Այս տարի փառատոնի «տոն» բաղկացուցիչը կլինի մի քիչ համեստ. Արթուր Ղուկասյան

Տեսանյութեր

«Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի դառնում է 20 տարեկան: Հոբելյանական փառատոնը կընթանա հոկտեմբերի 1-ից 8-ը՝ հյուրընկալելով 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի եւ հյուրերի, որոնց թվում են հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոների նախագահներ: Անցած 20 տարիների ու օրեր անց մեկնարկող փառատոնի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Ղուկասյան, կբացե՞ք փակագծերը, թե ինչպիսին է լինելու հոբելյանական փառատոնի մեկնարկը:

— Ես էլ չգիտեմ, որովհետեւ իմ գործընկերները, մեր թիմը պատրաստում են փոքրիկ անակնկալ: Մենք որոշել ենք, որ այս տարի փառատոնի «տոն» բաղկացուցիչը լինի մի քիչ համեստ՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված: Երիտասարդներ են զոհվում, դեռ շարունակվում է այս անհասկանալի վիճակը, եւ ժամանակը չէ, որ մենք անենք այն ամենը, ինչին սովոր ենք: Ամեն դեպքում, ասում ենք, թե տոնում ենք մեր 20-ամյակը, ինչի համար էլ տոնական է մեր ազդագիրը՝ կարմիր գույնով ու տորթով:

— Այս տարի «Հայ Ֆեստը» կրում է՝ «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» կարգախոսը: Որտեղի՞ց այդ վստահությունը, երբ մեր օրերում դժվար է կանխատեսել, թե մեկ շաբաթ հետո մեզ ինչ է սպասվում:

Ճիշտ եք ասում, բայց եթե չփորձենք քայլեր ձեռնարկել, որ լինի ավելի լավը, չի լինի ոչինչ: Մենք միշտ ենք փորձել լինել ավելի լավը, ինչի արդյունքում 2019-2021թթ. Եվրոպական փառատոների ասոցիացիան թվով 715 Եվրոպական փառատոներից «Հայ Ֆեստ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն ընտրել եւ ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

— Ո՞ր երկրներից եք հյուրեր սպասում փառատոնին, եւ ինչպիսի՞ մասնակցություն կունենան:

— Կլինեն ներկայացումներ, կրթական ծրագրեր, վարպետության դասեր, կլոր սեղաններ: Երկու տարի օնլայն ենք անցկացրել փառատոնը եւ հյուրեր չենք ունեցել արտասահմանից, եւ հիմա արդեն լիիրավ օֆլայն փառատոն է մեզ մոտ սպասվում: Իհարկե, դժվարություններ եղան՝ կապված ՌԴ-Ուկրաինա կռվի եւ ադրբեջանցիների ռմբակոծումների պատճառով: Օրինակ, երեք թատրոն պարզապես ասացին՝ չենք գալու:

— Այսինքն՝ խուսափում են Հայաստան գալ՝ համարելով, որ վտանգավո՞ր է այստեղ:

— Այո, ասում են՝ մեր կառավարությունը  խորհուրդ չի տալիս գալ Հայաստան: Միգուցե համարեինք, որ իրենք կերել էին քյաբաբ, թունավորվել էին եւ այդ տեքստը ասացին, բայց քանի որ երեք տարբեր երկրներից թատրոններ ասացին նույնը, դրա համար հավատում ենք, որ դա այդպես է: Թատրոններից բացի, հյուրերից երկու հոգի, որոնք պետք է վարեին վարպետության դասեր, իրենք էլ չկարողացան գալ՝ ասելով  ներողություն, կփորձենք հաջորդ տարի:

— Այդուհանդերձ, ովքե՞ր են այն համարձակ երկրները, որոնք մասնակցելու են փառատոնին:

— Լինելու են Էստոնիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իրանից: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 10 երկիր: Հուսով եմ՝ Ռուսաստանից էլ թատրոնները կգան, որովհետեւ այնտեղ եւս լուրջ խնդիրներ կան:

— Նկատի ունեք, որ Մոսկվայից Երեւան տոմսերի արժեքն աստղաբաշխական թվերի՞ է հասել:

— Ասում են՝ տոմսերն արդեն գնել են, բայց այնտեղ մարդիկ բաժանվել են երկու մասի. կան մարդիկ, որ մտածում են, թե ինչպես գնան երկրից, ինչ-որ մի քանակ էլ կարծում է, որ պետք է մնալ Ռուսաստանում: Ամեն դեպքում, մեզ ասում են, որ գալու են, եւ ամեն ինչ պատրաստ է:

— «Հայ Ֆեստը», փաստորեն, մեր զինվորների տարիքի է՝ արդեն բանակ գնացած-եկած, հասուն տղամարդ: Ինչպիսի՞ն են լինելու փառատոնային գալիք տարիները՝ արդեն ամուսնացնելո՞ւ ժամանակն է:

— Գրեթե չափահաս ենք: Ըստ բժիշկների եւ անթրոպոլոգների, 21 տարեկանում արդեն կարելի է համարել հասուն տղամարդ: Մտածում ենք այն մասին, որ «Հայ Ֆեստը» պետք է շարունակի զարմացնել եւ լինել առաջատար փառատոն: Իսկ առաջատար լինելը նշանակում է ոչ թե որ ամենամեծն ենք, այլ նորարար ենք: Թատերական նորամուծությունները Հայաստան են գալիս հիմնականում «Հայ Ֆեստի» շնորհիվ: Ինչպիսի՞ նոր ժանրեր կան, ի՞նչ է փառատոնը, ինչպե՞ս են աշխատում կամավորների ու հանդիսատեսի հետ, ո՞րն է թիրախային խումբը, որո՞նք են կազմակերպչական հմտությունները… Այս ամենի պատասխանը տվել է «Հայ Ֆեստը»:

— 20 տարիների ընթացքում փառատոնն ամեն կերպ թատերարվեստում կարծրատիպեր էր փորձում կոտրել: Ի՞նչ է փոխվել այսօր:

— Ինչ-որ չափով ստացվել է, որը բավական մեծ տոկոս է կազմում: Այսօր ձեւավորվել է ռեժիսորների նոր սերունդ, որոնք «Հայ Ֆեստի»- տարիքին են, այսինքն՝ այս փառատոնը եղել է նրանց կյանքի մի մասնիկը: Նրանք ավարտում են Թատերական ինստիտուտը եւ արդեն պրոֆեսիոնալներ են, ինչի արդյունքը տեսնում ենք նոր ներկայացումների տեսքով: Փոխվել է նաեւ մասնագետների սպասելիքները, ավելի պահանջկոտ են փառատոների նկատմամբ: Մրցակցություն կա, որը հիանալի է: Հասարակ հանդիսատեսն էլ է դարձել ավելի պատրաստված: Եթե փառատոնի ժամանակ նախկինում տեսնեին, որ բեմում ինչ-որ մերկ մարդիկ վազում են, կատաստրոֆա էր իրենց համար, որից կարող էին ինֆարկտ ստանալ: Իսկ հիմա ասում են՝ դե փառատոնի շրջանակում է, սա ուրիշ է: Մինչդեռ եթե պետական թատրոնի խաղացանկային ներկայացման մեջ տեսնեն կես կուրծք, իրենք կսկսեն նամակ գրել ոչ թե նախարարին, այլ միանգամից Նիկոլ Փաշինյանին, թե՝ այս ի՞նչ է կատարվում մեր սուրբ բեմում, ապականո՛ւմ են…

— Արդեն լրագրողներիս ավանդական հարցն է դարձել Ձեզ՝ գոնե այս տարի  ԿԳՄՍ նախարարությունը հո չի՞ կրճատել փառատոնի ֆինանսավորումը:

— Իհարկե, կրճատել են եւ միշտ են կրճատում: Պետությունն առաջին 4 տարին մեզ չէր աջակցում, հետո սկսեցին աջակցել, եւ հենց դրան հաջորդող տարվանից քիչ-քիչ կրճատում են, ոչ թե ավելանում է: Չեմ ասում Ֆրանսիայում կամ այլ զարգացած երկրներում, բայց նույնիսկ Մոլդովայում հասկանում են, որ եթե ֆինանսավորում ես, ինդեքսացիան լինում է: Մինչդեռ մեզ մոտ կրճատվում է, ինչո՞ւ… Չգիտեմ:

— Կարողանո՞ւմ եք տեղավորվել հատկացված գումարի մեջ:

— Չենք կարողանում, բայց երբեք հույս չենք դրել պետության փողի վրա, պարզապես ճիշտ աշխատելով, արել ենք այն, ինչ կարող ենք: Ուղղակի, հիմա ամբողջ աշխարհում է բարդ իրավիճակ: Ժամանակին հիմնականում գումարներ կարողանում էինք գտնել արտասահմանում՝ տարբեր գործակալություններ, հիմնադրամներ դիմելով, որոնք ֆինանսավորում են իրենց թատրոնները, իրենց պարային, երաժշտական խմբերը: Իհարկե, մենք այդ գումարը չէինք տեսնում, բայց չէինք էլ ծախսում, եւ իրենց միջոցներով էին տարբեր երկրներից մասնակցում փառատոնին: Իսկ հիմա իրենց մոտ էլ են գումարները քչանում, եւ սա էլ է խնդիր:

— 20 տարի տքնաջան աշխատանքի շնորհիվ թատերական արվեստն եք զարգացրել, վերջապես զբոսաշրջիկներ եք բերել Հայաստան: Հոբելյանի առթիվ որեւէ շնորհակալություն չե՞ք ակնկալում պետությունից:

— Զարմանում եմ… Ես, իրոք, մտածում եմ այդ մասին, որ ինձ պետք է շքանշան տան: Սովետը լիներ, վաղուց տված կլիներ: Պարզապես կհարցնեին՝ քանի՞ տարեկան ես, հիսո՞ւն, ու 20 տարի փառատո՞ն ես անում, դե ուրեմն՝  հոբելյանի առթիվ փող չենք տալիս, այլ տալիս ենք սա, դրանից լավ բա՞ն: Չէ՞ որ ես, իհարկե, արժանի եմ ու սա ասում եմ՝ առանց որեւէ կատակի: Ուղղակի, մարդկանց ուշադրությունը դեպի ուրիշ ոլորտ է, չունենք նույնիսկ Մշակույթի նախարարություն, այլ ունենք բազմաոլո˜րտ նախարարություն, իսկ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես միշտ, ինակտիվ է:  Մտածում են, երեւի, «Հայ Ֆեստը» Սիսիանում է տեղի ունենում:

— Բայց դիմե՞լ եք Երեւանի քաղաքապետարանին:

— Իհարկե, դիմել ենք, նույնիսկ խոսել եմ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ: Շատ պատկառելի անձնավորություն է, ասաց, որ գիտի «Հայ Ֆեստի»  մասին, ինձ հեռուստատեսությամբ է տեսել եւ այլն, բայց փառատոնը համընկնում է «Էրեբունի-Երեւանի» հետ, եւ իրենք գումար չունեն: Բա եթե համընկնում է «էրեբունի-Երեւանի» հետ, ու դրա համար գումար ունեք, ավելի լավ չէ՞, որ հերթական կլկլացնող, ինչ-որ անհասկանալի, անլվա մարդու համերգի տեղը, հիանալի ներկայացում լինի, որտեղ թռնում են մարդիկ: 50 հազար հոգի կարող է նայել այդ ներկայացումն ու ասել՝ վաո՜ւ… Լսեց եւ պատասխանեց՝ այո, բայց եկեք մտածենք 2023 թվականի մասին: Ինչեւէ, գոնե այդ մարդը շնորհքով խոսեց հետս, հասկացավ: Ի վերջո, թատրոնը մարսում չի, «Իլոն Մասկի երազանքը» չէ, այլ քաղաքի կենտրոնում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=237728&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ