Նոր Արեշի պայթյունի առեղծվածը
ՆերքաղաքականՆոր Արեշ 27 եւ 34 հասցեներում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2–րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեւավորվել է քննչական խումբ։ Կան վիրավորներ եւ զոհեր:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հարցաքննվել են դեպքին առնչություն ունեցող եւ հարեւանութամբ բնակվող տների բնակիչները, ստացվել են դեպքի վայրին հարակից տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության: Նախաքննությամբ նախնական, դեռեւս ստուգման ենթակա տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի եւ բնակչի կողմից կրակայրիչը վառելու հետեւանքով: Սակայն, Նոր Արեշում այլ խոսակցություններ են շրջանառվում:
Կան տեսակետներ, որ Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչը միտումնավոր է պայթյունն իրականացրել, քանի որ ունի հոգեկան անհավասարակշռություն: Ավելին` դեպքից մեկ օր առաջ նա սպառնալիքներ է հնչեցրել, նույնիսկ շտապօգնություն են կանչել, բայց նրան չեն տարել: Թե ինչ է արձանագրել շտապօգնությունը` տեսնելով քաղաքացու ագրեսիվ պահվածքը, համենայնդեպս, պաշտոնական տեղեկատվություն այս մասով չկա: Միայն կան պնդումներ, թե նույն այս քաղաքացին պարզապես վերցրել եւ կտրել է գազի ռեզինե խողովակները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ