Պարտավոր ենք երկրորդ ալիքով հեռացնել սրանց, էլ ժամանակ չունենք. Գեւորգ Գեւորգյան
ՏեսանյութերՍոցցանցերում եւ ամենուր բոլորը բոլորին կոչ են անում համախմբել, ոտքի կանգնել եւ վերջապես հեռացնել օրվա իշխանությանը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն, շատերի մոտ այդպես էլ անհասկանալի դարձավ, թե ինչու սեպտեմբերի 15-ին, երբ հոծ բազմություն էր հավաքվել Ազգային ժողովի շենքի դիմաց, այդպես էլ չհաջողվեց իրագործել այն, ինչի համար դուրս էին եկել փողոց: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական, քաղաքական գործիչ, ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ով այդ օրը հարթակում կանգնածների շարքում էր:
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒՆ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ»
— Պարոն Գեւորգյան, ինչո՞ւ մարդկանց ինքնաբուխ բողոքի ալիքը վերածվեց 18 ՔՊ-ական պատգամավորի փնտրտուքի, թե պետք է գտնել նրանց, որ ստորագրեն ու անվստահություն հայտնեն Փաշինյան Նիկոլին: Ձեր գնահատմամբ` սա՞ է այն ճանապարհը, որով հնարավոր է հեռացնել նրան:
— Օրինական, սահմանադրական ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն իրականում չեմ հավատում եւ չեմ ընդունում: Նա հենց Սահմանադրությունը տապալելով է եկել իշխանության եւ 2017 թվականին ընտրված պատգամավորներին տեռորի ենթարկելով է վերցրել Ազգային ժողովը: Վստահ եմ` նա հրաժարական հեշտությամբ եւ իր կամքով չի տալու: Այն լինելու է շատ մեծ ճնշումներով, ու դեռ հարց է` կտա՞ հրաժարական, թե` ոչ: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 15-ին, այդ օրը Նիկոլը պատրաստվում էր արյունահեղություն իրականացնել Ազգային ժողովի դիմաց, բայց իր մոտ չստացվեց: Մարդիկ քաղաքական գիտելիքներ չունենալով` պնդում էին, որ հարկավոր է Ազգային ժողովի դարպասները կոտրել եւ ներս մտնել: Բայց մենք այդ օրինակները տեսել ենք ե՛ւ 1996 թվականին, ե՛ւ 1999 թվականին, երբ մտել էին Ազգային ժողով: ԱԺ-ում ոչ մի պատգամավոր չկար, առավել եւս` ՔՊ-ական: Նրանք փախել էին իրենց բարեկամների ու հարազատների տները:
— Հետեւապես նույնքան անիրատեսական էր ժամանակ տալ ու սպասել, թե 18 ՔՊ-ական պատգամավոր կգան այդտեղ ու իրենց ստորագրությամբ` կմոտեցնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահը: Այդ դեպքում ո՞րն էր իմաստը, որ հարթակում կանգնածներն ու ընդդիմադիր գործիչները ստանձնել էին ոստիկանության դերն ու ԱԺ դարպասների համար էին մտահոգվում:
— Մտնել Ազգային ժողով, երբ այնտեղ ոչ մեկը գոյություն չուներ, վերածվելու էր արյունահեղության` լիներ այն ոստիկանության, թե հատուկ ծառայությունների կողմից: Մի մոռացեք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի առավոտյան, երբ այս իշխանազավթը ստորագրել էր բոլորիս հայտնի կապիտուլիացիոն չարաբաստիկ փաստաթուղթը, մարդիկ մտան կառավարության շենք եւ ի՞նչ արեցին, ինչի՞ հասան, ոչինչի:
«Ո՛Չ ՕՐԵՐ, ՈՒՆԵՆՔ, Ո՛Չ ԺԱՄԵՐ, ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԵՐ ԴԵՄ»
— Իսկ ընդհանրապես ո՞ւր էր սեպտեմբերի 15-ի հանրահավաքի օրը ոստիկանությունը: Ուրիշ ժամանակ մի քանի շարքով պատ են կազմում Ազգային ժողովի դիմաց, ինչո՞ւ այս անգամ գեթ մեկը չկար` դարպասները պաշտպանող:
— Այդ ամենը նաեւ ազդակ էր, որ կոնկրետ պետք էր հասկանալ: Եթե Ազգային ժողովի դարպասներն այլ դեպքերում միշտ ամուր փակված էին լինում, այդ օրը թղթի նման թույլ էին: Այսինքն` մի 5-10 անգամ ճոճելու էիր, պոկվելու էր ընկներ: Իսկ ոստիկանությունը հեռու էր, «զասադ» նստած վիճակում, ինչի՞ համար էր այդպես արված: Մի՞թե Նիկոլը շատ մեծ ցանկություն ուներ, որ ենթադրենք` մտնեմ Ազգային ժողով ու կոնկրետ ինձ կամ իմ ընկերներին մեծ սիրով տար իշխանությունը` իմանալով, որ անկաշառ ենք, եւ մեզ հետ պայմանավորվելն իր համար ֆանտաստիկայի ժանրից է: Ինձ իմ երկիրն է պետք, ինձ չի կարող կաշառել որեւիցե մեկը: Ու այս ամենն իմանալով հանդերձ` Նիկոլը հանգիստ թողնելու էր, որ մտնեինք ու վերցնեինք Ազգային ժողո՞վը, բնականաբար` ոչ: Դեռ մենք մի կողմ, այնտեղ հասարակ ժողովրդի արյուն էր թափվելու:
— Բայց այնպես չէ, որ հիմա արյուն չի թափվում: Սահմանում հարյուրավոր տղերքի արյուն թափվեց ու թափվում է…
— Մեր ընկերներն ու հարազատներն են զոհվում, բայց եթե Բաղրամյան պողոտայում էլ լիներ արյունահեղություն, դրանով խնդիր չէր լուծվելու: Ընդհակառակը` ի շահ Նիկոլի էր լինելու, որից հետո սկսվելու էին ձերբակալություններ, եւ այն ակտիվ ուժը, որը կարող է խնդիր լուծել, որին ժողովուրդը հավատում է եւ կարող է առաջնորդել պայքարի, կոպիտ ասած, նրանց, պարզապես, կհանեին գծերից: Դրանով Նիկոլն ավելի ու ավելի էր ամրապնդվելու: Ասելու էր` ժողովո՛ւրդ, տեսնո՞ւմ եք, որ խուլիգանություն է տեղի ունենում: Հետո գալու էին նրանք, ովքեր դեմագոգներ են ու շարունակելու էին ասել, որ ամեն ինչ պետք է լինի միայն ու միայն սահմանադրական ճանապարհով, համբերեք մինչեւ հասնենք դրան եւ այլն: Ուղիղ ասեմ` այսօր ո՛չ օրեր, ունենք, ո՛չ ժամեր, ամեն վայրկյանն աշխատում է մեր դեմ: Մենք պարտավոր ենք շտկել այն թերություններն ու խնդիրները, որոնք ունեցանք ամսի 15-ին, շտկել եւ երկրորդ ալիքով հեռացնել սրանց, էլ ժամանակ չունենք:
«ՍԱ ՊԱՇՏՈՆԻ ԿՌԻՎ ՉԷ, ԱՅԼ ՊԱՅՔԱՐ Է` ԵՐԿՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ»
— Ո՞ւմ դեմքով ու ինչպե՞ս, որովհետեւ նույն սեպտեմբերի 15-ը դարձավ «լակմուսի թուղթ», եւ երեւաց, թե որոնց առհասարակ մարդիկ այլեւս չեն ցանկանում լսել եւ իջեցրին հարթակից:
— Եթե ժողովուրդը լսում է մեզ ու վստահում, ուրեմն` այդ պատասխանատվությունը ստանձնելով` պետք է արդարացնենք նրանց կամքն ու ցանկությունը, ու մենք պատրաստ ենք արդարացնել, եւ երկիրը փրկել այս անդունդից: Սա պաշտոնի կռիվ չէ, այլ պայքար է` երկրի ազատագրման, որը մենք կարող ենք առաջնորդել, պատրաստ ենք: Եթե կլինեն ավելի լավ ու ուժեղ մարդիկ` առավել հնարավորություններով, մենք ուրախ կլինենք նրանց աջակցել, իրենց հետ միասին պայքարել, որովհետեւ միասնական պայքարի պարագայում կարող ենք սրանց հեռացնենք, ինչը ցույց տվեց հենց ժողովուրդը: Այն մարդիկ, ովքեր իրականում ազնվորեն դուրս էին եկել պայքարի, հիմա էլ կան ու միասնական ուժերով, ժողովրդի օգնությամբ ու Աստծո օրհնությամբ երկրորդ ալիքով վստահ եղեք, որ սրանց կհեռացնեն: Հնարավոր չէ այլեւս սրանց դավադիր քաղաքականությանը դիմանալ, որը բերում է մեր երկրի վերջնական կործանմանը: Հավատացեք, սա ընդամենը մի քանի օրերի խնդիր է:
— Մի կողմից էլ գեներացվում են մեկնաբանություններ, թե այդպես պայքարող եք, ի՞նչ եք անում Երեւանում, գնացեք սահմանում թշնամու դեմ պայքարեք: Ի՞նչ կասեք այս մասին:
— Եղել է, որ զինվորների կողքին եմ եղել, եղել է, որ առաջնորդել եմ: Ընդ որում` եբեք չեմ եղել այն զինվորականներից ու հրամանատարներից, ովքեր ասել են` առա՛ջ: Միշտ ասել եմ` ի՛մ հետեւից… Հիմա ես նման կոչեր չեմ արել հանրային եւ ոչ հանրային, որովհետեւ ինքս չեմ գտնվում այնտեղ ու չեմ էլ ասում` առա՛ջ: Ասողն ինքը պետք է լինի այնտեղ: Դեռ 2020 թվականի 44-օրյա պատեազմից առաջ, սեպտեմբերի 26-ին հրապարակում էի արել եւ ասել էի, որ պատերազմն օրերի ընթացքում լինելու է: Զգուշացրել էի, որ սրանք ունակ են միայն դավաճանության, որովհետեւ 2018 թվականից սկսած սրանց ձեռագիրը ցույց էր տալիս, թե ինչ կլինի: Հիմա նորից եմ նույնն ասում: Այն ժամանակ մարդիկ չէին պատկերացնում, որ դավաճանությունն այս աստիճան է լինելու եւ այսքան ցավոտ: Անկեղծ ասած, ինքս էլ, որպես ռազմական մարդ, հասկանում էի ուր է տանում այս ամենը, բայց իմ մեջ հույսեր էի փափագում, որ չենք թույլ տա, չի հասնի, չի լինի: Բայց, ցավոք, գործող մեխանիզմը շատ ավելի օպերատիվ ու լավ էր աշխատում, քան թե մեր ցանկությունները: Հիմա կարծում եմ` չկա ոչ մի բանականություն ունեցող նորմալ մարդ, ով չի հասկանում, որ մեր առաջին խնդիրը հենց այստեղ է, որովհետեւ այստեղից են պետությանդ դարպասները բացվում կամ փակվում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=237185&l=am/