրանում, թե` վա՛յ, ինչու են ռուսները հանդիպում ադրբեջանցիների հետ` այն պարագայում, որ ոչ թե ռուսներն են հանդիպում, այլ ԱՊՀ կամ այլ շրջանակներում տեղի են ունենում հանդիպումներ: Օրինակ, չնայած նրան, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չեն, բայց, ամեն դեպքում, շուկաներն իրար հետ զուգահեռվում են եւ ինչ-որ բանակցություններ են տեղի ունենում: Մինչդեռ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կառավարության շենքում ակնհայտ ֆաշիստների են ընդունում, որոնք կատաղի հակառուսական ուղղվածություն ունեցող, այսպես կոչված, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են: Եկեք դուրս գանք` ռուսամետություն-ամերիկամետություն դիսկուրսից, այլ ընդամենը պատասխանենք մեկ հարցի` ո՞ւմ խաղաղապահ զորքերն են այսօր տեղակայված Արցախում, ո՞ւմ գործոնն է մի քիչ գոնե բալանսավորում իրավիճակը տարածաշրջանում, որ ՀՀ-ի հանդեպ լայնածավալ ագրեսիա չլինի: Իհարկե, միայն եւ միայն ռուսական ռազմական ներկայության շնորհիվ է, ով ինչ հեքիաթ ուզում է պատմի, սա փաստ է: Հիմա ինչպե՞ս կարելի է վերաբերվել այն մարդկանց, ովքեր փորձում են միգուցե ոչ այդքան կատարյալ, բայց Հայաստանի անվտանգային համակարգը ջարդուխուրդ անել՝ պատմելով Հոռոմ տատու հեքիաթները, թե ՆԱՏՕ-ն կգա մեզ կփրկի, ԱՄՆ-ն` կփրկի: Էդ քանի՞ հոգու են փրկել, ձեզ Սերբիայի օրինակը քի՞չ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=239152&l=am/