Ֆրանսուհին 80 քմ մակերեսով բնակարանում 159 կատու և 7 շուն է պահել. դատարանը նրան արգելել է այսուհետ որևէ կենդանի պահել
ՀասարակությունՖրանսիայի Նիցցա քաղաքում 68-ամյա բնակչուհին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել իր 80 քմ մակերեսով բնակարանում 159 կատու և 7 շուն պահելու համար։
Ինչպես նշում է Oddity Central-ը, անանուն կինը և նրա 52-ամյա զուգընկերը վիճաբանել են բնակելի շենքում հարևանների հետ՝ իրենց տասնյակ ընտանի կենդանիների պատճառով առաջացած քաոսի և կեղտի պատճառով: Ի վերջո ոստիկանություն է կանչվել, կնոջ բնակարանի վիճակը ցնցել է ոստիկաններին։ Ամենուր եղել է կենդանիների արտաթորանք, բացի այդ, հայտնաբերվել է երկու սատկած կատու և երկու սատկած շուն լոգարանում։ Կենդանիներից շատերը ջրազրկված էին, տառապում էին թերսնուցումից և վարակված էին մակաբույծներով։
Կինն ընտանի կենդանիներին որակել է որպես «իր կյանքի սերը»։ Ֆրանսուհին քննիչներին պատմել է, որ խնդիրը սկսվել է 2018 թվականին՝ ծնողների երեք կատվին և երեք շանն իր մոտ վերցնելուց հետո: Շատ չանցած, նա սկսել է փրկել ու տուն բերել նաև թափառող կատուներին: Ժամանակի ընթացքում կենդանիները սկսել են բազմանալ։
Հոգեբուժական ստուգումից հետո կնոջ մոտ ախտորոշվել է «Նոյի համախտանիշ», որը նկարագրվում է որպես կենդանիներին խնամելու և փրկելու հոգեբանական անհրաժեշտություն նույնիսկ այն դեպքում, երբ մարդն ի վիճակի չէ դա անել: Որպեսզի նա կրկին զոհ չդառնա իր վիճակին, դատավորը ընտանի կենդանիներ պահելու մշտական արգելք է սահմանել կնոջ կնատմամբ: Կնոջը և նրա զուգընկերոջը նաև պարտավորեցրել են ավելի քան 150,000 եվրո վճարել կենդանիների իրավունքների պաշտպանության տարբեր բարեգործական կազմակերպություններին: