«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»
Սպորտ
Բելգրադում կայացած Բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ արծաթե մեդալ է նվաճել կաշվե ձեռնոցի մարտիկ Բարեղամ Հարությունյանը։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել արդեն Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Հանդես եկա 48 կգ քաշային կարգում։ Առաջին մենամարտում հաղթեցի Վրաստանը ներկայացնող ադրբեջանցի մրցակցիս։ Մեր երկրում կայացած Եվրոպայի առաջնությանը նրան էին հաղթանակը շնորհել անարդար մրցավարները 2022-ին։ Երկրորդ մենամարտում հաղթեցի ազգությամբ սերբ մրցակցիս Ռադե Յոկսիմովիչին, որը շատ ուժեղ էր ֆիզիկապես, պինդ, թեժ պայքար մղեցի ու հաղթեցի։ Շատերը չէին հավատում, որ կարող էի հաղթել նրան։ Շատ լավ մենամարտ ցույց տվեցի։ Իմ մարզական կարիերայում առաջին անգամն էր, որ դուրս եկա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։
Եզրափակչում, ոսկե մեդալի համար պայքարում մրցեցի Ռուսաստանի ներկայացուցիչ, ազգությամբ հայ Էդմոնդ Խուդոյանի հետ։ Ափսոս պարտվեցի նրան, ինձ խանգարեց վստահությունը, ինչպես նաև ուսի վնասվածք ունեի։ Ամենադժվարը անցավ Վրաստանը ներկայացնող ադրբեջանցի մրցակցի հետ պայքարը։ Հատկանշական է, որ նրան հաղթեցի ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի օրը։ Արդեն պարապմունքներ ենք անցկացնում Օլիմպավանում, ուսումնամարզական հավաքների ենք այստեղ, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ և Օլիմպիական ուղեգիր նվաճել մայիսի 23-ից, Թաիլանդում կայանալիք Օլիմպիական վարկանիշային մրցաշարին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ





