ԿԱՇՎԵ ՁԵՌՆՈՑԻ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, ապրիլի 21-ին պայքարի մեջ մտած Հայաստանի երրորդ ներկայացուցիչ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, հաղթանակով է մեկնարկել 86 կգ քաշայինների որակավորման փուլում։ Հարությունյանը մենամարտեց Սլովակիայի ներկայացուցիչ Ժոզեֆ Կոստուրի հետ ու համառ պայքարում հաղթեց 4։3 հաշվով։ Մենամարտի առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը նոկդաունի ենթարկեց մրցակցին, ռինգի մրցավարը հաշիվ բացեց։ Չորրորդ մրցումային օրը, վստահ հաղթանակով մեկնարկեցին նաև Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ և 67 կգ ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ 1/8 եզրափակչում Բազեյանը բացարձակ առավելությամբ 5։0 հաշվով հաղթեց ազգությամբ լեհ Յակոբ Կրժպյեդին։ Իսկ Արարատ Հարությունյանը որակավորման փուլում 5։0 հաշվով հաղթեց լեհ Մատեուս Գրեժբերին։ Ափսոս, այս մրցաշարում պարտություններ են կրել Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Դավիթ Չալոյանը և Նարեկ Հովհաննիսյանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ