Խնդրում եմ մեր ղեկավարությանը` մի քիչ ուղեղ ունեցեք.ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ
ՄշակութայինՕրերս լրացած ծննդյան տարեդարձի առթիվ «Իրավունքը» զրուցել է դերասան ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Կոստանյան, սիրո՞ւմ եք նշել Ձեր ծննդյան տարեդարձը:
— Ընդհանրապես չեմ սիրում, բայց միշտ ստացվում է այնպես, որ հարազատներս, ընկերներս, աղջիկներս, տղաս այդ օրը մի այնպիսի անակնկալ են անում, որ անպայման ծննդյանս տոնը նշվում է: Ես չեմ սիրում ռեստորանային միջոցառումներ: Մեր ընտանեկան բոլոր միջոցառումները աշխատում եմ նշել տանը: Ինձ համար տան ջերմությունն ուրիշ է:
— Այս տարի Ձեր ծննդյան շնորհավորանքներն ինչո՞վ առանձնացան:
— Ես մտածում էի, որպես դերասան, մոռացել են ինձ, բայց շնորհակալ եմ իմ ժողովրդից, ընկերներիցս, հարազատներիցս, որ ծանոթ-անծանոթ իրենց շնորհավորանքներն էին հղում ինձ: Առիթից օգտվելով՝ ձեր թերթի միջոցով շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլորին, որ հիշում են ինձ: Նաեւ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Գեւորգ Արամյանին, որ միշտ կողքիս է իմ կյանքի դժվար պահերին: Նրա հետ ո՛չ ընկերական, ո՛չ բարեկամական կապ չեմ ունեցել, բայց ամեն հարցով օգնում է ինձ: Ուզում եմ նրա ծնողներին շնորհակալություն հայտնել՝ նման որդի դաստիարակելու համար:
— Ժողովուրդը Ձեզ շնորհավորեց, իսկ մշակույթի ոլորտի ղեկավար ատյաններից եղա՞ն շնորհավորանքներ:
— Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորեց: Իրենից շատ շնորհակալ եմ: Իսկ մշակութային մյուս ղեկավար պաշտոն զբաղեցնողներն իրենք ընդհանրապես իրենց չեն հիշում, ինձ որտեղի՞ց հիշեն: Իրենք շատ վատ են աշխատում:
— ԿԳՄՍ նախարարության մշակույթի պատասխանատուները ո՞ր հարցում են վատ աշխատում:
— Նրանք միայն իրենց գրպանի համար են աշխատում: Այսքան հետեւում եմ լրահոսին, չեմ տեսել, որ մշակութային որեւէ դպրոց բացեն կամ մի որեւիցե աշխատանք անեն: Ոչ մի բանի մասին չեն մտածում: Ինձ համար նրանք գոյություն չունեն, որովհետեւ եղած-չեղած մի հաշիվ են: Իրենք էլ են ծերանալու, գոնե պետք է վերաբերմունք ցուցաբերեն մշակույթի նվիրյալներին: Գոնե ծննդյանս օրը թղթի կտորով շնորհավորանք գրեին, ասեին՝ ծնունդդ շնորհավոր: Դա էլ հո փողի հետ չի՞ կապված, որ ասեն՝ բյուջեն փող չկա: Վերջիվերջո, 29 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, գոնե մի շնորհավորանք չլինի՞ նրանց կողմից: Օրինակ, Մալաթիայի թաղապետարանում մշակույթի բաժին կա, որտեղ 11 տարի աշխատել եմ՝ որպես «Ժամանց» մշակույթի կենտրոնի տնօրեն: Մալաթիա համայնքի առաջին աստղային համերգը ես եմ կազմակերպել, որը տեղի է ունեցել Անդրանիկի արձանի մոտ: Ամենասիրված ու ճանաչված աստղերն են եկել երգել: Մշակույթի բաժնից պետք է մոտենային թաղապետին եւ ասեին` այսօր Վլադմիր Կոստանյանի 61-ամյակն է, եկեք զանգենք, ասենք շնորհավոր մեր անունից: Ես չեմ ասում նրանց` սոված եմ, հաց տվեք: Պարզապես այս հարցում պետական մոտեցում պետք է լինի: Չէ՞ որ իրենք էլ են ծերանալու... Օրինակ, Ռուսաստանում կա դերասանների գիլդիա, որտեղ տարեց դերասաններին օգնում են ամեն հարցով: Մեզ մոտ այդ բանը չկա, ու չեն էլ հասկանում, որ պետք է օգնեն արտիստներին, որոնք այսօր ունեն իրենց կարիքը: Դրա համար հասկացող մարդ է պետք, որ այդ ամենը կազմակերպի: Չեմ հասկանում, թե որտեղի՞ց բերեցին այդ ԿԳՄՍ նախարարին...
— Դուք ունեք առողջական խնդիրներ, Ձեր ստացած թոշակով կարողանո՞ւմ եք գոնե մինիմալ խնդիրներ հոգալ:
— 46 հազար դրամով ես կարո՞ղ եմ դեղ առնել, հաց ուտել, բնակարանի կոմունալ վճարները վճարել: Ես նաեւ երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց որեւէ ժամանակ մեր նման մարդկանց տիրություն չարեցին: Ապրում եմ՝ իրենց չնկատելով: Ես խնդրում եմ մեր ղեկավարությանը` մի քիչ ուղեղ ունեցեք, հավաքվեք ու մտածեք նաեւ այն մարդկանց մասին, որոնք ի վիճակի չեն աշխատել: Այս պարագայում գոնե վերաբերմունք ցուցաբերեք: Իրենց այդ վերաբերմունքից տարեց, հիվանդ մարդկանց կյանքը մի քանի տարի կավելանա...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ