Հրավիրում ենք Նիկոլին ու քաղաքապետին զբոսնել Այգեձորի փողոցներով
ՏեսանյութերԱրդեն ավելի քան 3 ամիս է, ինչ Այգեձորի փողոցները գտնվում են սարսափելի վիճակում: Ընդ որում, նույն փողոցը մի քանի անգամ փորվում է, հետո հողը ծածկվում, տեղ-տեղ ասֆալտի նման բան են անում, հետո սկսում են նորից փորել ու այդպես շարունակ: Այդ ամբողջ հողային աշխատանքները դժվարացնում են մեքենաների ու մարդկանց մոտենալն ինչպես 8-րդ պոլիկլինիկային, այնպես էլ այդտեղ գտնվող երկու դպրոցներին: Բացի այն, որ քարուքանդ փողոցներում ջարդվում են այդ տարածքի բնակիչների ավտոմեքենաները, խցանումները դարձել են գրեթե անընդհատ երեւույթ, շրջակա շենքի բնակիչները ստիպված են շնչել փոշին, որը բարձրանում է շինարարական աշխատանքներից եւ քարուքանդ փողոցներից: Թե ինչ կարելի է գտնել. փնտրել, թե նորոգել երեք ամիս շարունակ, անհայտ է: Բնակիչները եւ դպրոցների կոլեկտիվներն ու սաները հույս ունեին, որ գոնե մինչեւ սեպտեմբերի 1-ն այդ քարուքանդ վիճակը կդադարի եւ փողոցը վերջապես կստանա նորմալ ասֆալտե ծածկույթ: Սակայն՝ ոչ, այսօր հողային աշխատանքները ստացան նոր թափ, իսկ փողոցը դարձավ ավելի անանցանելի: Այնպես որ, առաջարկում ենք, որ Նիկոլը քաղաքապետի ձեռքը բռնած գան ու անցնեն Այգեձորի փողոցներով, մանավանդ, որ դա շատ մոտիկ է Նիկոլի կառավարական ամառանոցին:
Սեփ. լրատվություն