Ամուսնացած է, ունի երկու դուստր. Ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին
ՄիջազգայինԵրեկ՝ մայիսի 19-ին, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Վերզեգան քաղաքի մոտ՝ Իրան-Ադրբեջան սահմանի մոտակայքում։
Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները, ինչպես հայտնել ենք, զոհվել են:
Ծագում, կրթություն
Էբրահիմ Ռաիսին 64 տարեկան էր: Նա ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 14-ին Մաշհադում (շիիզմի հետևորդների սուրբ քաղաք, Իրանի հյուսիս-արևելքում) կրոնական ընտանիքում։ Նա ուներ Սեյիդի պատվավոր տիտղոսը, որը ցույց է տալիս նրա պատկանելությունը Մուհամմեդ մարգարեի ժառանգներին:
1975 թվականին ընդունվել է Կում քաղաքի ճեմարանը (շիաների համաշխարհային կրթական կրոնական կենտրոն)։
Այն ավարտելուց հետո սովորել է միջազգային մասնավոր իրավունք Շահիդա Մոթահարիի անվան համալսարանում, Թեհրանում, որտեղ հետագայում ստացել է իրավունքի և իսլամական իրավունքի դոկտորի կոչում: Ուսանողական տարիներին պաշտպանել է միապետությունը տապալելու գաղափարները և մասնակցել 1978-1979 թվականների իսլամական հեղափոխությանը (Իրանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրին միապետության վերացմանը և Իրանի Իսլամական Հանրապետության հռչակմանը)։
Քաղաքացիական ծառայության մեջ
1980 թվականին Էբրահիմ Ռաիսին աշխատանքի է անցել Քերեջ քաղաքի (Թեհրանի արվարձան) դատական գրասենյակում և որոշ ժամանակ անց դարձել այս քաղաքի դատախազը։
1982-1984 թվականներին եղել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Համադան քաղաքի դատախազը։ 1985 թվականին նշանակվել է Թեհրանի դատախազի տեղակալ։ 1988 թվականին Իրանի գերագույն առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի որոշմամբ Ռաիսին հատուկ լիազորություններով է օժտվել Քերմանշահ, Սեմնան և Լուրեստան նահանգներում կրոնական և իրավական հարցերը լուծելու համար։
1989 թվականին նա դարձել է Թեհրանի դատախազը և այս պաշտոնում մնացել մինչև 1994 թվականը։ Այնուհետև 10 տարի ղեկավարել է Իրանի գլխավոր տեսչությունը (ընդհանուր վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանությունների գործունեության նկատմամբ)։
2004-2014 թվականներին Ռաիսին եղել է Գերագույն դատարանի նախագահի տեղակալ՝ պատասխանատու կազմակերպչական և կառավարման հարցերի համար։ 2014-2016 թվականներին եղել է Իրանի գլխավոր դատախազը։ 2016 թվականին նա ստանձնել է երկրի ամենամեծ մահմեդական կրոնական հիմնադրամի՝ Աստանա Քոդսե Ռազավիի ղեկավարի պաշտոնը։
2019 թվականին Ռաիսին գլխավորել է երկրի Գերագույն դատարանը։ Որպես դատական իշխանության ղեկավար՝ նա լայնածավալ արշավ է սկսել կոռուպցիայի դեմ և նախաձեռնել է օրինագծերի մշակում՝ կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու համար:
Նախագահական ընտրություններ
Էբրահիմ Ռաիսին առաջին անգամ առաջադրվել է Իրանի նախագահի պաշտոնում 2017 թվականին, սակայն պարտվել է Հասան Ռոհանիին, ով վերընտրվել էր երկրորդ ժամկետով (38%՝ Ռոհանիի 57%-ի դիմաց):
2021 թվականի հունիսի 18-ի ընտրություններում նա հաղթել է՝ հավաքելով ձայների ավելի քան 60%-ը (Մոհսեն Ռեզաին երկրորդն էր՝ 11,5%)։ Ընդ որում, մասնակցությունը կազմել է 48,8 տոկոս՝ ռեկորդային ցածր ցուցանիշ Իրանի ժամանակակից պատմության մեջ։
Ռաիսին նախագահի պաշտոնը ստանձնել է օգոստոսի 5-ին։
Ռաիսին պատկանում էր ծայրահեղ պահպանողական քաղաքական թևին։ Նա կարծր կողմ էր Արևմուտքի հետ հարաբերություններում, սակայն դեմ չէր Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնմանը (2015թ. Իրանի և միջազգային միջնորդների միջև իրանական միջուկային ծրագրի կարգավորման մասին համաձայնագիրը, որը նախատեսում էր պատժամիջոցների աստիճանական վերացում՝ փոխադարձաբար)։
Իր միջուկային գործունեությունը սահմանափակելու Թեհրանի պարտավորությունները փաստորեն դադարեցին գործել ԱՄՆ-ի դուրս գալուց հետո 2018 թ. իր նախընտրական ծրագրում Ռաիսին կենտրոնացել էր այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են աղքատության նվազեցումը և կոռուպցիայի դեմ պայքարը, նա խոստացել էր չորս տարվա ընթացքում չորս միլիոն նոր տուն կառուցել կարիքավորների համար:
Անձնական տվյալներ
Էբրահիմ Ռաիսին ամուսնացած էր։ Նրա կինը՝ Ջամիլա Ալամոլհոդան, փիլիսոփայության դոկտոր և գրող է (նրա հայրը հայտնի հոգևորական Ահմադ Ալամոլհոդան է)։ Նրանք երկու դուստր ունեն։
Ռաիսին Մաշհադում Իմամ Ռեզայի (շիա սրբավայր) դամբարանի պահապանն էր, Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ուղեկիցը։ Նա հեղինակություն էր վայելում Իրանի անվտանգության ուժերում, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։
2019 թվականի նոյեմբերին Ռաիսին ընդգրկվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում՝ մարդու իրավունքների խախտումների համար։
Ամերիկյան Time ամսագրի վարկածով, Իրանի նախագահն ընդգրկվել է 2021 թվականի աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։