«ՆՈՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ ԵՄ ՈՒԶՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼ». ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԳԻՆԵՍԻ ԳՐՔԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑ
ՍպորտՕրերս Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի «WBF» վարկածով Եվրոպայի գոտու մրցաշարի ժամանակ մեր երկրի ներկայացուցիչ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Գինեսի գրքի ռեկորդակիր ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑԸ գեղեցիկ հաղթանակ է տոնել ու դարձել «WBF» վարկածով Եվրոպայի չեմպիոն։ Մրցաշարի ժամանակ կայացել է 21 մենամարտ։
Iravunk. com-ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել արդեն հայրենիք վերադարձած Յուրիի հետ։
- Ողջույն, Յուրի ։Շնորհավորում ենք գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ։
- Շատ շնորհակալ եմ ։Հակառակորդս Մոնղոլիայի ներկայացուցիչ Բազարգուր Յուդգերն էր։ Մենամարտը տասը ռաունդ տևեց, հաղթեցի ու դարձա «WBF» վարկածով Եվրոպայի չեմպիոն։ Մինչև հինգերորդ ռաունդը, շատ լավ էր ընթացքը, սակայն պիտի ասեմ, որ իմ կարողություններն ամբողջությամբ չկարողացա օգտագործել։ Որովհետև հինգերորդ ռաունդից թեթև վնասվածք ստացա, իմ նախկին վնասվածքը վերականգնվեց ու ես ստիպված վեցերորդ ռաունդից աշխատեցի ուժերիս կիսով չափ։ Ինձ օգնեց ուժեղ կամքի դրսևորումը, որպեսզի մինչև վերջ շարունակեմ մենամարտը։ Իսկապես, բավականին բարդ մենամարտ ստացվեց, շատ անմոռանալի զգացողություններ առաջացան։ Սա պրոֆեսիոնալ ռինգում իմ հինգերորդ մենամարտն էր ու ամենաբարդը։ Հայաստանից ինձ հետ էին նաև մարզիչներս Արթուր Գալստյանն ու Սարգիս Մկրտչյանը։ Մրցաշարի ժամանակ ինձ աջակցում էին նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները։ Շատ շնորհակալ եմ բոլորից, իմ մարզիչներից, աջակիցներից, մեր հայությունից ։
-Յուրի, իսկ հետագա ծրագրերի մասին ինչ կասես, կան նախատեսված մրցաշարեր։
- Նոր մրցաշարի կմասնակցեմ, սակայն նաև նոր համաշխարհային ռեկորդ եմ ուզում սահմանել. այս անգամ ուզում եմ ատամներով ուղղաթիռ քաշել, եթե հովանավոր լինի։ Մեր երկրին էլ մաղթում եմ, որ խաղաղություն լինի ։Ես նաև Գինեսի գրքի ռեկորդակիր եմ, ուժային եռամարտի Աշխարհի կրկնակի ու Եվրոպայի չեմպիոն։
- Ինչպես ստացվեց, որ սկսեցիր զբաղվել նման բարդ սպորտով։
- Ծնվել եմ Չարենցավան քաղաքում։ Երիտասարդ տարիքից սկսել եմ ծանր առարկաներ քաշել, սեփական ուժերս ստուգելու համար։ 2022-ին Երևանում նոր համաշխարհային ռեկորդ եմ սահմանել, հարթ մակերևույթի վրա 10 մ գծային հեռավորության վրա քաշելով 2 հրշեջ մեքենա 40 տոննա ու 1 զբոսաշրջային ավտոբուս 14 տոննա քաշով։
- Շնորհակալություն, Յուրի, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն «Իրավունք» թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ